Մամ, մենք պետք է հաղթենք, որ մեր էրեխեքին էս կռիվը բաժին չհասնի. Ազատանցի Հրաչ. Հերոսը
ՀերոսըՀրաչ Մահտեսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 19-ին՝ Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ Հրաչի մայրիկը՝ Ալմաստը, պատմում է, որ Հրաչը շատ լուրջ էր, բնավորությամբ հանգիստ ու համեստ։ «Չափից ավելի համեստ էր, ամեն մարդու հետ չէր շփվում, լուրջ տղամարդ էր։ Ինքը փոքր ժամանակվանից էլ շատ աշխատասեր, խելացի, ամեն ինչից հասկանում էր, ամեն ինչ կարող էր անել։ Դպրոցն ավարտելուց հետո Գյումրիի Դոսաֆում սովորեց, զորակոչվեց բանակ որպես վարորդ։ Արդեն մասնագիտացված գնացել էր։ Ինքը շատ էր ուզում ծառայել, շուտ գար, նպատակներ ուներ, տուն էր ուզում սարքել։ Մենք գյուղում չենք ապրում՝ Մարալիկ ենք ապրում, բայց ինքը իր գյուղը շատ էր սիրում ու շատ էր ուզում այնտեղ տուն սարքել, որ գյուղը իմանար, որ դա Հրաչի տունն էր։ Ինքը միշտ ասում էր՝ գյուղի սկիզբը տուն պիտի սարքեմ, որ բոլորն ասեն՝ Հրաչի տունն է։ Ինքը իրենց գյուղը շատ էր սիրում ու բանակում էլ եթե հարցնում էին՝ լեննինականցի ես, ինքն ասում էր՝ չէ, ես ազատանցի եմ՝ լեննականցի չեմ։ Հինգ րոպեի ճանապարհ է Ազատանից Գյումրի, բայց ինքը ազատանցի էր ու մինչև վերջ էլ ազատանցի մնաց։ Ու իր երազած տունը, որ գյուղի սկիզբը ինքը տուն պիտի սարքեր՝ հիմիկվա իր տունն է հիմա՝ գյուղի սկիզբն է Ազատանի ու ինքն այնտեղ է՝ հենց գյուղի սկզբում, ոնց որ երազում էր»,-պատմում է Ալմաստը։
Նա ասում է, որ Հրաչը շատ էր սիրում հողի հետ աշխատել, երազում էր մեծ բեռնատարի վարորդ դառնալ, որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո հենց այդ աշխատանքով գումար վաստակել։ «Ինքը մեր տան տղամարդն էր, ես իրենից իրոք զգաստանում էի, ինքը իմ էրեխեն էր, բայց ես իրենից զգաստանում էի։ Ինքը շատ էր հավատում Աստծուն, պատերազմի օրն էր՝գիշերը 22.30-ն էր, ասեց մամ, գնա եկեղեցի, մոմ վառի։ Հարևանի հետ գնացի, մոմը վառեցի։ Իրենց դպրոցում դասարանում փառքի անկյուն բացեցին՝ իրենց դասարանից երեք զոհ ունեին, իսկ գյուղում տասը զոհ, փոքր գյուղում տասը զոհ»,-պատմում է Ալմաստը։
Մայրը նշում է, որ Հրաչը շատ գոհ էր ծառայությունից, երբեք չի դժգոհել ու չի տրտնջացել, իր համար ամեն ինչ լավ է եղել, շատ գոհ է եղել ծառայությունից։ Հրաչը սակրավոր է եղել ու հուլիսյան դեպքերից հետո նրանց հանել են դիրքեր՝ հունիսից մինչև սեպտեմբերի 23-ը դիրքերում են եղել, 23-ին իջել են զորամաս, իսկ սեպտեմբերի 26-ին ավտոպարկում զինվորական հերթապահության են եղել։ Ալմաստը պատմում է, որ ամեն օր զրուցել է որդու հետ ու շատ երկար զրուցել են։ Մայրը համոզված է, որ չնայած որդին ոչինչ չի ասել, որ իրավիճակը հնարավոր է լարված լինի, սակայն վստահ է, որ թե իր որդին, թե մյուսները իմացել են ու նույնիսկ սկսել են պատրաստվել։ «Պատերազմի մասին լուրերից եմ իմացել։ Հրաչը Մեղրիում էր ծառայում՝ Նախիջևանի կողմից Օրդուբադի դիրքերն էին պահում, հոկտեմբերի 1-ի գիշերը, ամսի 2-ի վաղ առավոտ իրենց այդտեղից տեղափոխում են Ջրական, բայց ոչինչ չի ասել, ասել է, որ հիմա