Անձնական տվյալների պաշտպանությունը տեղեկատվության ազատության եւ լրագրողական գործունեության համատեքստում. հարցազրույց
Հարցազրույց
ArmDaily.am-ի հարցազրույցը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանի հետ։
- Պարոն Հայրապետյան, Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի ընդունումից հետո, երբ ստեղծվեց նաեւ լիազոր մարմինը, տպավորություն էր, թե այս օրենքը եւ այս կառույցը լրագրողներին սահմանափակող հերթական մեխանիզմներն են, քանի որ հաճախ տեղեկատվություն տնօրինողները մերժում էին այն տրամադրել հենց օրենքը վկայակոչելով։ Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ, ինչպե՞ս եք փորձում կոտրել այս կարծրատիպը։
- Ճիշտ եք, իսկապես օրենքի ընդունումից հետո տեղեկություն տնօրինողները շատ դեպքերում մերժում էին անձնական տվյալ հանդիսացող կամ անձնական տվյալ պարունակող տեղեկության տրամադրումը՝ հղում անելով օրենքին: Թեեւ ինքին օրենքի տեսանկյունից վատ չէ, որ անձնական տվյալներ մշակողներն ուշադրություն են դարձնում իրենց կողմից մշակվող տվյալների անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, սակայն երբեմն տեղեկության տրամադրումը մերժվում էր բացառապես անձնական տվյալ լինելու հիմքով: Այս հարցին Գործակալությունն անդրադարձել է իր որոշումներով, ինչպես նաեւ անդրադարձել եւ անդրադառնում է խորհրդատվություն տրամադրելու իր լիազորության շրջանակներում, նաեւ՝ ուղեցույցներով: Օրինակ, «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման ուղեցույց»-ում (տես՝ https://www.moj.am/storage/uploads/123Uxecuyc-cucumner.pdf), Գործակալությունն ի թիվս այլնի նշել է, որ անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ եւ անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
- Այս կարծրատիպը նաեւ երկուստեք ոլորտի չիմացության արդյունք է՝ թե մեդիայի կողմից, թե տեղեկատվություն տնօրինողների կողմից։ Կցանկանայի հնարավորության դեպքում վիճակագրություն ներկայացնեիք, թե լրատվամիջոցներից, լրագրողներից քանի ահազանգ, դիմում եք ստացել եւ ձեր միջամտության շնորհիվ քանի անգամ է լիազոր մարմինը տեղեկատվություն տրամադրել։
- Մի փոքր կդժվարանամ մեկ թվով ընդհանուր վիճակագրություն ներկայացնել, քանի որ ինչպես նշեցի, Գործակալությունն այդ խնդրին անդրադարձել է ինչպես որոշումներով, այնպես էլ խորհրդատվություններով, որոնք իրենց հերթին եղել են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր՝ օրինակ, հեռախոսազանգով: Գործակալությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակում անձնական տվյալների մշակմանը անդրադարձել էր 2019 թվականին երեք տարբեր վարույթներով: Այս պահին նույնպես երկու վարույթ է քննվում, որտեղ քննարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակում անձնական տվյալների մշակման իրավաչափությունը: Այդ վարույթներն ընթացքում են, ուստի դրանց հնարավոր ելքի վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել: Նաեւ, երեք տարիների ընթացքում Գործակալությունն ավելի քան 800 խորհրդատվություն է տրամադրել, այդ թվում՝ անձնական տվյալների փոխանցման (ներառյալ՝ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելու) թեմայով: Այս տարի՝ 2022 թվականին տրամադրված 71 բանավոր խորհրդատվություններից 11-ը հենց հարցման հիման վրա անձնական տվյալներ տրամադրելու վերաբերյալ էին:
- Ամեն դեպքում, ե՞րբ է իրավաչափ տեղեկատվության տրամադրումը մերժել՝ վկայակոչելով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող է լրագրողը կռահել կամ կասկածել՝ որքանո՞վ է օրինական եղել տեղեկատվության տրամադրման մերժումը անձնական տվյալ լինելու հիմքով։
