Դրոշը՝ որպես Արցախի փրկության ուղիղ ճանապարհ. Ընդդիմության նորօրյա հերոսության եւ քաղաքական սնանկության մասին
Խմբագրական
Իբրեւ հասարակություն՝ մեր քայլերն ու արձագանքները մեր շուրջը իրականացվող գործընթացներին վաղուց հատել է ադեկվատության գրված եւ չգրված սահմանները։ Այս ամենի ցուցիչը մեր հասարակության կարկառուն ներկայացուցիչների՝ իշխանավորների եւ ընդդիմադիրների քայլերն են աշխարհաքաղաքական բուռն զարգացումներին եւ մարտահրավերներին։ Ընդ որում՝ քաղաքական սնանկության հաղթարշավում մեր իշխանավորներն եւ ընդդիմադիրները անգերազանցելի են։
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արցախում նկատվող սրացումների, արցախյան խնդրի կարգավորման փակուղում հայտնվելու ռիսկի պայմաններում, Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանում «դրոշարշավ» է սկսվել։
Ամենայն հարգանք տածելով մեր պետական խորհրդանիշների նկատմամբ՝ ամեն դեպքում Հայաստանում վերջին օրերին մոլեգնող «դրոշամանիան» անհասկանալի է, ավելին՝ դա ոչ թե հարգանք է պետական խորհրդանիշի նկատմամբ, այլ անարգանք։ Դրոշը եւ դրա նկատմամբ վերաբերմունքը ամենաթանկ զգացմունքի, վերաբերմունքի նման մի բան է, խոսքեր չի սիրում։
Այսօր Արցախի դրոշով հերոսանալու հերթը ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին էր, որոնք Արցախի դրոշները տեղադրեցին իրենց սեղաններին, այնուհետեւ ամբիոնին եւ հայտնեցին, որ չեն մասնակցելու ԱԺ առօրյա նիստերին, մեկնում են Արցախ:
«Սուպերհայրենասեր» ընդդիմադիրներին էլ հակադարձեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով հեռացրեց Արցախի դրոշը: Իշխանությունը առանձնակի «վերաբերմունք» ունի Արցախի եւ առհասարակ ամեն հայկական խորհրդանիշի նկատմամբ, այնքան «ջերմ» է այդ վերաբերմունքը, որ մինչեւ օրս ոչ մի իշխանական պատգամավոր չի համարձակվում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չէ։
Հիմա իշխանության «կրավորական, պարտվողական եւ հանձնողական» կեցվածքը մի կողմից, Ռուսաստանում տիրող խառը իրավիճակը մյուս կողմից, իսկ թշնամու ախորժակը միայն բացվում եւ բացվում է։ Արցախը պաշտպանելու, Հայաստանը փրկելու գործն էլ առաջ են տանում ընդդիմադիրները իրենց դրոշների հաղթարշավով։
ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակը հպարտորեն գրել է ֆեյսբուքի իր էջում.
«Չարենցավան, Գյումրի, Աբովյան, Սևան, Արմավիր, Էջմիածին...Բոլոր այս քաղաքներն այսօր միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց»։
Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանին թվում է, թե Արցախի դրոշը տարբեր քաղաքներում տեղադրելով Արցախը կպաշտպանեն, Հայաստանն էլ կփրկեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ողբերգական է մեր իրավիճակը, որ Արցախի դրոշը մեր երկրում ծածանելը հերոսություն է համարվում, Բաքվում ծածանեիք, Շուշիում ծածանեիք՝ հասկանալի կլիներ, Գյումրիում, Երեւանում, Էջմիածնում Արցախի դրոշը տեղադրելը երբվանի՞ց է հերոսություն, թույն ընդդիմադիր հակագրոհ համարվում եւ ինչպես են պատկերացնում դրանով Արցախը պաշտպանելը։
Սա ոչ թե պետական դրոշի հաղթարշավն է, այլ հայ քաղաքական մտքի դեգրադացիայի հաղթարշավը...եթե, իհարկե, չմտածենք, որ ընդդիմությունը կեղծ օրակարգ է ձեւավորում՝ շեղելով մեզ կարեւորից եւ մեծ ողբերգությունները կանխելու իմիտացիա է ձեւավորում։
Հետաքրքիր է՝ չորեքշաբթի օրը ընդդիմադիրները կընդմիջե՞ն իրենց դրոշաարշավը եւ կվերադառնա՞ն խորհրդարան՝ վարչապետին ու գործադիրի անդամներին Բրյուսելում կայացած բանակցություններից, Արցախյան հիմնախնդրի կարգավորման ապագայից հարցեր տալու, թե արդեն Արցախը պաշտպանված է, Հայաստանը՝ փրկված։