Քաղաքացու ողբերգությունը. Տոն, որը մեզ հետ չէ
Խմբագրական
Վաղը՝ ապրիլի 30-ին, Հայաստանում «տոն» է՝ Քաղաքացու օրը։
Այս տոնը ավելացրել է ներկա իշխանությունը՝ ի նշան իր հաղթանակի եւ հեղափոխությամբ իշխանության գալուն։ Ասել է թե սա իշխանությունների տոնն է, ոչ թե քաղաքացու։
Իհարկե, «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում դեռեւս 2019թ փոփոխություններ կատարելիս այն ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, թե տասնամյակներ շարունակ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություն, մինչդեռ անցած տարվա ապրիլին ժողովրդին հաջողվեց իշխանությունը վերադարձնել քաղաքացուն և այն պետք է ամրագրվի: «Գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ ժողովուրդը, քաղաքացին և պետք է նշել Քաղաքացու տոնը», - հայտարարել էր Զեյնալյանը։
Տոնը նշվեց ընդամենը մեկ անգամ՝ խորովածով, փողոցներում ուտուշ-խմուշով, հյուրասիրությամբ, 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այդ օրը չնշվեց:
Հետաքրքիր է՝ այս տարի տոնը նշելո՞ւ են, թե ոչ, ո՞ւմ հետ, ինչի՞ համար, ի՞նչ խորհրդով եւ սրտով։
Ո՞ր քաղաքացին պետք է վաղը տոն նշի, այն, ով իր զավակին, եղբորը, ամուսնուն է կորցրել, իր տնից զրկվել, իր երկրում այլեւս անվտանգ եւ ապահով չի զգում, ամբողջ օրը աշխատում է, չի կարողանում նորմալ ապրել, ամեն անգամ խանութ մտնելիս շոկ է ապրում թանկացումներից, ակցիայի է մասնակցում, բերման է ենթարկվում, տուգանվում է դիմակի, արագաչափի, պարեկի կողմից՝ ամենուր, ամենուր...։ Հիմա այսօրվա քաղաքացին սիրտ ունի՞ որեւէ տոն նշելու, հատկապես երբ այդ տոնը ի պատիվ 2018թ-ին արած հեղափոխության էր, իսկ այսօր առնվազն քննարկման առարկա է՝ հեղափոխությունը տոն էր, թե ողբերգություն։
Երբ այն ժամանակ շատ գործիչներ եւ փորձագետներ հայտարարում էին, որ չի կարելի տոները սեփականաշնորհել, քաղաքականացնել, կապել այս կամ այն անձի հետ, քանի որ դրանց տոն, հաղթանակ լինելը դեռ պետք է ժամանակի եւ պատմության ընթացքում ապացուցվի, հեղափոխական հովերով տարված հասարակությունը սվիններով էր ընդունում։
Արագ-արագ եկան իշխանության եւ օրենքի ուժով ամրագրեցին իրենց հաղթանակի օրը՝ ամենեւին էլ չկռահելով, որ տարիների միջակայքում դա կարող է դառնալ ցասումի, ատելության, հիասթափության, հուսահատության, զղջումի օր...։
Այսօր շատերը զղջում են 2018թ կատարած քայլի համար՝ տեսնելով իշխանափոխությունից հետո ունեցած կորուստները։ Եւ որքան էլ անկատար էր նախկին կառավարման համակարգը, կային բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ, ամեն դեպքում՝ժողովրդական լեզվով ասած՝ մրից ելանք՝ մրջուրն ընկանք, կոռուպցիայից, ալան-թալանից էինք բողոքում, մարդու իրավունքների խախտումից, իսկ այսօր արդեն գոյության, անվտանգության սպառնալիքի, տարածքային ամբողջականության կորստի խնդրի առաջ ենք։
Հիմա 2018թ հեղափոխություն արած շարքային քաղաքացին ատում է իրեն իր քայլի համար, համարում է մեղսակից դրանից հետո պատահած ողբերգություններին, ուր մնաց գնա օրը նշի։
Այս օրը եւ առհասարակ տարվա օրերը պետք է լինեն քաղաքացու օր, եթե քաղաքացին ապրում է կայուն զարգացող, անվտանգ երկրում, նրա իրավունքները պաշտպանված են, կա պետության հոգածություն, քաղաքացու խոսքը որոշիչ եւ կարեւոր է, նա է իշխանության տերը։
Հիմա այս ամենից հետո վաղը իշխանությունը գոնե կարող է քաղաքացուն նվեր անել եւ լռել, ճռճռան ելույթներից, սանձարձակ ստատուսներից մեզ ազատել՝ ավելորդ անգամ չշիկացնելով իրավիճակը, չհիշեցնելով մեզ մեր գործած մեղքի մասին։
Քաղաքացու օրվա առթիվ իշխող քաղաքական մեծամասնությունը կարող է արձանագրել, թե իր իշխանության օրոք քանի քաղաքացի է մահացել, քանի քաղաքացի արտագաղթել, քանի քաղաքացի կորուստներ ունեցել...եւ այդպիսով կարելի է փակել թե տոնի թեման, թե քաղաքացու։