- ԱՏՊ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը (ներառյալ՝ հարցման հիման վրա անձնական տվյալի տրամադրումը), չի սահմանում տեղեկություն տնօրինողի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ չի սահմանում այս կամ այն անձնական տվյալների՝ գաղտնիք լինելու կարգավիճակը: ԱՏՊ օրենքում անձնական տվյալները չեն նույնանում գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ, իսկ անձնական տվյալը մարդու մասին տեղեկության, տվյալի անվանումն է, այլ ոչ թե ռեժիմը: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը սահմանում է տվյալների մշակման ընդհանուր սկզբունքները եւ կանոնները, հետեւաբար ԱՏՊ օրենքը կխախտվի յուրաքանչյուր դեպքում, երբ որեւէ կոնկրետ անձնական տվյալ մշակվի, այդ թվում՝ այլ անձանց համար հասանելի դառնա հենց այդ տվյալի համար նախատեսված կանոնների խախտմամբ: Արդյունքում, միայն Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի վկայակոչմամբ տեղեկության տրամադրումը մերժելն ինքնին արդեն խնդրահարույց է:
Ինչ վերաբերում է լրագրողի կողմից իր ներկայացրած հարցմամբ ակնկալվող անձնական տվյալները չտրամադրելու մերժման իրավաչափության վերաբերյալ կասկածներին, ապա պետք է նշել, որ ԱՏՊ օրենքը Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա այլ անձի վերաբերյալ տեղեկություններ (անձնական տվյալներ) ակնկալող հարցման քննարկման համար որեւէ առանձնահատկություն չի սահմանում: Ուստի, անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցումը ԱՏՊ օրենքի տեսանկյունից պետք է քննարկվի ճիշտ այնպես, ինչպես ոչ անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցումը: Արդյունքում, անձնական տվյալ հանդիսացող կամ պարունակող տեղեկության տրամադրումը նույնպես պետք է մերժվի այնպես եւ այն կարգով, ինչ անձնական տվյալ չհանդիսացող կամ չպարունակող տեղեկության տրամադրումը:
- Հաճախ շփոթության է առաջանում անձնական տվյալ տրամադրելու եւ անձնական կյանքի գաղտնիության միջեւ։ Կցանկանայի անդրադառնայիք նաեւ այս խնդրին։
- Այս հարցի պատասխանը հետեւյալն է: Անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ, անձնական տվյալը մարդու մասին տեղեկության, մարդուն վերաբերող տվյալի անվանում է, իսկ գաղտնիությունը տվյալի ռեժիմն է: Ցանկացած անձնական տվյալ, այդ թվում՝ անձնական կյանքի տվյալները, կարող են մի դեպքում լինել գաղտնիք (օրինակ՝ օրենքով սահմանվել որպես գաղտնիք), մեկ այլ դեպքում հակառակը՝ լինել հանրամատչելի (օրենքով սահմանվել որպես հրապարակային). օրինակ, հայտարարագրման շրջանակում պաշտոնյայի վերաբերյալ հրապարակվող տեղեկություններն անձնական կյանքի տվյալներ են, որոնց համար օրենքը սահմանել է հանրամատչելիության ռեժիմ: Նմանապես, անձնական կյանքի տվյալներ են որդեգրման մասին տեղեկությունները, որոնց համար օրենքը հակառակը՝ նախատեսել է գաղտնիության ռեժիմ: Վերոնշյալ օրինակներում գործ ունենք միեւնույն կատեգորիայի տվյալների հետ՝ անձնական կյանքի տվյալի հետ, որոնք մի դեպքում հանրամատչելի էին, մյուս դեպքում՝ գաղտնիք: Արդյունքում, անձնական եւ ընտանեկան կյանքի բոլոր գաղտնիքներն անձնական տվյալներ են, սակայն ոչ բոլոր անձնական տվյալներն են, որ գաղտնիք են:
- Առանձնակի ուշադրության է արժանի բարձրաստիճան պաշտոնյաների, այլ հանրային գործիչների դեպքում անձնական տվյալների հրապարակումը առանց նրանց համաձայնության։ ՄԻԵԴ նախադեպերով, բազմաթիվ կոնվենցիաներով, միջազգային փաստաթղթերով, մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով լրագրողների կողմից անձնական տվյալների հրապարակումը, անձնական կյանք ներխուժելը արդարացված է, եթե կա հանրային շահ։ Ինչպե՞ս հասկանալ կարելիի եւ չի կարելիի այս սահմանը։
