ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ ԵԽԽՎ-ում ներկայացված 324 խորհրդարանականներից քվեարկել են 80-ը, որոնցից 50-ը՝ կողմ, 14-ը՝ դեմ, իսկ 16-ը ձեռնպահ մնացին։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը համարում է խորհրդարանական ընդդիմությանը։
«Իմ ՝ 14 տարվա որպես ԵԽԽՎ-ի պատգամավոր գործունեության ընթացքում սա առաջին բանաձևն է, որտեղ որևէ քննադատական խոսք, որևէ պրոբլեմի մատնանշում, որևէ մտահոգություն Եվրոպայի խորհրդի խորհրդրանական վեհաժողովը չի հայտնել։ Այստեղ ես հիմնական մեղավորը համարում եմ Հայստանի խորհրդարանական ընդդիմությանը, որը իմ կարծիքով, ընտրել է ամենահանցավոր տարբերակը՝ բոյկոտել միջազգային կառույցների աշխատանքը։ Գիտեք՝ ինձ համար ամենաաբսուրդը այն է, երբ ԵԽԽՎ-ն, Եվրոպայի խորհուրդը, որին անդամակցելուց մենք ստանձնել էինք հանձնառություն ապաքրեականացնել զրպարտանքն ու վիրավորանքը, և այսօր այս իշխանությունը զրպարտանքն ու վիրավորանքը քրեականացնում է և գոնե դրա վերաբերյալ որևէ մտահոգություն, առաջարկ այդ բանաձևում չկա։ Խորհրդարանական ընդդիմությունը որևէ կերպ չի աշխատել և չի ներկայացրել միջազգային կառույցներին ստեղծված իրավիճակը»,- ասաց Զոհրաբյանը։
Նախկին պատգամավորը նշեց, որ բանաձևում ամենավտանգավոր ձևակերպումն այն է, որ խորհրդրանական ընտրությունները համարվում են կայացած, որովհետև ընդդիմությունը ընդունել է ընտրությունների արդյունքները և վերցրել է մանդատները։
«Վերջ։ Սրանով ամեն ինչ ասված է։ Թե հիմա ինչ պատճառաբանություն կբերի ընդդիմությունը, ինչ կասի, ինչպես կփորձի խորհրդարանական «աժիոտաժով» իր ՕԳԳ-ն արդարացնել... Երբևէ, որևէ անգամ այսպիսի պայծառ, ուրախ, հիասքանչ բանաձև, որ որևէ քննադատություն չլինի, չի եղել։ Որևէ տող չկար այն մասին, որ բազմաթիվ համայնքապետեր կալանավորված են՝ լինելով ընտրված համայնքապետեր։ Թող չգրեին, որ քաղաքական բանտարկյալ են, բայց գոնե մտահոգություն հայտնեին նրանց կալանավորման վերաբերյալ։
Այդ բանաձևում հստակ մտահոգություն պետք է լիներ Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ, լրատվամիջոցների հանդեպ օրենսդրական այս պրեսինգների վերաբերյալ, ազատ խոսքի հանդեպ այս Դամոկլյան սրերի վերաբերյալ։ Սովորաբար երբ Freedom House-ը որևէ մտահոգություն է արձանագրում՝ այն անպայման տեղ է գտնում ԵԽԽՎ բանաձևում։ Իսկ Freedom House-ը և լրատվական միջազգային կազմակերպությունները հստակ մտահոգություն էին հայտնել վիրավորանքի և զրպարտանքի քրեականացման հետ կապված, անգամ այս դեպքում ԵԽԽՎ-ն հարկ չի համարել դրան անդրադառնալ, որովհետև չի տեսել իշխանության կարծիքից բացի իրենց ներկայացված որևէ ալտերնատիվ կարծիք։ Եթե ընդդիմությունը սա անում է, որովհետև իրենք դիլետանտ են այլ հարց է, բայց եթե սա անում է հստակ հաշվարկված և պայմանավորված, ինչին ես այլևս սկսում եմ ավելի հակված լինել, դա բացարձակապես այլ պատմություն է»,- ասաց Զոհրաբյանը։
Վերջինս փակագծեր չբացեց, սակայն հայտարարեց. «Ավելի ուշ, ավելի բաց կխոսեմ, թե ինչպես որոշ ընդդիմադիրներ գնում են, իմքայլականներին ասում են՝ ոչինչ, մենք մի քիչ կաղմկենք, մեր լիդերը հեռուստացույցով պիտի տենա մեր, իբր, սարքած «կիլդիմը» խորհրդարանում։ Ես անվանական կասեմ՝ ովքեր են այդ պատգամավորները»։
ԵԽԽՎ պատվիրակության կազմում եղել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ով դեմ է քվեարկել բանաձևի ընդունմանը։ Պատգամավորի այդ քայլը քննադատությունների էր արժանացել։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միայն Հայկ Մամիջանյանով խնդիր չէր լուծվելու։
Ինչ վերաբերում է բանաձևի քվեարկությանը՝ նախկին պատգամավորը նշեց, որ դա նորմալ արդյունք է։
«Նորմալ է, որ 80 հոգի է մասնակցել քվեարկությանը, որովհետև ավանդաբար Հայաստանի, Ադրբեջանի և այդ կարգի պոստսովետական երկրների վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ շատ քիչ պատգամավոր է ներկա լինում։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, դա մշտապես այդպես է»,- ասաց Զոհրաբյանը։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն այս բանաձևի ընդունմանը ձեռնպահ է քվեարկել։ Զոհրաբյանը նկատեց, որ եթե Ադրբեջանի դեմոկրատական ինստիտուտներին վերաբերող քվեարկություն էլ լիներ, Ռուսասատանը ավանդաբար էլի ձեռնպահ էր քվեարկելու։
«Իրենք աշխատում են նաև որպես հակամարտության կարգավորող ԵԱՀԿ Մինսկի համանախագահ կողմերից մեկը հնարավորինս պահպանել չեզոքություն։ Այստեղ ես նորմալ եմ գնահատում իրենց քվեարկությունը»,- ասաց Զոհրաբյանը։
Արփինե Պետրոսյան