Կյանքեր փրկել, թե գրպաններ լցնել. կորոնավիրուսը հաղթահարված է, ինչ ունենք այսօր
Խմբագրական
Երբ պետական իշխանության ղեկին հայտնվում է ոչ պրոֆեսիոնալների թիմ, որոնք չունեն պետական մտածողություն, մտահոգված չեն պետական կառավարմամբ, պետությունը դառնում է անկանխատեսելի, անկառավարելի «բոստան», որտեղ կարող են մի բան ցանել, վարել, ջրել, հետո պոկել եւ դեն նետել։ Նույնը պետության դեպքում է՝ անընդհատ գրել, ջնջելով, անկանխատեսելի որոշումներ կայացնելով հնարավոր չէ պետություն ղեկավարել։
Սա ոչ միայն ավիրում է պետական համակարգը, քաղաքականությունը, այլեւ անլուրջ վերաբերմունք ձեւավորում պետության նկատմամբ, որը, ի դեպ, տարիներով հնարավոր չէ արմատախիլ անել։ Այսինքն՝ շարքային քաղաքացին, ամենօրյա ռեժիմով տեսնելով տուն-տունիկ խաղացող մեր իշխանություններին, իրավունք ունի նույն կերպ անլուրջ, մատների արանքով վերաբերել մեր պետությանը, կայացրած որոշումներին եւ ապագային։
Հիմա ասվածի վկայությունը կորոնավիրուսի դեմ մեր պետության պայքարն է, որն ուղեկցվել է տարօրինակ որոշումներով, օրենսդրական փոփոխություններով, անհասկանալի պահանջներով եւ պայմաններով։
Այժմ կորոնավիրուսը վերացել է, մեր իշխանությունը, իհարկե, կարող է մտածել, թե օրուգիշեր իր մշակած հակահամաճարակային միջոցառումները արդյունք են տվել, այսօր արդեն չունենք մահվան դեպքեր, ընդամենը 9 դեպք է արձանագրվել, բայց, քավ լիցի, մեծ հարց է, թե այդ միջոցառումներից որոնք են եղել արդյունավետ եւ օգտակար եւ իրականում ինչի են ծառայել դրանք՝ կյանքեր փրկելուն, թե գրպաններ լցնելուն։
Արդ, քանի որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կորոնավիրուսը հաղթահարվել է, իշխանությունը «հետողորմյա» է անում։ Երեկ մենք գրել էինք, որ ԱՆ-ն փոփոխություններ է նախաձեռնել, ըստ որի՝ աշխատող քաղաքացուց ՊՇՌ թեստի բացասական պատասխան պահանջելը հնարավոր է այլևս պարտադիր չլինի։
Կորոնավիրուսային խստացումների ֆոնին, երբ համավարկի դեմ պայքարում էին գրանցված աշխատողներին պարտադիր-կամավոր սկզբունքներով պատվաստելով, մատների վրա հաշված մարդիկ էին մնացել, որ այդպես էլ չպատվաստվեցին եւ արդեն դեկտեմբերի 1-ից ստիպված թեստավորվում էին շաբաթը մեկ պարբերականությամբ։
Քանիցս անդրադարձել ենք թեստավորման խնդրին՝ նշելով, որ դա բեռ է քաղաքացու համար եւ կանխարգելիչ նշանակությունը խիստ կասկածելի է։
Բայց հիմա պատկերացնո՞ւմ եք այն քաղաքացիների վիճակը, որոնք ամիսներ շարունակ թեստավորվել են՝ ծախսելով վիթխարի գումարներ, այդ ընթացքում նաեւ վարակել եւ վարակվել կորոնավիրուսով, իսկ այսօր արդեն այդ պահանջը հանվում է։
Այդ պահանջը կարող էր առհասարակ չլիներ, քանի որ որեւէ ուսումնասիրություն չկա, թե քաղաքացուց ամեն շաբաթ թեստի պատասխան պոկելը քանի կյանք է փրկում, բայց հստակ է, թե այդ թեստերի գումարները քանի հոգու են հարստացնում։
Իրավիճակին համընթաց փոփոխությունները նախաձեռնելը, անշուշտ, ճիշտ է եւ արդարացված, բայց այն պետք է համալիր բնույթ կրի։
Մասնավորապես, եթե հանում են թեստավորման պահանջը, պետք է մյուս սահմանափակումները եւս հանեն, օրինակ՝ մանկապարտեզներում ծնողների մուտքի արգելքը, ՔԿՀ-ներում, Զինված Ուժերում տեսակցությունների արգելքը եւ այլն։ Կամ ի՞նչ առողջապահական կոմպոնենտ ունի Հայաստան ժամանողների համար «Զվարթնոց» օդանավակայանում թեստավորվելը, երբ թեստի պատասխանն անգամ չեն ստանում, էլ չասած, որ կարող են թեստավորվել՝ լինելով վարակված եւ չիմանալով այդ մասին՝ վարակել շրջապատին։ Տպավորություն է, որ օդանավակայանում թեստավորվելը երբեք էլ չի հանվի՝ անկախ նրանից՝ կորոնավիրուս կա, թե ոչ, դա «օդի փողի» նման մի հարկ է՝ քաղաքացու ուսերին, կարելի է անվանել կորոնահարկ։
Եթե, ընդհանուր առմամբ, ամփոփելու լինենք համավարակի այս երկու տարին, կարող ենք հիշել, թե ինչքան զրկանքներ ենք կրել, կորուստներ ունեցել, ինչքան ծախսեր արել, ինչքան տուգանվել եւ ինչի է ծառայել այս ամենը։
Մի կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակը պետք է պետական կառավարման համակարգի համար դաս լինի, որ այսուհետ որեւէ համամարդկային աղետի դեմ պայքարելիս պետությունը նվազագույնի հասցնի քաղաքացու ուսերին դրվող բեռը, անհամաչափ քայլեր եւ որոշումներ չկայացնի, ամեն նոր օրենքի կիրառումը չապահովի սանկցիաներով, առանց այդ էլ զրկանքների մեջ գտնվող քաղաքացուն չդարձնի տուգանքի մատերիալ, երբ իշխանության էր եկել հակառակ լոզունգներով եւ խոստումներով։ Միեւնույն ժամանակ՝ պետական քաղաքականությունը չպետք է լինի հակասական, կասկածելի, անլրջություն սերմանող։
Մեծ հաղթանակ կլիներ, եթե արձանագրեինք, որ կորոնավիրուսի «շնորհիվ» հասարակությունը սկսել է ավելի ուշադիր եւ հետեւողական լինել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, ավելի հոգատար լինել իր եւ իր հարազատների առողջության հանդեպ, ավելի հարգել եւ գնահատել օրուգիշեր կորոնավիրուսի դեմ մենամարտի դուրս եկած բժիշկներին, քամահրանքով չվերաբերել այն ամենին, ինչը ուղղակի սպառնալիք է մարդու կյանքին եւ առողջությանը...։ Սա կլինի կորոնավիրուսից մնացած «լավագույն» դասը, բայց այս ամենին հասնելու համար մեծ գործ ուներ անելու պետությունը՝ որպես քաղաքականություն մշակող եւ իրականացնող, ինչը, ավաղ, չունենք, բայց գոնե կարելի է հասկանալ եւ ընդունել սխալները հետագայի նկատառումով։