Զգույշ, այստեղով վարչապետն է սլանալու, նա այլեւս չի սիրում քեզ եւ չի խոնարհվում քո առաջ, շարքային նախկին հպարտ
Խմբագրական
Երեկ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից հղի կնոջ մահացու վրաերթի ենթարկելու դեպքով իշխանությունը նոր «հակառեկորդներ» է սահմանում, թե էլ ինչ կարող է անել մեզ հետ՝ իբրեւ շարքային նախկին հպարտներ։
Եւ ամենեւին էական չէ, որ արարողակարգի կանոնների համաձայն՝ երկրի ղեկավարի շարասյունը չպետք է կանգնի ակցիաների ժամանակ, ընդհանրապես կարեւոր չէ, որ վրաերթ իրականացնողը եղել է ծառայության մեջ գտնվող ոստիկանության մեքենայի վարորդը, սա այն դեպքը չէ, երբ անհաղթահարելի խոչընդոտ կար եւ ուժի կիրառումը համաչափ էր։
Մենք ունենք փաստ, որ օրը ցերեկով վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը մահացու վրաերթի է ենթարկում հղի կնոջը եւ թողնելով անօգնական՝ հեռանում։ Այսինքն՝ նույնիսկ եթե շարասյունը չէր կարող եւ չպետք է կանգներ, ապա ինչու հետ չեն վերադարձել, չեն փորձել օգնություն ցուցաբերել, գուցե հնարավոր լիներ փրկել կնոջ եւ երեխայի կյանքը։
Ոչ վաղ անցյալում, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «մարդը բարձրագույն արժեք է» եւ ներկայացնում ժողովրդավարության բաստիոն Հայաստանում գրանցած ձեռքբերումները, նշում էր. «Փաստ N91, ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, երբ օրինակ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում եւ այլն, բացի այդ՝ քաղաքացիներին զիջում ենք ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։
Իհարկե, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը կարող է հայտարարել, թե հղի կինը հետիոտնի անցումով չէր անցնում, եթե, իհարկե փաստերը հակառակը չեն պնդում, հետեւաբար՝ վրաերթի մեջ նաեւ ինքն է մեղավոր։ Առհասարակ՝ իշխանության պաշտպանները կարող են անգամ հայտարարել, թե իսկ ինչո՞ւ էր կինը հղի, ինչո՞ւ էր դուրս եկել փողոց, ինչո՞ւ էր ակամայից հայտնվել ընդդիմության հավաքների վայրում։ Ամեն ինչ սպասելի է, որովհետեւ նույն Տարոն Չախոյանը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։
Հարց է առաջանում՝ իսկ Փաշինյանը չի՞ տեսնում՝ ինչպես է երթեւեկում իր «կորտեժը», ում հրամանով են աննախադեպ լկտիությամբ մեքենա վարում՝ վտանգելով մարդկանց կյանքը։ Չէ՞ որ պարբերաբար մամուլում, սոցցանցերում գրվում է, թե ինչպես է այսինչը կամ այնինչը հազիվ փրկվել, քանի որ վարչապետի շարասյունն էր անցնում հրթիռի արագությամբ։
Եթե Փաշինյանը տեսնում է այդ ամենը եւ իր համար ընդունելի է, մտածում է՝ անվտանգությունից ելնող միջոցառումներ են, կարող է գնալ վախ բռնողի մոտ՝ հաղթահարելու իր ֆոբիաները։ Իսկ հետո նաեւ բացատրելու հանրությանը, թե այդ ինչ եղավ ոտքով, մետրոյով, հեծանիվով երթեւեկող, կարմիր լույսի տակ կանգնող վարչապետին, որ արդեն իսկ երթեւեկում է հղի կանանց վրաերթի ենթարկելով։ Այդ ո՞վ էր հայտարարում, թե «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը, ապագա կա, կա ապագա»։ Այդպե՞ս են սիրում, երբ անգամ վրաերթի ենթարկածին օգնություն չես ցուցաբերում, այդպե՞ս են վարվում ընտանիքի անդամի հետ։
Թեեւ այս հայտարարություններից հետո շատ ջրեր հոսեցին, շատ դեպքեր եղան, եւ մենք տեսանք այլ Փաշինյանի, այն, որ հայտարարում էր, թե «զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս–մինուս 50» կամ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։
Այսքանից հետո դեռ հարցեր առաջանո՞ւմ են, թե ում արտոնությամբ եւ ինչու է վարչապետին ուղեկցող շարասյունը ագրեսիվ վարում մեքենան, բռնաբարում երթեւեկությունը, վտանգում մարդկանց կյանքը եւ առողջությունը, պարզապես հիշեք՝ մեզ բոլորին խաբել են՝ մարդը բարձրագույն արժեք չի, չի եղել, չի էլ լինի, ուղղակի Սահմանադրության մեջ չէին կարող բացեիբաց գրել այդ մասին։
Ու երեկվանից հետո, երբ շարքային, ամենաապաքաղաքական քաղաքացու ներաշխարհն անգամ տակնուվրա է եղել վրաերթի կադրերից, հղի կնոջ մահվան լուրից, իշխանական գործիչները խոսում են միջադեպը չքաղաքականացնելու մասին...։ Ինչ քաղաքականացնելու մասին է խոսքը, երբ վրաերթը եղել է անձամբ երկրի առաջին դեմքի ավտոշարասյան կողմից։ Ու թեեւ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից, երթեւեկության կանոններ խախտելուց, բայց, եկեք ընդունենք, որ մեզանից քչերը կթողնեին վրաերթի ենթարկվածին անօգնական եւ կհեռանային։
Իսկ հետո մեքենայի վարորդին կձերբակալեն, մի քանի ամիս անազատության մեջ կմնա, Փաշինյանի շարասյունը կշարունակի նույն ձեւ երթեւեկել մարդկանց վրայով եւ մեղադրել քաղաքացիներին «ոտի տակ ընկնելու, մահանալու մեջ»։
Ի դեպ, որտե՞ղ են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները, խախտում, խնդիր չկա՞, թե պիտի սեռական բռնության դեպք լիներ, տուժողը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ լիներ, խտրականության ենթարկված լիներ, իր զավակին գետը գցած լիներ, որ խոսեին, Փաշինյանի շարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկվելու, անօգնական մնալու մասին խոսելու համար դրամաշնորհ չե՞ն տալիս։
Եւ քանի որ մեր կյանքի իրավունքն անգամ մնաց օրենքներում գրած եւ «սուտի իրավապաշտպանների» հույսին, մնում է զգուշանալ, քանի որ հենց այդտեղով կարող է սլանալ վարչապետի շարասյունը։