Դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակցո՞ւմ է «Դիմադրության» շարժման հանրահավաքին (լուսանկարներ)
Ֆոտո
ArmDaily.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա Երեւանում մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներից մեկին՝ քայլելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողքով։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեղամ Մանուկյանից, ով ArmDaily.am-ին ասաց՝ Արմեն Բեկթաշյանի հետ իրենց ընկերությունը 30 տարվա ուսանողական ընկերություն է։
«Երբ լուրը ստացվեց Շուշիի ազատագրման, զանգեցի Արմեն Բեկթաշյանի հայրիկին, թե այսօր երեկոյան նաև հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Շուշիի ազատագրման մասին առաջին տեսանյութը և վստահ՝ Արմենն էլ մեջը կլինի։ Հաշված ժամեր անց լուր ստացանք, որ Արմեն Բեկթաշյանը վիրավոր է. գնդացրի կրակահերթից զոհվել էր Լիբանանից Շուշիի ազատագրմանը մասնակցող Վիգեն Զաքարյանը և նույն կրակահերթից Արմեն Բեկթաշյանը նաև ծանր վիրավորում է ստացել, որը երկար տարիներ նրան հետապնդել է։ Արմեն Բեկթաշյանի հետ մեր ընկերությունը 30 տարվա ընկերություն է։ Ինձ համար Արմեն Բեկթաշյանը այդ երիտասարդ ուսանող Արմեն Բեկթաշյանն է, որ կարող էր չմասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու»,- պատմեց Գեղամ Մանուկյանը։
Հարցին՝ արդյոք Արմեն Բեկթաշյանը, լինելով իր ընկերը, կիսո՞ւմ է ընդդիմության քաղաքական հայացքները և մասնակցո՞ւմ է հանրահավաքներին, պայքարին Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Արմեն Բեկթաշյանին ես ամեն քայլափոխի փողոցում կարող եմ տեսնել և տեսնում եմ։ Դատավորները, կարծում եմ, ՀՀ Սահմանադրությամբ քաղաքականապես չեզոք պետք է լինեն և դրա համար, նորից եմ կրկնում, Արմեն Բեկթաշյանի հետ, եթե նույնիսկ հանդիպում ենք, որևէ արարողության ենք մասնակցում, և Արմեն Բեկթաշյանի հետ զրույցը լինում է ավելի շատ հուշերի, միշտ ավելի շատ հայրենիքի մասին, կամ որևէ քաղաքական հարցով, որովհետև ես, Արմեն Բեկթաշյանի քաղաքացիական կեցվածքը ճանաչելով, շատ ուրախ եմ, որ Հայաստանի դատական համակարգում նման մարդիկ կան»։
Փորձեցինք դատավոր Արմեն Բեկթաշյանից պարզել՝ արդյոք հանրահավաքի ժամանակ պատահաբա՞ր էր տեսել Մանուկյանին, թե ակցիայի մասնակի՞ց է եղել, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։
Նշենք, որ դատավորի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը նախատեսված է Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Մասնավորապես, Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է դատավորի ապաքաղաքականացվածությունը. «Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը»։
Քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն պահելու նորմաը սահմանված է նաեւ դատավորի վարքագծի ընդհանուր կանոններով (հոդված 69)
1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.
2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.
3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։
Ապաքաղաքականացված լինելու նորմը այնքան կարեւոր է, որ հակառակի դեպքում պարզապես կարող են դադարեցնել դատավորի լիազորությունները։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածով սահմանված է. «Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`
1) խախտել է անհամատեղելիության պահանջները.
2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ»։