Երբ հավաքականի պարտությունից ավելի շատ ենք նեղվում, քան թշնամու Փառուխ ներխուժումից
Խմբագրական
Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք ազգովի «թեմայի» մեռած ենք կամ այսպես ասած՝ նոր առիթներ, ողբերգություններ ենք փնտրում քննարկելու, քննադատելու, ասելու-խոսելու, մի խոսքով՝ մեր բացասական էմոցիաները պարպելու։ Ընդ որում՝ հաճախ «միավորման» օբյեկտները կամ պոռթկման պատճառները այնքան անկարեւոր, չնչին, երկրորդական են, որ թվում է, թե իսկապես կորցրել ենք իրականության զգացումը կամ մեր հասարակությունը լուրջ վերարժեւորումների շրջան է ապրում։
Հիմա երեկ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց։ Մեր ազգային թիմը Օսլոյում 9։0 հաշվով զիջեց Նորվեգիային։ Մինչ այս, Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էր 2019 թվականի նոյեմբերին Պալերմոյում, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։
Մասնագետները, անշուշտ, իրենց դիտարկումները կներկայացնեն, թե ինչու այդպես եղավ, ինչ պետք է անել եւ այլն։ Բայց, ընդունենք, որ համընդհանուր ողբերգությունը տարակուսելի է, այնպես չէ, որ մեր հավաքականը միշտ խոշոր հաշվով հաղթել է, սա աննախադեպ պարտություն է, կամ մեր հավաքականը այնքան լավ տվյալներ ունի, որ նման պարտությունը անսպասելի էր։
Քավ լիցի, իհարկե, տեղի ունեցածը խայտառակ պարտություն է, որի համար պատասխանատու է թե հավաքականի մարզչական շտաբը, թե ՀՖՖ-ի ղեկավարությունը։ Նրանք պետք է պատշաճ բացատրություն ներկայացնեն, եւ եթե չեն կարողանում մեր ֆուտբոլը հասցնել իքս մակարդակի, հեռանան։ Չէ՞ որ մեր ֆուտբոլասեր հանրությունը միշտ զգայուն եւ հետեւողական է հավաքականի խաղերի նկատմամբ, քաղաքական իշխանությունն էլ պակաս պահանջատեր չէ, մենք տեսել ենք, թե ինչպես է ֆուտբոլի աշխարհում ղեկավարություն փոխվում պարտությունից հետո, դա համարել ենք բնական եւ ճիշտ։ Հիմա ղեկավարությունը կամ պետք է հրաժարական ներկայացնի, կամ պատճառաբանի, թե ինչու հրաժարական չի տալիս, ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։
Հիմա սրանք քայլեր են, որոնք պետք է արվեն։ Իսկ իրականության մյուս կողմում՝ հանրության արձագանքն է տեղի ունեցածին, մեծ ողբերգություն ապրելը, ինչը մի քիչ տարակուսելի է։ Չէ՞ որ սա ընդամենը խաղ է, սպորտ է, որտեղ կարող է նաեւ պարտություն գրանցվել, մեր դեպքում՝ ավելի հաճախ է նման ելք գրանցվում, ինչը, իհարկե, ցանկալի չէ, բայց ինչ արած։ Հիմա ֆուտբոլիստներին, ֆեդերացիային, մարզիչին հակահերոս դարձնելն էլ մի ուրիշ ծայրահեղություն է, որովհետեւ այդ նույն մարդիկ ոչ վաղ անցյալում հերոս էին մեզ համար ամեն խփած գնդակից հետո։ Մեր ունեցածը այս հավաքականն է, որին պետք է երկրպագել՝ անկախ խաղի ելքից, օգնել, պահանջել, գոտեպնդել, բայց ոչ համազգային ողբերգություն դարձնել։
Երեկվա պարտությունից հանրությունը ավելի շատ է ազդվել, քան ադրբեջանցիների՝ Փառուխ ներխուժումից, Արցախում ստեղծված իրավիճակից։ Ասվածի վկայությունն է այն, որ փողոցում լրագրողական հարցումներ իրականացնելիս հարցվածների մեծ մասը անտարբեր է Արցախում ստեղծված իրավիճակի հանդեպ, չի ցանկանում անդրադառնալ եւ այլն։ Մինչդեռ Արցախում թշնամու առաջխաղացումը եւ ամրապնդումը ուղղակի նշանակում է Արցախի կորուստ, հայաթափում, Հայաստանի կորուստ, որը, ի դեպ, անհավանական չէ։ Երեք տարի առաջ ոչ ոք անգամ չէր էլ կարող կասկածել, որ Շուշիում, Հադրութում իր տունը կկորցնի, Ստեփանակերտում կապրի ամենօրյա սպառնալիքների, զրկանքների մեջ՝ մի օր գազ չի ունենա, մի օր էլեկտրաէներգիա, մի օր ջուր...։ Թշնամու ախորժակն էլ 44օրյա պատերազմից հետո լավ բացվել է, հետեւաբար՝ Արցախը վերջնական գրավելուց հետո իսկ ինչու չգրավել նաեւ Հայաստանը...։ Բայց կարծես այս անվտանգային սպառնալիքը, հայրենիքի կորուստը այնքան էլ հանրային արձագանքի, համընդհանուր ցավի, ողբերգության պատճառ չեն դառնում, որքան հավաքականի պարտությունը...։ Փաստորեն՝ խաղում, սպորտում պարտվելու հետ չենք հաշտվում, իսկ հայրենիքի կորստի հետ, պատերազմում պարտության հետ հեշտ ենք համակերպվում։