Ինչ ունեցվածք ունի Արմեն Սարգսյանը
Հայտարարագիր
ArmDaily.am -ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ունեցվածքը:
Ով է Արմեն Սարգսյանը
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:
1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Աշխատանքային փորձ
1976-1990թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:
1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում:
1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Ռուսաստանի (Մոսկվայի պետական համալսարան), Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:
2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:
2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Պարգևներ
2018թ. պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանով
2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
2008թ. Ամենայն հայոց կաթողիկոս Նորին սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:
1997թ. Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:
Այլ
Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։
Ունեցվածքը
Սարգսյանը 2020 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի մայիսի 26-ին։
Նա միանձնյա երեք անշարժ գույքի սեփականատեր է, երեքն էլ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Դրանցից մեկը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է, չի նշվում ձեռքբերման եղանակը, երկուսը՝ անհատական բնակելի տներ են, մեկը գնել է, մյուսը՝ ժառանգություն ստացել, տարվա վերջում սակայն, մի բնակարանը առկա չէ այլևս:
Արմեն Սարգսյանը 2014 թվականին գնել է նույն տարվա արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։
2020-ի սկզբում Արմեն Սարգսյանը բանկում ունեցել է 1,279,500 դրամի, և 15,905 դոլարի ավանդ, որից տարվա վերջում մնացել է 1,395,600 դրամը։
Բացի ավանդներից՝ նախագահը հայտարարագրել է 5 տարբեր արժույթներով դրամական միջոցներ. տարվա սկզբում նա ունեցել է 4,555,000 եվրո, 265,000 դոլար, 201,000 ռուբլի, 3,282,500 դրամ, 65,000 ֆունտ ստեռլինգ, որոնք տարվա վերջում դարձել են 4,200,000 եվրո, 300,000 դոլար, 201,000 ռուբլի, 7,327,000 դրամ, 95,000 ֆունտ ստեռլինգ: Նախագահը նաև հայտարարգրել է 45,000 եվրո կանխիկ գումար, որը տարվա վերջում դարձել է 105,000 եվրո:
Արմեն Սարգսյանը եկամտի երկու աղբյուր է նշել՝ որպես ՀՀ նախագահ ստացել է 12,210,672 դրամ աշխատավարձ, ՎՏԲ բանկից ստացել է 116,132 դրամ:
Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։