- Ինչպես նշեցի, ԱՏՊ օրենքը սահմանում է անձնական տվյալների մշակման ընդհանուր սկզբունքները եւ կանոնները, որոնք ճիշտ են ցանկացած անձնական տվյալի մշակման դեպքում: ԱՏՊ օրենքն ի թիվս այլնի սահմանում է, որ անձնական տվյալի ցանկացած մշակում պետք է ունենա օրինական եւ որոշակի նպատակ, տվյալները պետք է մշակվեն սահմանված նպատակի համար համաչափորեն, ունենան իրավական հիմք՝ մշակումը նախատեսված լինի օրենքով կամ անձի համաձայությամբ եւ այյլն: Այսպես, ԱՏՊ օրենքը չի սահմանում, թե կոնկրետ դեպքում անձնական տվյալների մշակումն օրինակա՞ն էր, թե՝ ոչ, կարելի՞ էր, թե՝ ոչ, այլ սահմանում է այն ընդհանուր կանոնները, որոնց միջոցով կարելի է ամեն մի կոնկրետ դեպքում գնահատել տվյալների մշակման իրավաչափությունը: 2019 թվականին Գործակալությունն առիթ ունեցել է վարույթներով անդրադառնալու լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակմանը: Իր որոշումներով Գործակալությունը նշել էր, որ կախված լրագրողական նյութի ժանրից, նպատակից եւ ֆորմատից՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակման հիմք կարող է հանդիսանալ օրենքով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրը՝ եւ անձի համաձայնությունը (օրինակ, հարցազրույցի դեպքում), եւ հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված լինելը (օրինակ, վերլուծության դեպքում), եւ օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելը:
Հաշվի առնելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով լրագրության սկզբունքների նախանշած կանոնները՝ Գործակալությունը դիրքորոշում էր հայտնել, որ անձնական տվյալների մշակման եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման նպատակ եւ գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ստորադասել մարդու անձնական տվյալների պաշտպանության շահը եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի եւ օրինական, այսինքն՝ հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, իսկ հրապարակվող անձնական տվյալները պետք է լինեն սահմանված նպատակին համաչափ՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, եւ պետք է բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ (տես՝ https://moj.am/storage/uploads/2019Annual-report-2019-ATPG.pdf, էջ 10):
- Պարոն Հայրապետյան, մի դեպքում անձնական տվյալները «պատրվակ են» խոչընդոտելու լրագրողական գործունեությանը, մյուս դեպքում էլ՝ մենք ականատես ենք մեդիայի կողմից անձնական տվյալների անխնա հրապարակմանը։ Այս առումով գործակալությունը եւ լրագրողների կողմից է դիմումներ ստանում, եւ լրագրողների դեմ։ Կցանկանայի անդրադառնայիք նաեւ երկրորդ խումբ դիմումներին, դրանք ի՞նչ թիվ են կազմում, ի՞նչ ընթացք են ստացել, ինչպե՞ս եք համոզում լրագրողներին հեռացնել անձնական տվյալները եւ այլն։
- Այս հարցի պատասխանը ըստ էության արտացոլված է վերեւի հարցի պատասխանում: Օրինակ, վերեւում նշածս երկու դեպքերում խոսքը գնում էր լրատվամիջոցներով մարդկանց տվյալների այնպիսի հրապարակման մասին, որից այդ անձինք տեղյակ չէին: Այս երկու վարույթների ընթացքում լրատվամիջոցները, հաշվի առնելով դիմողների պահանջները եւ փաստարկները, ապանձնավորեցին նրանց տվյալները (հեռացրեցին հրապարակումներից նույնականացնող տվյալները) եւ ըստ էության կատարեցին դիմումատուների պահանջները: Լրատվամիջոցներն ըստ էության կիրառեցին հենց վերոնշյալ չափանիշները եւ անձնական տվյալների մշակման սկզբունքները: Մեկ ուրիշ դեպքում Գործակալությանը դիմած քաղաքացին չէր վիճարկել նախկինում իր տվյալների հրապարակման իրավաչափությունը, քանի որ դրանք հրապարակվել էին իր համաձայնությամբ, սակայն հայտնել էր, որ այդ տվյալների հրապարակայնությունը միջամտում է իր կյանքին եւ ակնկալում էր, որ վարույթի արդյունքում իր տվյալները կհեռացվեն, կջնջվեն կայքերից՝ իր անձնական կյանքի տվյալներ անհասանելի դարձնելով որոնողական համակարգերի համար: Ըստ էության, քաղաքացին