Մաստակի թղթի վրա գրել էի, պայուսակի մեջ դրել.ինչպես է դատավորը սեր խոստովանել, բլից հարցազրույց Ստեփան Միքայելյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին:
Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Դո՞ւք էլ եք մանուկ եղել, ժիր ու սիրունիկ...։
-Ժիր հիմա էլ եմ, սիրունիկ էլ նկարով կորոշես։
Ի՞նչ էիք երազում դառնալ, ի՞նչ դարձաք...։
-Ջութակահար։
Կյանքի դասեր... ։
-Ամեն օր, ամեն վայրկյան։
Դպրոցում դասերից փախչել, կռիվների մեջ ընկնել, ծեծվել, հագուստը պատռել...։
-Եղել են։
Ինչպե՞ս եք սեր խոստովանել...։
-Մաստակի թղթի վրա գրել էի, պայուսակի մեջ դրել։
Խենթ քայլեր, որ արել եք...։
-Եղել են շատ։
Ի՞նչ մեղքեր եք գործել...։
-Շատ դեպքերում մեծերի հորդորը չեմ լսել։
Ինչքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար...։
-Երջանիկ լինելու համար գումար պետք չէ։
Ձեր կյանքի ամենաուրախ եւ տխուր օրը։
-Առաջնեկիս ծնունդը, ծնողներից բաժանվելը։
Սիրելի ուտեստ, դուք խոհանոցում ի՞նչ կարող եք պատրաստել։
-Ռոստբիֆ, մսով համով բաներ եմ սարքում, ինձնից հնարում եմ։
Լինում է, չի լինում...։
Կարմիր գլխարկ է լինում, անունը՝ Ինգա։
Կնոջ ձեր իդեալը։
-Մայրս։
Ինչպե՞ս եք դատում։
-Օրենքով եւ խղճով
Ինչ երբեք չեք արել եւ չեք անի։
-Մարդկանց սոցիալական վիճակից ելնելով տարբերություն չեմ դրել։
Ի՞նչն է ձեզ զայրացնում եւ ամենազայրացած ժամանակ ինչի՞ եք ընդունակ:
-Միջակության համառությունը, ընդունակ եմ իրենց արհամարհել։
Ի՞նչ չեք սիրում:
-Կույր ու գուլ մարդկանց, որոնք միմյանց կոկորդից պատառ են հանում։
Ո՞ւմ եք խղճում:
-Երազել չիմացողներին։
Ինչի՞ համար եք զղջում:
-Որ շատ երեխա չունեցա։
Ե՞րբ եք լռում։
-Երբ գտնում եմ, որ իմ լռությամբ լսարանի ուշադրությունը կգրավեմ։
Ո՞վ է ձեզ հիասթափեցրել:
-Մարդը։
Ի՞նչը կարող է ձեզ հուզել:
-Մարդու անճարակությունը։
Աստծուց բացի ո՞ւմ եք հավատում:
-Իմ ուժերին։
Ինչ-որ բան կա՞, որ ուզում եք:
-Մարդկանց մեջ բարությունը ավելանա։
Կա՞ ինչ-որ մեկը, ում նախանձում եք։
-Երեխաներին։
Ինչի՞ց եք հոգնում:
-Նույնությունից։
Վերջին կարդացած գիրքը:
-«Կարամազով եղբայրները»։
Ձեզ պատմական կամ գեղարվեստական որեւէ հերոսի նմանեցնո՞ւմ եք:
-Ոչ։
Սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:
-Կանաչ, յասաման, աղավնի։
Ինքներդ ձեզանից դժգոհ մնալու առիթներ ունեցե՞լ եք:
-Իհարկե։
Իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, «լեւի» չի գնում, չի վիճում եւ պարզապես գոյություն չունի: Ի՞նչ կասեք:
-Իսկական տղամարդը պետք է լինի նեղուկ եւ ապահովության երաշխավոր։
Ասում են, թե տղամարդը երգում է 3 դեպքում` երբ ամեն ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն ինչ լավ է` ուրախությունից, երբ ամեն ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:
-Էսօր լողանալիս։
Ձեզ կարելի՞ է տեսնել գիշերային ակումբներում, խաղատներում կամ այլ ժամանցի կենտրոններում:
-Խորշում եմ խաղատներից, մնացածը կարելի է։
Ամենաշատը ինչքա՞ն եք խմել, ի՞նչ առիթով եւ ի՞նչ։
-Բժիշկ ընկերներիս հետ, շատ խմել չեմ սիրում։
Զանգ ԲԴԽ-ից...։
-Ինչ-որ հարցի քննարկում։
Խորհրդակցական սենյակում։
-Քննարկում վեճի օրինական եւ հիմնավորված լուծումների վերաբերյալ։
Կաշառք, որը առաջարկել են գործի բերումով։
-Չեն առաջարկել։
Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Բնականաբար ինձ։
Տանը դուք դատավոր եք, կինը՝ մեղադրող, երեխաները՝ վկա՞, թե ամբաստանյա՞լ...ճի՞շտ բաշխեցինք։
-Բոլորն էլ դատավորներ են։
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ե՞րբ ենք քո հետ կապված լավ առիթով ուրախանալու։
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը Ձեզ հարցնում է՝ իրական կյանքում ինչպե՞ս եք պայքարում անարդարության դեմ:
-Արդարությունը բացահայտելով եւ ներկայացնելով։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Շարքը՝ Ինգա Մարտինյանի