Պաթոսային կենացներ, ձեւական շնորհավորանքներ. երջանկացրեք կանանց ամբողջ տարի, ոչ թե մեկ կամ երկու օր
Խմբագրական
Այսօր մայրության եւ գեղեցկության օրն է՝ ապրիլի 7-ը։ Այս օրը եւ տոնը իր մեջ կեղծ ատրիբուտիկա ունի, պաթոս եւ ձեւականություն։
Իհարկե, շատերը չեն համաձայնի, կասեն՝ օօօ, ոչ, շատ գեղեցիկ տոն է, կանայք նվերներ են ստանում, իրենց գնահատված եւ սիրված են զգում, լավ խոսքեր են լսում։
Չեմ առարկի, բայց եթե 364 օր կանայք անտեսված են, դժբախտ, չսիրված եւ չգնահատված, միթե այդ մեկ կամ երկու օրվա տոնով կոմպենսացնում ենք մնացածը։
Երկրորդ՝ կանանց երջանկացողը, նրանց ներդաշնակ կյանք պարգեւողը հենց տղամարդիկ են՝ հայր, եղբայր, ամուսին...։ Ֆեմինիստներն այստեղ կառարկեն, կասեն՝ կինը պետք է ինքնաբավ լինի, իր երջանկությունը ոչնչով եւ ոչ մեկով պայմանավորված չպետք է լինի։ Բայց որպես դեռ ավանդական հասարակություն՝ չենք կարող չընդունել, որ մեր կանայք՝ գոնե մեծամասամբ, սիրո, ջերմության, հարգանքի եւ գնահատանքի կարիք ունեն ոչ միայն շրջապատի, ծնողների, զավակների կողմից, այլեւ տղամարդկանց կողմից։
Հիմա քանի գրոշի արժեք ունի բռնարար տղամարդու այսօր կնոջը նվիրած թանկարժեք ծաղկեփունջը կամ օծանելիքը։ Կամ քանի գրոշի արժեք ունի ծույլ, անբան տղամարդու այսօրվա ուշադրությունը, եթե ամբողջ տարի նա չի կարողանում իր կնոջ եւ ընտանիքի արժանապատիվ կյանքը ապահովել։ Սա անձնական մակարդակով, հիմա անանձնական մակարդակով։ Իսկապես մեզանում կան մարդիկ, որ շոյվում են պաշտոնյաների, ղեկավարների շնորհավորանքներից։
Այս իշխանությունը հավերժ մեղավոր է հայ կանանց առջեւ, իսկ այսօր շնորհավորանք հղելը եւ կանանց մեծարելը ցինիկության ժանրից է՝ պարտադիր արարողակարգ, որ չեն կարող շրջանցել։ Բայց ինչքան ցավ եւ վիշտ այս իշխանությունն է պատճառել մեր կանանց, գիտեն միայն կանայք, ովքեր ապրիլի 7-ի եւ ամբողջ կյանքի համար միայն խաղաղություն են ուզում, որ որդի չկորցնեն, այրի չդառնա, ծնողից չզրկվեն...։ Քանի գրոշի արժեք ունի այն մանր ու միջին չինովնիկների շնորհավորանքը, որոնք ամեն քայլափոխի կանանց իրավունքներն են ոտնահարում, թիրախավորում նրանց։ Օրինակ՝ աշխատանքի ընդունելիս երեխա, ընտանիք ունենալը մեծ թերություն է, նույն պաշտոնում կամ աշխատանքում կնոջը ավելի քիչ են վարձատրում, դե հո տղամարդու փող չի ստանա...եւ այս շարքը շարունակելի է։
Այսինքն՝ պետական մակարդակով բավարար իրական մեխանիզմներ, պայմաններ չկան «սիրելի մայրերի, քույրերի» կյանքը ավելի բարելավելու համար, որ կանայք կարողանան կրթություն ստանալ, արժանապատիվ աշխատանք ունենալ, անվճարունակ կանայք չմահանան բժշկական օգնություն չստանալու պատճառով, մայրանալ ցանկացողները՝ մայրանան՝ չմտածելով կենցաղային, ֆինանսական, առողջական խնդիրների մասին, քանի որ պետությունը մայրության հովանավորն է։ Եւ այսպես շարունակ խնդիրները անթիվ, անհամար են, նայեք ձեր շրջապատում, տեսեք՝ ձեր կողքի կանայք երջանիկ են, թե ոչ, ինչու երջանիկ չեն կամ ինչ են ցանկանում երջանիկ լինելու համար...չէ՞ որ կնոջ երջանիկ լինելուց կախված է նաեւ ձեր երջանկությունը, ընտանիքի ամրությունը, պետության կայունությունը...այնպես որ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին նույնաբովանդակ պաթոսային կենացներ ասելուց եւ շնորհավորանքներ հղելուց առաջ պարզապես ամբողջ տարի երջանկացրեք կանանց։