Երբ զոհասեղանին Հայաստանի ապագան է, իսկ իշխանությունը զբաղված է իր համար ապագայի երաշխիքներ ստեղծելով
Խմբագրական
Երբեմն, իսկ ավելի ճիշտ՝ հաճախ, տպավորություն է, որ մեր իշխանությունը կտրված է իրականությունից, Հայաստանի եւ Արցախի շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական, ներքաղաքական զարգացումներից։ Մեր իշխանության հակաքայլերը ոչ թե տեղի ունեցող գործընթացներին են ուղղված, դրանք կանխելուն կամ չեզոքացնելուն, այլ կարծես երրորդ աշխարհում տեղի ունեցող գործընթացներ լինեն։
Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու «միջազգային հանրության պահանջը» մի կողմից, Զանգեզուրյան միջանցքի վտանգը մյուս կողմից, պետությունը՝ իր տնտեսությամբ, բանակով, ժողովրդագրական պատկերով աղետալի վիճակի հասցնելու քաղաքականությունն էլ ամբողջացնում է մեր լինելության կասկածի տակ դնելու հարցը։
Հիմա այս իրավիճակում իշխանությունը պետք է օրնիբուն ամեն ինչ աներ՝ եւ արտաքին հարաբերությունները զարգացներ՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ, եւ պետությունը ոտքի հաներ, եւ նոր զիջումներ, պարտություններ թույլ չտար...։ Վերջիվերջո, իշխանությունը պետություն կառավարելու իրավունք է, քաղաքական տիրապետություն, որը պատասխանատու է իր տիրապետության շրջանում տեղի ունեցող գործընթացների համար։ Պատմության գրքերում ինչպես գրվել է, թե որ դինաստիայի օրոք ինչպիսի հայկական պետություն ենք ունեցել, այդպես էլ գրվելու է այս օրերի պատմությունը։
Եւ հավանաբար կգրվի, թե ինչքան են մեր պետությունից մաս-մաս զիջել թշնամուն, ինչպես է պարտվողականությունը, թրքասիրությունը մատուցվել միակ ճիշտ եւ իրական ճանապարհ՝ բարոյահոգեբանական առումով քայքայելով հասարակությանը եւ հարմարեցնելով ամենավատին՝ գոյություն չունեցող խաղաղության դիմաց։ Մինչեւ բանակը կհասցնի պարտվել կամ հաղթել, իշխանությունը կսկսի բանակցել եւ պայքարել, հասարակությանը արդեն հաղթել են՝ հարմարեցնելով նոր պարտություններին՝ իբրեւ միակ ելք։
Հիմա այս դժվարին իրավիճակում, երբ իշխանությունը իսկապես ծանր բեռի տակ է եւ Հայաստանի լինելության հարցն է զոհասեղանին, թվում էր, թե ոչ մի ուրիշ քայլ, հարց չպետք է լիներ մեր օրակարգում։
Բայց մեզանում իշխանություն եկող ամեն քաղաքական ուժ առաջին հերթին օգտագործում է այդ իշխանությունը իր եւ յուրայինների կյանքի որակը լավացնելու համար, այսինքն՝ ոչ թե ինքն է ծառայում պետությանը, այլ պետությունը եւ իշխանությունը ծառայեցնում է իր նեղ, անձնական շահերին։
Ընդ որում՝ մեր իշխանավորներն էլ այնքան «շուստրի» են, որ ոչ միայն հոգ են տանում այսօրվա, այլեւ վաղվա՝ ապագայի մասին, վերջիվերջո՝ ամեն օր հո վարչապետ, Աժ նախագահ չեն լինի, ինչ կարեւոր է, թե ինչքան են օգտակար եղել այդ պաշտոնին, ինչ են արել պետության կայունության պահպանման եւ զարգացման համար, կարեւորը՝ շանսը բաց չեն թողել, բարելավել են իրենց եւ իրենց սերունդների կյանքի որակը։
Ասվածի վկայությունն է«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»,–նշվում է նախագծում:
Ըստ ԱԱԾ-ի՝ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ։
Մյուս փոփոխությունը իր ապագայով մտահոգ իշխանության համար՝ երաշխիքներ ստեղծել արդեն իսկ իշխանափոխությունից հետո։ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կկատարվի, ըստ որի՝ պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով: ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետին կտրամադրվի ավտոտրանսպորտ եւ, իր ցանկությամբ, կահավորված գրասենյակ:
Գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, ֆինանսավորումն էլ կիրականացվի Կառավարության սահմանած կարգով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետական բյուջեի միջոցների հաշվին: Նաեւ պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Այսինքն՝ Հայաստանի առաջ ծառացած լինել-չլինելու հարցերը լուծելու փոխարեն՝ իշխանությունը ժամանակը հենց այնպես չի վատնում, ամեն ինչ անում է, որ անգամ հեռանալուց հետո «կոմֆորտ» կյանքով ապրի։ Բայց նույնիսկ այս հարցում են անհեռատես, քանի որ այս իշխանությանը իշխանություն հանձնողներն էլ իրենց համար տարատեսակ «կոստյումներ» էին պատրաստել, որ չհասցրեցին վայելել, բաժին հասավ հաջորդներին։
Հաջորդ իշխանությունը, ով էլ որ լինի, հուսանք՝ այնքան հեռատես կգտնվի, որ ոչ թե պաշտոնավարման եւ պաշտոնաթողությունից հետո երաշխիքների մասին կմտածի, այլ պատասխանատվության մեխանիզմներ կդնի՝ ոչ պրոֆեսիոնալ, դավաճան, երկիրը կործանման տարած, թալանած պաշտոնյաներին խստագույնս պատժելու համար, իսկ բացառիկ պետականամետ, ազգային մտածելակերպ ունեցող, նվիրված, հայրենասեր պաշտոնյաները արժանի էին ամենալավին։