Գարիկ Սարգսյանը գտավ վեդեցիների սիրտ տանող ճանապարհը. համայնքապետ՝ երկրորդ փորձից
Վերլուծական
Երեկ Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Երկրորդ փորձից այստեղ ՔՊ-ն իշխանության եկավ։
Հիշեցնենք, որ դեկտջեմբերի 5-ի տեղի ունեցած ընտրություններում 3 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնքը», սակայն որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: Այստեղ պայքարը շատ թեժ էր ընթանում, մրցում էին երեք ուժեր՝ ՔՊ-ն՝ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ Գոջո մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ և «Հզոր համայնք» կուսակցությունը՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ։ Վերջինս այստեղ առաջատարն էր. Նա ստացել էր 8666 քվե կամ 44,08%, երկրորդը՝ ՔՊ-ն է՝ 7690 քվեով կամ 39,12%-ով, իսկ Գագիկ Հակոբյանը ստացել էր 3299 քվե կամ 16,78%։
Ընտրություններից մեկ ամիս անց նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը նշանակվեց համայնքի ղեկավարի ժ/պ։
Երեկ կայացած ընտրություններում արդեն պատկերը այլ էր։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններում ընդհանուր 37 069 ընտրողից քվեարկության էր մասնակցել 20 125-ը, կամ 54.38%-ը, երեկ կայացած ընտրություններում ընդհանուր 37 015-ից մասնակցել է 23 378 կամ 63,16%-ը։ ՔՊ-ն ստացել է 13 139 ձայն կամ 56,2%-ը, «Իմ հզոր համայնքը»՝ 9 694-ը կամ 41,5%, անվավեր քվեաթերթիկների թիվը 545 է կամ 2,3%։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 104.1 հոդվածով՝ 25 001-ից 70 000 ընտրող ունեցող համայնքում ավագանու անդամների թիվը 27 է։ Ավագանու մանդատների բաշխումը հաշվարկում են Թոմաս Հեյրի բանաձեւով՝ Q=V/S, քվոտան ընտրված համարվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն թիվն է. V-ն ստացած ձայների քանակն է, S-ն՝ մանդատների քանակ։ Բայց քանի որ այստեղ մասնակցում էին երկու ուժեր, թվով շատ մանդատներ կստանա ՔՊ-ն՝ առնվազն 14։
Երեկ միջադեպ է գրանցվել Ուրցաձոր համայնքում. ՔՊ-ի կողմնակիցները 13/24 տեղամասի մուտքի մոտ հարձակվել և ծեծի էին ենթարկել մի այլախոհ անձի։
Ըստ ականատեսների՝ դա տեղի էր ունենում ոստիկանության զորքերի` առնվազն երեք ծառայողների աչքի առջև, որոնք, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն, հանդիսատեսի դերն էին ընտրել։
Բայց ընդհանուր առմամբ, բավականին խաղաղ մթնոլորտում էին անցնում ընտրությունները։ Լուրջ խախտումների, միջադեպերի, բացի վերը նշվածից, ահազանգերի մասին չի հաղորդվել։ Այդուհանդերձ տարակուսելի էր, մեծ հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ, հատկապես ներկայիս լարված իրավիճակում։
Հարցերի տեղիք է տալիս թե ՔՊ վերնախավի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին, անգամ կուսակցության վարչության ղեկավար, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր եկել աջակցելու թիմակցին, թե ընդդիմադիր դաշտի կողմից հետաքրքրվածությունը։ Ամենևին չպակասեցնելով Վեդի համայնքի դերն ու նշանակություն է, հարկ է նշել, որ մինչ այժմ համայնքը, մեղմ ասած, այնքան էլ ուշադրության կենտրոնում չի եղել, ինչպես օրինակ Գյումրին և Վանաձորը, սակայն երեկ թե լրատվամիջոցների ներկայացվածության աստիճանը, թե ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությունը, թե բնակիչների ոգևորվածությունը և եռուզեռը առնվազն զարմանալի էր։
Ինչ վերաբերում է արդյունքներին. Գարիկ Սարգսյանը այս իշխանության հավատարիմ կողմնակիցներից է, ինչի արդյունքը նրա կարիերայի թռիչքային աճն էր՝ գյուղապետից մարզպետ, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար։ Որքան թռիչքային եղավ աճը, այնքան էլ թռիչքային էր անկումը։ Մամուլը բազմիցս գրել է, որ վերջին շրջանում Սարգսյանից թիմում գոհ չեն, դրա համար էլ նրան «գործուղում» են Վեդի՝ համայնքապետի պաշտոնին։ Ներթիմային լարվածությունը էլ ավելի խորացել էր նախորդ ընտրություններում գրանցած պարտությունից հետո։ Բայց Սարգսյանը գտավ վեդեցիների սիրտ տանող ճանապարհը. Համայնքապետի ժ/պ նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում Սարգսյանը ջանք ու եռանդ չխնայեց Վեդի քաղաքում և համայնքներում երևացող բարեփոխումներ կատարելու և սեփական PR-ը անելու ուղղությամբ։ Կոյուղագծերի փոփոխություն, ճանապարհների բարեկարգում և վերանորոգում, գազատարների կառուցում, համայնքում գործող միակ լուսացույցի փոխարինում, ծառայողական մեքենայից հրաժարում հօգուտ համայնքի և այլն։ Իհարկե այս ամենը ուղեկցվում էր համայնքի բնակիչների հետ հանդիպումներով։ Այս ամենից զատ մեծ և կարևոր էր նաև այն մարդկանց աջակցությունը, ովքեր Վեդիում հեղինակություն են և կարողացան «գործ անել» ՔՊ-ի համար՝ ապահովելով ձայների մեծամասնություն։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ Սարգսյանի հակառակորդ Սպարտակ Թարթիկյանին էլ հետևում էր «նախկինների փառքը», ընտրությունների ներկայիս արդյունքը կանխատեսելի էր։
Ինչևէ, Վեդիի ՏԻՄ ընտրությունները, որը իշխանության կողմից չընդունված արդյունք էր գրանցել և օդում կախված հարց էր, հաղթահարեցինք։ Թե ինչ հետևանք կունենա վեդեցու ընտրությունը՝ ժամանակը ցույց կտա, բայց ականտես եղանք, թե ինչպես ներկայիս իշխանությունները ՏԻՄ-երում կրած պարտությունը կրկին սրբագրեցին՝ մի շարք համայնքներում ունեցած փորձը աչքների առաջ ունենալով։
Արփինե Պետրոսյան