Իսկ ինչ է լինելու հետո. Հանրության վախերի եւ ընդդիմության ինքնամաքրման մասին
Խմբագրական
Ընդդիմադիր ուժերի եւ գործիչների կողմից ապակենտրոն, ցանցային պայքար սկսելուց ի վեր հանրային քննարկումները նրանց շուրջն են պտտվում։ Մի կողմից՝ հասարակության մի ստվար հատված բողոքում եւ քննադատում է ընդդիմադիրներին, բայց նաեւ չի սատարում իշխանությանը, սակայն, ամեն դեպքում, դուրս չի գալիս փողոց՝ պայքարի։ Եւ այս զանգվածը ամենակրիտիկական, կարեւորագույն հատվածն է, եթե հաջողվեց իշխանությունից դժգոհ մարդկանց հավատ ներշնչել եւ հանել փողոց, պայքարը կհաջողի։
Մյուս կողմից՝ ընդդիմադիր գործիչները եւ ուժերը այս պայքարով բռնել են ինքնամաքրման ճանապարհը, որ վաղը, մյուս օր որեւէ կապիտուլյացիոն ակտի ստորագրման դեպքում հայտարարեն՝ մենք արեցինք այն, ինչ հնարավոր է։
Իրականում, թե ինչ կլինի երկու օր հետո, մեկ շաբաթ հետո՝ ոչ մեկ չգիտի։ Ամեն ինչ միայն ենթադրությունների, կանխատեսումների եւ դավադրությունների շարքից է։ Այս առումով վարկածների պակաս չկա։ Վարկած 1՝ ընդդիմությունը համաձայնեցված խաղ է խաղում իշխանության հետ, զբաղեցնում է մարդկանց, որը կարող է հաջողել կամ մարել։ Վարկած 2՝ ընդդիմությունն այս անգամ շատ ավելի պատրաստված է, ռեսուրս է ծախսել, կազմակերպչական աշխատանք կա, եւ հնարավոր է՝ պայքարն էլ ազնիվ է՝ հանուն Արցախի եւ Հայաստանի փրկության։
Վարկած 3՝ որքան էլ քննադատենք ընդդիմությանը, համենայն դեպս, պետք է ընդունենք նաեւ, որ ոչինչ չանելու դեպքում էլ կշարունակեինք քննադատել նրանց, հետեւաբար՝ ինչպես չկա մարդ, որ բոլորին գոհացնի, այդպես էլ չկա պայքար, չկա քաղաքական ուժ, որի քայլերը ամբողջովին հանրային աջակցություն վայելեն։
Վարկած 4՝ ընդդիմության ակցիաներին չմասնակցող եւ դրանք օրուգիշեր քննարկող հանրությունը չի հավատում հաջողության հասնելու տեսականին, թեեւ գուցե ամենաշատը երազում է իշխանափոխության մասին։ Բայց, եկեք, արձանագրենք, որ 2018թ Նիկոլ Փաշինյանի հաջողության հասնելուն էլ չէինք հավատում, թեեւ դեռ քննարկման հարց է՝ այս իշխանությունն ունի ավելի շատ հանրային աջակցություն, թե նախկինը եւ այս ընդդիմությունը ավելի շատ աջակիցներ ունի, թե նախկինը։ Փորձագիտական շրջանակներում վաղուց ի վեր աքսիոմա է՝ քանի այս ընդդիմությունը կա, իշխանության դիրքերն անսասան են, եւ մեզանում իշխանափոխությունը պետք է սկսել ընդդիմափոխությունից։
Այսօր իսկապես երկդիմի իրավիճակ է, փողոցներում, բակերում, շենքերում, ամենուր մարդիկ իրար են հարցնում՝ ինչ է կատարվում, ինչ է փոխվելու, բայց կփոխվի՞ որ եւ ամենակարեւոր ու ցավոտ հարցը՝ իսկ եթե ամեն ինչ ավելի վատ լինի, չէ՞ որ 2018թ էլ իշխանությունը փոխվեց հեղափոխությամբ եւ մեծ հարց է՝ ամեն ինչ ավելի լավ է, թե տասնապատիկ ավելի վատ։
Հետոյի սպասումը ամենասարսափելին է, որովհետեւ այսօր մարդիկ չգիտեն՝ իսկ եթե փոխվի, ինչ է լինելու, նաեւ դա է խանգարում շատերին փողոց դուրս գալ։ Այսօր շատերը իրենց չեն ներում 2018թ «քայլելու» համար, մտավախություն կա, որ վաղը չեն ների այսօր փողոց դուրս գալու համար։
Ամեն դեպքում՝ ինչ կարող է անել երկրի ապագայով մտահոգ եւ Հայաստանի, Արցախի կորուստը գիտակցող քաղաքացին, առնվազն ընդդիմությանը չխանգարել, եթե օգնել չի կարող կամ չի ուզում կամ չի հավատում։ Դուրդ չի՞ գալիս պայքարը, կասկածնե՞ր ունես, չե՞ս հավատում եւ չե՞ս վստահում՝ ազատ ես քո սեփական պայքարը սկսելու, բայց, ինչպես ասում են՝ ճանապարհ տուր նրանց, ովքեր պայքարում են։
Եւ քանի դեռ մենք ապացույցներ չունենք, թե այս պայքարը ում հետ է համաձայնեցված կամ որքանով է ինքնաբուխ, ում շահերն է սպասարկում, ում խաղն է՝ մնում է հետեւել զարգացումներին։
Իսկ զարգացումներից հետո ընդդիմությունը կամ կհայտնվի իշխանության կարգավիճակում եւ կտեսնենք, թե ինչպես է իրականացնում իր խոստումները, փրկում Հայաստանը եւ Արցախը, կամ կներկայացնի, թե ինչու ձախողվեց պայքարը եւ որպես ինքնախարազանում պատժի ինչ միջոցներ է ընտրում մեծախոսության համար։
Օրինակ՝ Վանեցյանը հայտարարել է, որ վայր է դնելու մանդատը, ընդունենք, ինքնամաքրման ճանապարհ է, իսկ մյուսները ի՞նչ են անելու, հաջողեն՝ կդառնան իշխանություն, չհաջողեն՝ կվերադառնան խորհրդարա՞ն եւ կսկսեն աշխատե՞լ «դավաճան» իշխանության հետ ասես ոչինչ էլ չի եղել։