Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը եւ նրան կալանավորելու լուրերը. ինչ «փորացավ» ունի իշխանությունը
Վերլուծական
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությանը եթերում խոսել է Հայաստանի աշխարհաքաղաքական դերի մասին, ինչը ֆեյսբուքյան տիրույթում լայն քննարկումների առարկա է դարձել։
Գործարարը, ում կապում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարների հիմնած «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ասել է, որ եթե անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի «ամենահաջողված ռեգիոնը», ինչպիսին է օրինակ Թաթարստանը։ «Եթե հարցը այդպես է դրված, պետք է մտածել՝ ոնց անենք, որ Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը լինենք, ոչ թե, ասենք, ինչ-որ աղքատ ռեգիոն, որոնք կան Ռուսաստանում։ Եթե մենք նորից դառնում ենք մեծ երկրի մի մաս, մի շարք հարցեր կան, որոնց պիտի անդրադառնանք, օրինակ՝ ոնց անենք, որ մեր լեզուն պահպանենք և այլն»,- հայտարարել է գործարարը։
Ռուբեն Վարդանյանը նաև ասել է, որ մոտ ապագայում չի տեսնում Հայաստանն այլ աշխարհաքաղաքական բևեռում:
Հատկանշական է, որ այս հարցազրույցից հետո իշխանական Freenews լրատվականը, հղում անելով մեկ այլ իշխանական MediaNews կայքի, հրապարակեց Ռուբեն Վարդանյանի հնարավոր կալանավորման մասին տեղեկություն։ Ըստ կայքի՝ Վարդանյանն օրեր առաջ հարցաքննվել է փողերի լվացման թեմայով։
«Փողերի լվացման թեմայով հարցաքննվելուց հետո ձերբակալության մոտալուտ վտանգը զգալով Վարդանյանը փորձեր է անում ստեղծել տպավորություն, թե իբր Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, իսկ ինքը փորձում է պայքարել դրանց դեմ և կարող է դառնալ ռուսական կողմի սրտի թեկնածուն։ Պատահական չէր նաև ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Վարդանյանը պատրաստվում է առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս կերպ Վարդանյանը փորձեր է անում կերտել սեփական անձից քաղաքական կերպար, միաժամանակ օգնություն աղերսելով ռուսական կողմից, որպեսզի հետագայում իր հարցաքննությունը ու, բացառված չէ, նաև ձերբակալությունը որակի որպես քաղաքական հետապնդում»,- գրում է կայքը։
Ինչպես երեւում է՝ իշխանական լրատվամիջոցի խնդիրը ոչ այնքան Վարդանյանի հայտարարություններն են անկախությունը, ինքնիշխանությունը կորցնելու մասին, որքան վերջինիս՝ Ռուսաստանի «սրտի» թեկնածու չդառնալը, այս «սուրբ» տեղը իշխանությունը չի պատրաստվում զիջել, քանի որ դա կնշանակի իշխանության կորուստ, որը շատ ավելի թանկ է, քան պետականությունը։