խառն է, կարող է չկարողանամ զանգել։ Օրվա մեջ մի անգամ զանգում էր կամ գրում էր՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Հրաչի հորեղբոր տղային ամսի 4-ին ՄՈԲ-ի տղաների հետ տարել են Ջրական, ես պատահական զանգեցի ու ինքն իմանալով, որ Էդգարին տարել են Ջրական, ասեց՝ ոնց, էստեղ կրակ է թափվում, կրակից կարկուտ է թափվում, Էդգարին ո՞ւր են տարել։ Նոր իմացա, որ ինքը Ջրական է՝ մեզ ոչինչ չէր ասել ու իրենց վաշտի տղաները ծնողներին չէին ասել, որ Ջրականում են»,-ասում է Ալմաստը։
Մայրը պատմում է, որ Հրաչը վերջին անգամ իր հետ խոսելուց գոտեպնդել է իրեն ու խնդրել ուժեղ լինել. «Վերջին զանգելուց ասեց՝ մամ, դու ուժեղ ես, դու Անդո ունես, խոստացիր, որ Անդոյիս դու լավ կպահես։ Դու Անդո ունիս, բա ուրիշներն ինչ անեն, որ էդ Անդո էլ չունեն։ Ինքն Անդոյի համար իրոք պապա էր ու Անդոն իրեն լսում էր, մի ուրիշ ձևի պաշտում էր, իրենք իրար հետ շատ կապված էին։ Հոկտեմբերի 9-ին զանգեց, միշտ զանգում էր, բայց այդ օրվա պես երկար չէինք խոսել՝ հատկապես պատերազմի օրերին, բայց էդ օրը զանգել էր, խոսեց, խոսեց, ու արդեն պատմում էր, թե ինչ է կատարվում։ Մինչ այդ պատմում էր, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք թաքստոցներում են, բայց այդ օրը պատմեց, ասեց մամ ջան, տղուդ մեդալներով ես դիմավորելու։ Ասեց, մամ գիտես ինչ ենք արել՝ չորս թուրքի ենք բռնել, իրենց ռազվեդկի պետին ու իր հետ եղած երեք զինվորականներին։ Էրեխեքը նկարվել էին դրանց անձնական իրերով, կասկաներով, ու թուրքի բառերով այդպես կատակում էին, ուրախանում՝ իրենց վաշտի տղերքը։ Բայց ոչ մեկ էլ չիմացավ, որ այդպես բան են արել։ Ու հաջորդ օրն իրենց տեղափոխելու ժամանակ այդ դեպքը եղավ»։
Ալմաստը պատմում է, որ Հրաչը պատմում էր, որ թշնամին շատ մեծաթիվ էր ու կարող էին կրակել, առանց ոտքի ու ձեռքի շարունակում էին հարձակվել՝ կարծես ոչինչ չի եղել, ինչ որ սրսկումների արդյունքում։ Հրաչը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 9-ին։ Ալմաստը պատմում է, որ իրենք նյութեր ունեն, որ վաշտի հրամանատարը իջեցրել է զինվորներին Ուրալից, բացազատել է, որպեսզի ԱԹՍ-ն չհարվածի, սակայն գալիս է գնդապետ Վերանյանն ու հրաման տալիս զինվորներին բարձրանալ Ուրալ՝ հայտարարելով, որ ԱԹՍ-ն ոչ թե զինվորների, այլ ՀՕՊ-ի խնդիրն է՝ 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածում է Հրաչին ու իրենց վաշտը տեղափոխող Ուրալին ու միայն մեկն է փրկվում։ «Հասկանում եմ՝ պատերազմ էր, պիտի զոհվեին, բայց ոչ բոլորը, գոնե մի քանիսը ողջ կմնային, ոչ թե բոլորը կզոհվեին։ Գոնե մի քանիսը տուն կգային՝ իրենց վաշտի բոլորը մահացել են։ Անդրանիկ Վերանյանի սխալ հրամանի պատճառով Հրաչենք իրենց վաշտի բոլոր տղաներով զոհվել են՝ միայն մեկին է փրկվել»,-պատմում է Ալմաստը։
Հրաչի հորեղբոր տղան՝ Էդգարը թույլտվություն էր վերցրել՝ հոկտեմբերի 17-ին Հրաչի թաղմանը մասնակցելու համար, սակայն դա որակվել էր որպես դասալքություն, իսկ հետագայում Էդգարը գերևարվել էր Շիրակի ՄՈԲ-ի տղաների հետ Խծաբերդում։ Էդգարն արդեն տուն է վերադարձել։
Հայկա Ալոյան