Մշակույթը Մակունցի մեջ է, Պետգույքը՝ Առնակի. երբ պաշտոնյայի սոցցանցի էջը փոխարինում է տվյալ հիմնարկի պաշտոնական էջին կամ կայքին
Վերլուծական
Մեր պաշտոնյաները հաճախ ոչ միայն իրենց նույնացնում են պետության, տվյալ պետական մարմնի, ոլորտի հետ, այլեւ իրենց վեր են դասում տվյալ պետմարմնից՝ գերագնահատելով սեփական անձը։
Ասվածի վկայությունն է այն, որ, օրինակ, մի շարք պետական հիմնարկների կայքեր վաղուց դադարել են ինֆորմացիայի աղբյուր դառնալ, տվյալ հիմնարկի վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են ղեկավարի ֆեյսբուքյան էջում։ Այս ղեկավարներին թվում է, թե այդ հիմնարկները իրենց սեփականությունն են, առհավետ են պաշտոնը զբաղեցնելու, հետեւաբար՝ ողջ պաշտոնական տեղեկատվությունը կարող են զետեղել իրենց էջում։ Հարց է առաջանում՝ իսկ եթե մի օր ազատվեք պաշտոնից, որոշեք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ի՞նչ է լինելու պաշտոնական տեղեկատվության հետ։ Կամ վերջին հաշվով՝ եթե մի օր Ցուկեբերգը որոշեց, որ գործիչները «փեյջեր» չեն ունենալու եւ վայրկյանների ընթացքում ջնջվեն էջերը, ի՞նչ է լինելու մի ամբողջ հիմնարկի տարիների տեղեկատվության հետ, չէ՞ որ ժամանակակից տեխնոլոգիաները որքան արդյունավետ են, նույնքան էլ անհուսալի են։
Այս տարրական ճշմարտությունը, սակայն, կարծես չեն հասկանում ոչ պաշտոնյաները, ոչ էլ նրանց մամուլի խոսնակները եւ լրատվական ծառայությունները, որոնք իրենց աշխատանքը եւ ջանքերը ուղղում են միայն ղեկավարի անձնական PR-ով զբաղվելուն։
Ասվածի վկայությունն է տարածված հայտարարությունը, թե հետայսու կարող եք Պետգույքի կառավարման կոմիտեի գործունեությանը հետեւել Առնակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում, ճիշտ է հայտարարության մեջ նշված են նաեւ կառույցի ֆեյսբուքյան եւ պաշտոնական էջերը, բայց գրվածից տպավորությունն էր, որ «կառույցը հեչ, Առնակը՝ մեջ»։ Ընդ որում՝ սա պարզապես որպես թարմ հայտարարության օրինակ, որը կարող էր մեր ուշադրությանը չարժանանալ եթե «նաեւ» շաղկապ լիներ։ Կան շատ ավելի ծանր դեպքեր, թե ինչ բուխտի բրախտի վիճակում են գերատեսչությունների կայքերը, որոնց ստեղծման համար միլիոններ են ստեղծվել, ոչ պակաս տխուր վիճակում են գերատեսչության ֆեյսբուքյան էջերը, փոխարենը բոլոր ջանքերը ուղղված են ղեկավարի դերը եւ անձը ներկայացնելուն, անգամ պաշտոնական կայքում եւ էջում տարածված տեղեկությունը ղեկավարի անձի շուրջ է պտտվում։
Մեկ այլ օրինակ՝ հաղորդագրություն է տարածվում ընդամենը երեք նախադասությամբ կամ հինգ տողով, փոխարենը կից ղեկավարի 20 ֆոտոները տարբեր պոզաներով, աչքերի տարբեր նայվածքով։ Տպավորություն է, թե նպատակը ոչ թե հանդիպումը, կարեւոր նախաձեռնությունը եւ հայտարարությունն է, այլ ղեկավարի համար մոդելային պորտֆոլիո հավաքելը։
Մի խոսքով՝ Լիլիթ Մակունցի «Մշակույթը ես եմ» արտահայտությունը համակել է բոլորին բառիս բուն իմաստով, այսպես Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանը ինքն է, նրա թիմակիցներից յուրաքանչյուրն էլ իրեն նույնացնում է այն ոլորտի հետ, որը կառավարում է, դե իսկ աշխատակիցներին էլ ոչինչ չի մնում անել, քան սպասարկել ղեկավարի ամբիցիաների բավարարմանը, ցույց տալ, որ իսկապես նրանք դեմք են՝ համարյա կիսաաստված։