ցանկանում էր օգտվել մոռացված լինելու իրավունքից (այս իրավունքը կոչվում է նաեւ՝ վիրտուալ մահվան իրավունք կամ ջնջվելու իրավունք կապված է համացանցում անձնական տվյալների հասանելիության առանձնահատկությունների հետ): Այս վարույթը նույնպես կարճվեց, քանի որ լրատվամիջոցները հեռացրեցին քաղաքացու անձնական տվյալներ պարունակող հրապարակումը կամ ապանձնավորեցին քաղաքացու տվյալները՝ նրան անհասանելի դարձնելով որոնողական համակարգերով որոնման համար: Սակայն վարույթի հանգամանքներն ընդունելով որպես առիթ՝ Գործակալությունն անդրադարձավ մոռացված լինելու իրավունքին (տես՝ https://moj.am/storage/uploads/2019Annual-report-2019-ATPG.pdf, էջ 11):
- Անշուշտ, ամեն դեպք առանձին քննության առարկա է, բայց եթե ընդհանուր ալգորիթմերով խոսեինք՝ ո՞ր անձնական տվյալներն են հրապարակման ոչ ենթակա եւ ինչու, ինչպես կարող է լրագրողը հասկանալ, որ այդ տվյալի հրապարակումը խնդրահարույց է։
- Չկա հրապարակման ոչ ենթական տվյալների որեւէ սպառիչ ցանկ: Լրագրողը, ով տեղյակ է անձնական տվյալների պաշտպանության իրավունքից, տվյալների մշակման սկզբունքներից, միանշանակ կարող է հասկանալ, թե յուրաքանչյուր առանձին դեպքում այս կամ այն անձնական տվյալի հրապարակումն արդարացված կլինի, թե՝ ոչ: Իսկ թե ինչպես պետք է լրագրողը դա գնահատի՝ նշեցի երկու հարց առաջ:
- Կցանկանայի խոսեիք նաեւ անձնական տվյալներ ձեռք բերելու օրինական եւ ոչ օրինական միջոցների մասին, երբ է 2-րդը արդարացված, ինչո՞ւ պետք է լրագրողը պատասխանատվության ենթարկվի անձի կողմից հրապարակած տվյալը ներկայացնելու համար․․․։
- Առանց կոնկրետ դեպքի ուսումնասիրության նման ընդհանուր հարցին հստակ պատասխան տալը շատ դժվար է, որովհետեւ տպավորություն է, որ թեեւ հարցը ընդհանուր եք ձեւակերպել, սակայն որեւէ կոնկրետ դեպք նկատի ունեք. արդյունքում նման կերպ ձեւակերպված հարցին բովանդակային պատասխանեը դառնում է անհնարին, որովհետեւ առանց հստակեցման ինչ էլ ասեմ՝ թյուրըմբռնումների եւ հակասական մեկնաբանությունների տեղիք կտա: Ուստի կնշեմ միայն ընդհանուր երկու բան կարող եմ ասել.
- անձնական տվյալները ոչ օրինական ճանապարհով ձեռք բերելու որեւէ դեպք ԱՏՊ օրենքի իմաստով արդարացված չէ:
- ԱՏՊ օրենքի իմաստով անձնական տվյալներ մշակողն անձնական տվյալները փոխանցողը, հանրամատչելի դարձնողն է, ոչ թե ստացողը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստացողը տվյալներին ապօրինի է տիրացել (օրինակ, առանց թույլտվության պատճենահանելը կամ որսացել է տվյալները): Իսկ տվյալեր ստացողը տվյալները ստանալու պահից դրանք ստանալու ուժով է դառնում անձնական տվյալներ մշակող: Հետեւաբար, եթե խոսք է գնում անձնական տվյալների հենց հրապարակման իրավաչափության մասին, ապա գործնականում դժվար է պատկերացնել, որ կարող է բարձրացվել լրագրողի կողմից անձնական տվյալների պաշտպանության խախտման հարց՝ առանց նաեւ եւ առաջ տվյալները հրապարակողի կողմից տվյալների հրապարակման իրավաչափությունը քննարկելու:
- Պարոն Հայրապետյան, անձնական տվյալների պաշտպանությունը հաճախ առնչվում է նաեւ մոռացված լինելու իրավունքին։ Ո՞վ կարող է օգտվել դրանից եւ ինչո՞ւ, այստեղ նորից շահերի բախման խնդիր ունենք, քանի որ հանրային գործիչները կցանկանան մոռացության տալ իրենց կյանքի մութ եւ վատ դեպքերը, իսկ լրատվամիջոցները օբյեկտիվորեն ցանկանում են այդ ամենը հանրայնացնել՝ ներկայացնելով հանրությանը այս կամ այն անձին։
