Ժողովրդավարության բաստիոն կառուցելու ճանապարհին նախ ձնամաքրման աշխատանքները կազմակերպեք
Խմբագրական
Այս տարի ձյունը բառի բուն եւ ամենաիրական իմաստով անակնկալ է մատուցել իշխանություններին։ Եթե նախորդ տարիներին ձմռան կեսին տեղացած ձյան ոչ պատշաճ մաքրումը կես կատակ կես լուրջ պայմանավորում էինք «եղանակային անակնկալներով», ապա այս անգամ հենց անակնկալի հետ էլ գործ ունենք։ Վերջին տարիներին դժվար է մտաբերել, որ մարտ ամսվա կեսին նման առատ ձյան տեղումներ կարող են լինել։
Տեղացած առատ ձյան պատճառով փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան, Գնդեվազ-Ջերմուկ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Կապան-Տաթև-Գորիս, Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները։
Ճանապարհների փակ լինելու պատճառով քաղաքացիները բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել, մեկը չի կարողանում աշխատանքը գնալ, մյուսը՝ տուն վերադառնալ, երրորդը՝ բուժօգնության համար դիմել եւ այսպես շարունակ։
Իհարկե, տեղացած ձյունը այնքան էլ անակնկալ չէր՝ հաշվի առնելով, որ օդերեւութաբանները քանիցս զգուշացրել եւ կանխատեսել էին տեղումները։
Հենց նման իրավիճակներում են երեւում մեր երկրի հնարավորությունները, իշխանությունների աշխատանքը կամ չաշխատանքը։
Այս իրավիճակում ամենահեշտը հայտարարելն է, թե ճանապարհները փակ են, երթեւեկեք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Հարց է առաջանում՝ միթե մենք առաջին եւ միակ երկիրն ենք, որտեղ տասնյակ տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ առատ ձյուն է եկել եւ ճանապարհները փակվել են։ Կան չէ՞ բազմաթիվ երկրներ, որոնք տարվա մեծ մասը ճաշակում են ձմռան հարստությունը, հիմա պատկերացնո՞ւմ եք այդ երկրներն էլ մեր պես լինեին, տարվա մեծ մասը բնակիչները պետք է տանը մնային, որեւէ տեղ չգնային։ Բայց 21-րդ դարում դժվար է գտնել մի երկիր, որտեղ ձյան առատ տեղումները կարող են կոլապս առաջացնել։ Օրինակ՝ առատ ձյունը ռուսների կյանքի անբաժան մասն է, բայց այնտեղ այնքան լավ են կազմակերպված մաքրման աշխատանքները, որ մարդկանց չերթեւեկելու կոչեր չեն անում։
Իրականում, իհարկե, ամեն ինչն էլ կապված է երկրի տնտեսական հնարավորությունների, ենթակառուցվածքների հետ, բայց պատշաճ ձնամաքրում իրականացնելն ամենառաջնային ծառայությունն է, որ պետությունը պետք է կարողանա իրականացնել։
Հիմա մայրաքաղաքում արեւի եւ մեքենաների «շնորհիվ» ձյունը հալվում է, իսկ ձնամաքրման աշխատանքների իրականացման եւ հսկողության որակը տեսնում ենք երկրորդային փողոցներում եւ մայթերում։ Հետեւաբար՝ եթե մայրաքաղաքի հարցը «հանգամանքների բերումով» լուծվում է, կարելի է ուժերը կենտրոնացնել մարզերի վրա։ Փաստացի՝ այսօր Սյունիքը կտրվել է Հայաստանից, մարդիկ չեն կարողանում գալ, գնալ աշխատանքի, հիվանդին հասցնել Երեւան, որովհետեւ ոչ միայն ավտոճանապարհներն են փակ, այլեւ անգամ Սանավիացիայի ուղղաթիռը չի կարող օդ բարձրանալ։ Հիմա աշխարհի մակարդակով համեմատություններ անելիս եւ զանազան վարկանիշային աղյուսակներում մեր բացառիկ տեղը շեշտելիս իշխանությունները ճիշտ կանեին գոնե ձնամաքրման աշխատանքների հարցը լուծել մեկընդմիշտ, որ տասը տարվա ընթացքում մեկ էլ հանկարծ եղանակը որոշի մեզ այսպես պատժել, Հայաստանի մարզերը չկտրվեն աշխարհից։
Ի դեպ, եթե անգամ մայրաքաղաքի ճանապարհները անցանելի են, ապա փողոցներում գոյացած փոքրիկ լճերը խոսում են ջրահեռացման համակարգի չաշխատելու, էլ չասած ամեն տարի «կարկատվող» ասֆալտի որակի մասին։
Այնպես որ ժողովրդավարության բաստիոն կառուցելիս նախեւառաջ տարրական հարցերը կարգավորեք՝ սկսած ձյան մաքրման աշխատանքներից վերջացրած ջրահեռացում, ասֆալտապատում։ 21-րդ դարում նման խնդիրները դեռ չլուծած՝ աշխարհը մեր տաղանդով գրավելու, հզոր բանակ եւ երկիր կառուցելու մասին երազելը երազանք էլ կմնա։