Սկզբից գրադարան, որ Սաֆարիի մասին գիրք կարդամ, հետո Սաֆարի, վերջում սաունա. բլից հարցազրույց Ռաֆիկ Խանդանյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։
Ռաֆիկ Խանդանյանը' առանց պատմուճանի:
-Ընկեր, դասախոս, որսի ու սպորտի հանդեպ սեր ունեցող մարդ:
Մանկության վառ հուշ:
-Դպրոցական տարիներին պապս արգելում էր դպրոց գնալ, առանց թեյ խմելու ու տատիս պատրաստած կարկանդակը ուտելու: Ամենակարևորը, նախաճաշի սեղանը պատրաստում էր պապս: Մի զարմանահրաշ մարդ:
Քանի՞ հայրական ապտակ եք ստացել:
-Ես հայրական խրատներ եմ ստացել ու դրանցից առաջինն այն էր, որ մարդկային խոսքն ու դրա ուժն ամենակարողն են:
Աղջիկների համար կռիվներ, թաքուն ծխել, հայրիկի մեքենան գողանալ...
-Առանց դրանց կյանքը կկորցնի իր գույները: Ամեն ինչ էլ եղել է, նորմալ, բնական պատանեկություն և երիտասարդություն եմ ունեցել:
Դաշնամո՞ւր, թե՞ սպորտ...
-Սպորտն ինձ համար, դաշնամուրը, որ նվագեն լսեմ: Սիրում եմ դասական երաժշտություն, երեւակայություն է արթնացնում: Վատ չէր լինի, որ նվագել իմանայի:
Ո՞վ էր քննությունները ստանում համալսարանում:
-Չճաշակեցի այն բերկրանքը, որ քննությունից մի օր առաջ խնջույքի լինեմ ու չհիշեմ, որ հաջորդ օրը քննության եմ:
Առաջին սեր:
- Մանկապարտեզում էր, չեմ հիշում։
Կաշա՞ռք տվել եք որևէ մեկին, իսկ Ձեզ տվել, առաջարկե՞լ են:
-Ես ի սկզբանե, ցույց եմ տվել ու ցույց եմ տալիս, որ կաշառքի լեզուն ինձ խորթ է ու փորձեր անողներ չեն եղել:
Դո՞ւք եք լավ դատում, թե՞ Ձեր հայրը:
-Դատվածներից հարցրեք:
Ամենաշատն ինչքա՞ն եք խմել, ի՞նչ և ի՞նչ առիթով:
-Դեռ չեմ հասցրել ամենաշատ խմելուն, կյանքը դեռ առջևում է:
Սաֆարի, սաունա, թե ազգային գրադարան:
-Սկզբից գրադարան, որ Սաֆարիի մասին գիրք կարդամ, հետո Սաֆարի, վերջում սաունա:
Քյուֆթա՞, թե՞ փախլավա:
-Քյուֆթա, վրայից փախլավա:
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսին եք նմանեցնում:
-Չեմ հանդիպել իմ կինոյի ու գրքի հերոսին: Ես դեռ ռեժիսորին ու հեղինակին եմ նմանեցնում:
Կյանքի դասեր:
-Կյանքը դաս չէ։
Ձեր մականունը կամ բամբասանք ձեր մասին:
-Մականուն չունեմ, բամբասաք չեն պատմել, չնայած ինձ Դուբայում ինքնաթիռ ունենալ էին վերագրում, վատ չէր լինի:
Մուրճ ունե՞ք, իսկ քանի՞ պատմուճան ունեք:
-Մուրճ ունեմ, ընկերս է նվիրել: Մի պատմուճան։
Ինչի՞ համար եք զղջում:
-Չեմ զղջում:
Ո՞ւմ եք սիրում:
-Ընտանիքիս:
Ումի՞ց եք դժգոհ:
-Գիտնականներից, որ չեն կարողանում ծերության դեմ առավել արդյունավետ պայքարել:
Երբ զայրանում եք, աթոռնե՞րն եք ջարդում, եղունգնե՞րն եք կրծում...
-Լուռ ու անվնաս վայելում եմ սիգարի անուշ համը:
Երբ զարմանում եք...
-Կորցրել եմ զարմանալու ունակությունս:
Ուրախանալիս թռչկոտում եք...
-Թռչկոտացնում եմ:
Հիասթափվում և հուսահատվում եք մեր հարցերը լսելիս, թե...
-Ինձ դժվար է հիասթափեցնելը, իսկ հուսահատեցնելը՝ գրեթե անհնար:
Վախենո՞ւմ եք մթությունից, թե՞ բարձրությունից:
-Վախենում եմ, երբ ինձ հարազատ մարդիկ են մթության մեջ' բարձրության վրա ու ես նրանց հետ չեմ:
Հավատում եք Աստծուն, թե…
-Թե չկա: Բացառապես ԱՍՏԾՈՒՆ: Հավելեմ, ես Աստվածավախ մարդ եմ:
Դուք էլ հոգսեր ունեք:
-Փաստորեն...
Խենթ արարք:
-Հանրայնացման ենթակա չէ:
Շիկահեր, թե սևահեր:
-Մազի գունը կապ չունի, կարեւորը արժեքներն են։
Ընտանիքը:
-Հայկական ավանդույթներով, սովորական ընտանիք: Կարճ ասած' մութ անտառ, ինչպես բոլորինը:
Երեխաները:
-Սեր, ջերմություն, հավատ, պայքարելու և նոր բարձունքներ նվաճելու անկոտրում ուժ: Մեր փայլուն ապագան կերտողները:
Փողը:
-Անչափ կարևոր է, որ փողը ղեկավարվի մարդկանց կողմից, ոչ թե մարդիկ փողի: Երբեմն փողը դառնում է անկառավարելի:
Չիրականացված երազանք:
-Պարաշյուտից թռնել։
Թուլություններ, թերություններ:
-Շատ են, չասեմ, որ չօգտվեն:
Զանգ ԲԴԽ-ից:
-Սպասում եմ այդ զանգին, բայց ուշանում է:
Խորհրդակցական սենյակում:
-Սաֆարի ու ազգային գրադարան:
Հարց շարքի հաջորդ մասնակցին:
-Իրական կյանքում ինչպե՞ս եք պայքարում անարդարության դեմ:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը Ձեզ հարցնում է՝ ինչ կա չկա։
-Մեր երկրում ամեն ինչ կա։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են դատավորներ Ալեքսանդր Ազարյանը , Գագիկ Հովհաննիսյանը , Քրիստինե Մկոյանը, Գեւորգ Նարինյանը , Անի Հարությունյանը , Սուրեն Մնոյանը:
Շարքը՝ Ինգա Մարտինյանի