Լրագրողներն առնվազն արժանի են հարգանքի այսօր եւ միշտ. Մամուլի ազատությունը՝ հասարակության եւ պետության ձեոքբերում
Խմբագրական
Այսօր մայիսի 3-ն է՝ Մամուլի ազատության համաշխարհային օրն է:
Սովորաբար այս օրը երկրի բարձրագույն ղեկավարությունը, բոլոր մանրումիջին չինովնիկները ուղերձներ են հղում լրատվամիջոցներին եւ լրագրողներին՝ շնորհավորելով մամուլի ազատության օրը, կարեւորելով լրագրողների դերը եւ նրանց գործունեությունը ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման ճանապարհին։ Այլ հարց է, որ այդ ուղերձներից անդին նրանք ամենօրյա ռեժիմով խախտում են լրագրողների իրավունքները, խոչընդոտում նրանց գործունեությունը, թիրախավորում մեդիաներին։ Հետեւաբար՝ քանի՞ գրոշի արժեք ունեն բոլոր ճռճռան շնորհավորանքները, երբ այդ պաշտոնյաները ոչ գիտակցում են, ոչ կարեւորում մամուլի ազատությունը, ոչ էլ, առավել եւս, հարգում լրագրողին եւ նրա աշխատանքը։
Բայց այսօր Մամուլի ազատության օրը հետաքրքիր կլիներ լսել նախկին լրագրողներին, ներկա պաշտոնյաներին, լսել նրանց դիֆերամբները, կեղծ թեզերը, թե ինչեր են արել մամուլի ազատությունը ապահովելու համար։ Չէ՞ որ միշտ էլ հաճելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը, այս պարագայում՝ ամեն օր քո մաշկի վրա «վայելում ես» այդ ճշմարտությունը։
Այսօր նորից լրագրողները փողոցում են, լուսաբանում են Հայաստանում սկսված բողոքի ակցիաները, բռնության ենթարկվում ոստիկանների կողմից...։ Մինչ նախկինների եւ ներկաների փողոցային պայքարի մեկնարկը՝ լրագրողները ամենօրյա պայքարի մեջ էին խորհրդարանում, որտեղ տոտալ սահմանափակվել է նրանց գործունեությունը օրենսդրական զանազան ակտերով։ Երրորդ՝ գլոբալ առումով մեդիա դաշտում փոփոխությունները եւ իշխանության քայլերը ուղղված են ոչ թե մամուլի ազատության ապահովմանը, պրոֆեսիոնալ մեդիայի կայացմանը աջակցելուն, տնտեսական, գովազդային առողջ միջավայր ապահովելուն, այլ լրագրողների գործունեությունը սահմանափակելուն, անցանկալի լրագրողներից եւ անցանկալի հարցերից ազատվելուն, «կոմֆորտ զոնա» ապահովելուն։ Չորրորդ՝ լրագրողները ամենուր ենթարկվում են վերբալ բռնության, նրանց պիտակավորում եւ վիրավորում են ԱԺ ամբիոնից՝ պատգամավորի, ԱԺ նախագահի, փոխնախագահի մակարդակով, գործադիրից՝ վարչապետի, նախարարի մակարդակով, նրանց կարող են զրպարտել, հեգնել, նվաստացնել, հարվածել եւ մնալ անպատիժ քաղաքական, քրեական եւ բարոյական առումով։ Բավական է որեւէ լրագրող անցանկալի հարց հնչեցնի, անցանկալի միտք արտահայտի, վերջ, կարելի է գրոհել, հարձակման ենթարկել վերջինիս էջը, մեդիան, կենաց մահու կռիվ մղել, ոչ թե փորձել հասկանալ հարցի, հայտարարության պատճառը...սա է մեր հանդուրժողականության մակարդակը եւ մեր հասարակության զարգացման ցուցիչը...։
Իհարկե, շատերը նորից կսկսեն բողոքել լրագրողներից, որ պրոֆեսիոնալ չեն, մանիպուլացնում են, սուտ լուրեր են գրում եւ այլն, բայց արդ, ցույց տվեք մեր երկրում մի կատարյալ ինստիտուտ, համակարգ, երկրորդը կլինի չորրորդ իշխանությունը։
