Ազատության հրապարակում հավաքվելուց առաջ. ինչու մարդիկ չեն միանում կամ ինչ պետք է անի ընդդիմությունը
Խմբագրական
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նախօրեին մեկնել էր Ռուսաստան, վերադարձից հետո նա որոշեց պայքար սկսել, գնաց Ազատության հրապարակ եւ հայտարարեց՝ այլեւս տուն չի գնալու։
Թե ինչու ՌԴ-ից վերադառնալուց հետո հանկարծ Վանեցյանը շտապեց Ազատության հրապարակ՝ կիմանա միայն «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։ Համենայն դեպս, նրա փողոցային պայքարի մեկնարկը անակնկալ էր նաեւ կուսակիցների համար, լայվը տեսնելով՝ շատերը նոր իմացել են նստացույցի մասին եւ շտապել Ազատության հրապարակ։ Իսկ մինչ այդ հայտնի էր, որ Վանեցյանի՝ ՌԴ այցը բացառապես քաղաքական նպատակներ ունի, մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Հիմա Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է, միացել են համակիրներ, գաղափարակիցներ, քաղաքացիներ։ Ասել, որ պայքարը սկսել է կամ այն թեւակոխելու է նոր, ավելի ակտիվ փուլ՝ չափազանցություն կլինի։
Հարց է առաջանում՝ իսկ ինչու երկրի ապագայով մտահոգ, հայրենիքը թանկ գնահատող քաղաքացիները մասայական չեն ակտիվանում, չեն միանում պայքարին։
Ւհարկե, Ազատության հրապարակում պայքար սկսելուց առաջ ճիշտ կաներ խորհրդարանական ընդդիմությունը կամ ընդդիմադիր առաջնորդը ինքը հասկանար հասարակություն-ընդդիմություն կապի խզման պատճառը, հետեւանքները, փորձեր դրանք լրացնել, ապա նոր սկսեր պայքար եւ ակնկալեր ակտիվություն։
Բայց նույնիսկ այս փուլում կարելի է հասարակությանը դրդել պայքարի, եթե համապատասխան աշխատանքներ տարվեն եւ մի շարք հարցեր պարզաբանվեն։
Այսպես, ինչու հենց հիմա Վանեցյանը դուրս եկավ Ազատության հրապարակ, չէ՞ որ Արցախի եւ Հայաստանի համար կրիտիկական պահը եկել էր նոյեմբերի 9-ին եւ չէր հաղթահարվել։ Իհարկե, այդ ժամանակ էլ փորձեցին փողոցային պայքարով հաջողության հասնել, չհաջողվեց։ Եւ այստեղ էլ գալիս է երկրորդ հարցը, եթե 2020թ նոյեմբերին ընդդիմությունը չէր վայելում հասարակության վստահությունը, 2021թ խորհրդարանական ընտրությունները եկան «ապացուցելու», որ ընդդիմությունն այնքան վստահություն չունի, որ նույնիսկ պատերազմի ողբերգության ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանում է մեծամասնություն ձեւավորել, հիմա ինչու պետք է մարդիկ դուրս գան փողոց։ Ընդդիմությունը պետք է վերարժեւորեր իր ունեցածը, ընտրություններին ստացած մանդատով հանրային վստահությունը ավելացնել, բայց հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եք արել ավելի շատ համակիրներ, գաղափարակիցներ ունենալու համար, ֆեյսբուքում ստատուսները եւ ԱԺ-ում ելույթները չհաշված։
Երրորդ՝ եթե հանրության հետ խորհրդարանական ընդդիմությունը բավարար կամ առհասարակ որեւէ աշխատանք չի տարել Արցախյան խնդրի կարեւորությունը բացատրելու, տեղի ունեցող գործընթացների ելքը ցույց տալու, վստահությունը շահելու համար, ապա ինչու պետք է նրանք դուրս գան պայքարի՝ հատկապես, եթե այսօր մարդիկ խիստ անտարբեր են դարձել ամեն ինչի հանդեպ, հուսահատ են, հիասթափված, նույնիսկ եթե իշխանությանը չեն համակրում, ապա խորհրդարանական ընդդիմությանը առավել քան չեն համակրում։
Չորրորդ՝ Ազատության հրապարակ է կանչում մի քաղաքական ուժի ղեկավար, որը եղել է հեղափոխական իշխանության առաջին դեմքերից, զբաղեցրել ԱԱԾ տնօրենի պաշտոն, այսինքն՝ նա հազար թելերով՝ քաղաքական, անձնական, կապված է իշխանության հետ, հետեւաբար՝ Վանեցյանի անձը եւ նրա ղեկավարած պայքարը վստահություն չի ներշնչում շատերի համար, այն մարդիկ, որոնք մերժում են իշխանությանը, չունեն այլընտրանք, մտավախություն կա, որ Ազատության հրապարակում հավաքված են այս իշխանության «ժառանգորդները», իսկ այն, ինչ տեղի է ունենում՝ պայմանավորված գործընթաց է։ Վանեցյանի կերպարը քաղաքական առումով խնդրահարույց է ոչ միայն ներկա իշխանության նախկին առաջամարտիկ լինելու մասով, այլեւ վերջին ընտրություններին ՔՊ-ին իշխանություն հանձնած ՀՀԿ-ի հետ համագործակցելու մասով։
Հինգերորդ՝ անկախ նրանից, թե ով է եղել Վանեցյանը, ում հետ է համագործակցել, ինչ ստվերային կապեր, պայմանավորվածություններ ունի կամ չունի, կա ամենակարեւոր խնդիրը, այն, ինչը խանգարում է մարդկանց դուրս գալ փողոց։ Ի՞նչ են առաջարկում փողոցային պայքար սկսող խորհրդարանական ընդդիմադիրները, ինչպես պետք է լուծվի Արցախյան հարցը, որ արտաքին քաղաքական վեկտորին պետք է նախապատվություն տալ, ինչպես իրականացնել դելիմտացիան եւ դեմարկացիան, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը չտուժի։ Ռուսաստանը իրեն չի պահում որպես ռազմավարական դաշնակից, չի բավարարում մեզ, բավարար քայլեր չի ձեռնարկում որպես մեր անվտանգության երաշխավոր, հաջողությամբ համագործակցում է մեր թշնամու հետ, ունի իր շահերը։ Այսպիսի բարդ պայմաններում ի՞նչ անել որպես պետություն ոտքի կանգնելու համար, Արցախի կարգավիճակը պահպանելու, Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու, զարգացման, կայունության, խաղաղության եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար։