Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը
Հայտարարագիր
ArmDaily.am -ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ունեցվածքը:
Ով է Քրիստինե Գրիգորյանը
Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:
2004-2009 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։ 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
Ունեցվածքը
Գրիգորյանը 2020 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 2-ին։ Նա հայտարարագրել է 1 բնակարան Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանում՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Գրիգորյանը միանձնյա սեփականատեր է, բնակարանը գնել է 2015 թվականին։
Նորանշանակ ՄԻՊ-ի բանկային հաշիվներին տարվա սկզբում 1,791,505 դրամ է եղել, տարվա վերջում՝ 7,272,840 դրամ։ Նա նաև հայտարարգրել է 3,100,000 դրամ և 9,000 դոլար կանխիկ գումար։ Այն նույնությամբ պահպանվել է տարվա վերջում։
Գրիգորյանը եկամուտի երկու աղբյուր է ունեցել՝ որպես փոխնախարար նա արդարադատության նախարարությունից աշխատանքի դիմաց վարձատրություն է ներկայացրել 11,781,235 դրամ, ինչպես նաև Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 85,000 դրամ։
Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։