- Մոռացված լինելու իրավունքի հիմքում ընկած է Եվրամիության դատարանի (Court of Justice of the European Union) 2014թ. մայիսի 13-ի C-131/12 որոշումը: Որոշուման բովանդակությունը հիմա չեմ պատմի, սակայն մոռացված լինելու իրավունքը բովանդակային իմաստով ոչ թե լրագրող-նյութի հերոս հարաբերություններում է, այլ կապված է համացանցի առանձնահատկությունների հետ. այս իրավունքը երբեմն կոչվում է նաեւ վիրտուալ մահվան իրավունք կամ ջնջվելու իրավունք: Ինչպես նշեցի, Գործակալությունը 2019 թվականին վարույթի շրջանակներում առիթ ունեցել է անդրադառնալու մոռացված լինելու իրավունքին: Վարույթով արտահայտած դիրքորոշմամբ Գործակալությունը հաշվի էր առել մի կողմից համացանցում տվյալների հասանելիության առանձնահատկությունները (առանց ժամանակի եւ տարածության սահմանափակման), մյուս կողմից հաշվի էր առել լրագրողների բացառիկ դերը ժողովրդավարական հասարակություններում, նրանց կարեւորությունը հանրային շահի սպասարկման գործում, եւ գտել, որ անհրաժեշտ է հաշվի առնել մոռացված լինելու իրավունքն այն դեպքերում, երբ մի կողմից սպառվել է տվյալ հաղորդման նպատակը, հանրային նշանակությունը (որպես կանոն երբ նյութի հրապարակումից որոշակի ժամանակ է անցել), մյուս կողմից ոչ արդիական տեղեկությունները շարունակում են միջամտել մարդու անձնական կյանքի իրավունքին (անձը դիմել է եւ հայտնել է այդ մասին): Գործակալությունը գտել էր, որ վարույթով քաղաքացու բարձրացված հարցի հիմնական լուծումն ամեն դեպքում գտնվում է լրագրողական բարեխղճության (էթիկայի) դաշտում եւ առաջարկել էր որպես ինքնակարգավորման մեխանիզմ սահմանել կառուցակարգեր, որոնց շրջանակներում հնարավոր կլինի ապահովել մարդու մոռացված լինելու իրավունքը, այն է՝ լրագրողական նյութի նպատակին հասնելուց հետո, անձի դիմումի հիման վրա սահմանափակել (անհնար դարձնել) անձնական կյանքի իրավունքին միջամտող տեղեկություններ պարունակող հրապարակման կամ դրա համապատասխան հատվածի մատչելիությունն այն հարթակներում, որոնք գտնվում են լրատվամիջոցի տնօրինության տակ:
- Անձնական տվյալների եւ մեդիայի առնչությունների մասին խոսելիս պետք է անդրադառնալ հարցին, թե երբ է անձնական տվյալների պաշտպանությունը խաչվում ՏԱ օրենքի եւ ԶԼՄ օրենքի հետ։ Ի՞նչ ոսկե կանոններ, խորհուրդներ կփոխանցեք լրագրողներին, որպեսզի անձնական տվյալները չդառնան արգելք մասնագիտական գործունեությունը իրականացնելիս, անտեղի չչարաշահեն եւ երկրորդ, որ լրագրողները իրենց գործունեության ընթացքում զերծ մնան «անթույլատրելի» անձնական տվյալներ հրապարակելիս։
- Եվ ՏԱ մասին օրենքը, եւ ԶԼՄ օրենքն անձնական տվյալների մշակում նախատեսող օրենքներ են եւ դրանց շրջանակներում լրագրողների կողմից անձնական տվյալներ պահանջելու կամ անձնական տվյալներ հրապարակելու կանոններին նախորդիվ բոլոր հարցերի շրջանակներում անդրադարձա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ մի կողմից նման ֆորմատում դժվար է նախ կանխատեսել, ապա ամենայն մանրամասնությամբ ներկայացնել եւ քննարկել լրագրողներին հետաքրքրող գործնական դեպքեր, մյուս կողմից՝ շատերը կարող են առհասարակ իրազեկ չլինել այս իրավունքի մասին եւ չունենալ բավարար հմտություններ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում: Ուստի. մի ընդհանուր խորհուրդ-առաջարկ ունեմ. առաջարկում եմ յուրաքանչյուր դեպքում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցի բախվելիս դիմել Գործակալությանը խորհրդատվության համար, կամ, ավելի արդյունավետ կլինի լրատվամիջոցում լրագրողների համար իրականացնել ուսուցում անձնական տվյալների պաշտպանության թեմայով, որտեղ լրագրողները կկարողանան նաեւ քննարկման համար գործնական դեպքեր առաջարկել: Գործակալությունն ըստ առիթի իրականացնում է նման ուսուցումներ, օրինակ, 2019-2020 թվականների ընթացքում Գործակալությունն ուսուցում է իրականացրել մոտ 200 լրագրողի համար, սակայն Գործակալությունը չի կարող պարտադրել ուսուցումը, դրա համար անհրաժեշտ է լրատվամիջոցի նախաձեռնությունը, իսկ Գործակալությունը պատրաստակամ է ըստ պահանջի իրականացնել համապատասխան ուսուցում-քննարկումները:
Ինգա Մարտինյան