Բայց առնվազն հարգանքի են արժանի լրագրողները, քանի որ նրանք ամենօրյա, ամենժամյա պայքարի մեջ են իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելու համար։ Նրանք պայքարում են աշխատավայրում՝ սկզբունքների պահպանման համար, ընտանիքում՝ սիրելի մասնագիտությամբ աշխատելու համար, պայքարում են ամեն նյութ գրելիս, պետական հիմնարկներ շարունակ զանգելիս եւ անպատասխան մնալիս, պայքարում են, երբ ամեն անգամ ԱԱԾ անիմաստ հարցում են ուղարկում՝ թաքուն հույսեր փայփայելով, որ այս անգամ կպատասխանեն, իսկ 30 օր հետո ստանում են դատարակ թուղթ, պայքարում են, երբ օրումեջ դատարաններից, քննչական մարմիններից անիմաստ գրություններ են գալիս եւ հրավիրվում բացատրություն տալու, պատասխանող ներգրավում եւ այլն։ Լրագրողները պայքարում են, երբ նախկին եւ ներկա իշխանություններին քաղաքացիներին հուզող հարցերից են տալիս եւ պիտակավորումների արժանանում, լրագրողները պայքարում են ամենուր՝ փողոցում, խորհրդարանում, կառավարությունում եւ մեծ ջանքերի շնորհիվ միայն կարողանում դիմակայել...։
Իհարկե, սա լրագրողների կյանքն է եւ նրանց ընտրությունը, բայց մի պահ մտածեք՝ քանիսը ձեզնից օրական միլիոնավոր նեյրոններ կկորցներ հանրությանը տեղեկատվություն հասցնելու համար։ Չէ՞ որ մինչ բոլոր նորմալ մարդիկ ավարտում են աշխատանքը, մոռանում ամեն ինչ եւ վայելում խաղաղ երեկոն սիրելիների հետ, լրագրողները նման վայելքների ժամանակը չունեն, որովհետեւ ինֆորմացիոն հոսքերից դժվար է կտրվել, գնացքը գնում է եւ մեկ-երկու ժամվա «անջատումը» ոչ թե անջատում է հանուն փրկության, այլ անջատումը այս դեպքում նշանակում է մասնագիտության, առաքելության կորուստ։ Նույնիսկ քնած ժամանակ լրագրողը հանգիստ չունի, որովհետեւ մտքում վաղվա իրադարձություններն են, չգրած նյութերն ու չտված հարցերը...։
Այսպիսին է մամուլի ազատության գինը՝ լրագրողի կյանքի, առողջության հաշվին, պայքար՝ սկզբունքների, անկախության, անաչառության, օբյեկտիվության, մասնագիտական պարտքի համար եւ այդ պայքարը ոչ թե անհրաժեշտ է միայն այդ մասնագիտական հանրությանը, այլ առհասարակ եւ առաջին հերթին՝ պետությանը, հասարակությանը։ Որովհետեւ իրապես կայացած, անկախ մամուլ ունենալը առաջին հերթին պետության հարստությունն է եւ այդ պետությունում ժողովրդավարության հաղթանակը։
Իսկ այսօր՝ առավել քան երբևէ, մեծ է լրագրողների դերակատարությունը խոսքի ազատ արտահայտման, քաղաքացիների իրազեկման, հանրային կարծիքի ձևավորման, օբյեկտիվ ճշմարտության արձանագրման գործում: Իբրեւ չորրորդ իշխանություն՝ լրագրողները փորձում են պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները, եւ այս ամենը չգնահատելը առնվազն ճիշտ չէ։
Հետեւաբար՝ այսօր եւ միշտ պետք է գնահատել լրագրողներին եւ նրանց աշխատանքը, հարգանքով լցվել եւ չխոչընդոտել լրագրողական գործունեությունը։
Շնորհավոր մեր տոնը, սիրելի՛ գործընկերներ, թող մամուլի ազատության կայացումն այսքան դեգերումներից եւ դժվարություններից հետո վերջապես անսասան իրականություն լինի, երբ կարիք չի լինի անգամ հետեւել Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսին եւ սփոփվել, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը։ Անցյալ տարի ՀՀ-ն գտնվում էր 63-րդ տեղում։ Իսկ, օրինակ, Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 154-րդ, այ քեզ ձեռքբերում։