Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան
Քաղաքական
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի, ընդհանուր առմամբ հայկական կողմի շտապողականությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տարօրինակ է։
«Ընդամենը մեկ հանդիպում է եղել Մոսկվայում՝ հավանաբար հազիվ հասցրել են ծանոթանալ։ Բուն բանակցությունները դեռ չեն սկսվել։ Դրանով հանդերձ, բանակցությունները դեռ չսկսած, Փաշինյանն այդ ասուլիսում ինչ ասես ասաց՝ Ադրբեջանի հետ հաշտեցման մասին, խաղաղության պայմանագրի մասին, տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, 3+3 ձևաչափի մասին։ Զանգեզուրի միջանցք չասաց, բայց Ռուսաստանի դերի մասին խոսեց։ Ինչո՞ւ եմ շեշտում սա, որովհետև այս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Եթե Մոսկվայի նախաձեռնությամբ ընթանար, ապա Մոսկվայից անպայման կստիպեին, որ հայկական կողմը Զանգեզուրի միջանցքը բացի։ Եթե Դուք հիշում եք, Բայդենն ասել էր, որ Մեղրիի միջանցք չի լինելու։ Ըստ ռուսական տվյալների, Սյունիքում երկու միջանցք էր նախատեսվում, մյուսի տեղը չէին նշում, Բայդենը, որ ասաց Մեղրիի միջանցք չի լինի, նոր հասկանալի դարձավ, որ երկու միջանցք էր նախատեսվում հինգ-հինգ կիլոմետր լայնությամբ»,-ասաց Չաքրյանը։
Թուրքագետը նշում է, որ իր ենթադրությամբ, միջանցքը չտրվելու պարագայում Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Սերգեյ Լավրովին կգործուղի Բաքու և վերջինս դեռ Մոսկվա չվերադարձած, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում կձեռնարկի ու կներխուժի Զանգեզուր, այնուհետև Պուտինը կհիշի, որ Ռուսաստանն այնուամենայնիվ Հայաստանի դաշնակիցն է. «Այնուհետև Պուտինը կհիշի, որ այնուամենայնիվ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, կբերի մոտավորապես 20 հազարանոց զորք, ենթադրելով եմ ասում, այդ զորքերը ադրբեջանցիներին դուրս կվռնդեն, բայց ռուսական զորքերը կմնան։ Եթե մնացին, մեր Մեղրիից մինչև Իրան ընկած հատվածը Սյունիքի, ինչպես Արցախն է դարձել ռուսական զորանոց, այնպես էլ այդ հատվածը կդառնա ռուսական զորանոց»։
Հակոբ Չաքրյանը հայկական իշխանությունների՝ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրսևորած չափազանց շտապողականությունը պայմանավորում է նաև Մոսկվայից եկող հրահանգներով։
«Ինձ թվում է Մոսկավայի հրահանգն են կատարում։ Մենք չգիտենք Էրդողանը Պուտինին ինչ խոստումներ է տվել»,-ասաց վերջինս։
Նա հավելում է, որ չնայած Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Ղրիմը վերադարձնի Ուկրաինային, բայց դա չի խանգարել, որ Պուտինի խորհրդականի վկայությամբ Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հոյակապ ընթանա։
«Ռուս-թուրքական համագործակցությունն առավել արդյունավետ դրսևորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, այսինքն անկախ Էրդողանի հայտարարություններից Պուտինը ոչ միայն թույլ տվեց Թուրքիային մասնակցել 44-օրյա պատերազմին անմիջականորեն, թույլ տվեց նաև, որ այդ պատերազմում ներգրավի վարձկան ահաբեկիչներ»,- նշեց թուրքագետը։
Մեր հարցին, թե հայկական իշխանությունների կողմից այսքան շտապողականության դրսևորման պարագայում հնարավո՞ր է մեկ տարվա ընթացքում թուրք-հայկական սահմանի բացում, ասաց, որ սահմանի բացման հարցում առավել ևս պետք է հայկական կողմը զուսպ լինի։
«Սահմանը թուրքերը փակել են 1993 թվականի մարտին, մենք չենք փակել՝ իրենք են փակել։ Դրանով հանդերձ մեր սահմանը բաց է մնացել Թուրքիայի առջև։ Քանի որ իրենք փակել են, թող այնպես էլ բացեն, հասկանում եք, առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ հաջորդ օրը նորից կարող են փակել, մի պատճառ կբռնեն, մի սադրիչ գործողություն կանեն ու կփակեն։ Բացի այդ մենք այդ փակ սահմանի պայմաններում սովորել ենք ապրել, գոյատևել, հետևաբար, այստեղ պետք է շահագրգիռ լինի Թուրքիան, եթե տրանսպորտային ուղիները ապաշրջափակվեն, ո՞վ է շահելու՝ Թուրքիան։ Եթե մայրուղի, երկաթգիծ կառուցվի, վերջինս ուղղակի ցամաքային կապ է հաստատելու Ադրբեջանի, Ռուսաստանի հետ, որտեղից էլ հնարավորություն է ստանալու ներթափանցել Միջին Ասիա ավելի լայն մասշտաբով, այսինքն ինքն է շահելու՝ մենք չէ։ Ասել, որ հայ-ադրբեջանական առևտրա-տնտեսական հարաբերությունները կզարգանան՝ դա աբսուրդ է, չեն զարգանա, դրա կարիքն էլ չկա՝ թշնամիների հետ նստել առևտրա-տնտեսական հարաբերություններ զարգացնել։ Իրենք էլ շահագրգռված չեն, բայց վարչապետը կանգնում, խոսում է հաշտության պայմանագրի մասին,այնինչ պատերազմից մեկ տարուց ավել է անցել, բայց մենք մեր ռազմագերիներին դեռ չենք վերադարձրել, առ այսօր չենք կարողանում ճշտել անհետ կորածների թիվը։ Ընդ որում գումարում-հանումը ամենապարզ մաթեմատիկական գործողությունն է։ Չե՞ն կարողանում հաշվել, թե քանի հոգի գնաց ռազմաճակատ ու քանի հոգին վերադարձավ»,-ասաց Չաքրյանը։
Վերջինս նշում է, որ այս արդյունքները համադրելով պարզ է դառնում,թե քանիսն են անհետ կորել, սակայն Հայաստանի իշխանությունները տվյալները չեն հայտնում. «Հինգ հազար զոհ ունենք ըստ Պուտինի, չի բացառվում, որ մի քանի հազար էլ նրանք կազմեն ու այդ ընդհանուր թվի ֆոնին հակառուսաստանյան տրամադրությունները Հայաստանում կբորբոքվեն, որպեսզի դա տեղի չունենա՝ դա գաղտնի են պահում։ Այս հաշտության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը պետք է,եթե անգամ Պուտինն էլ է ստիպում, պետք է ասի, որ մենք մեր ռազմագերիներին դեռ չենք կարողանում հետ բերել։ Ոչ մի անգամ չի դատապարտել հերիք չի, դեռ մեզ մոտ ադրբեջանցիները, եթե գերի են ընկնում կամ վերցնում են, ռուսաստանյան այդ այսպես կոչված խաղաղապահ ուժերը, որոնք իրականում պատժիչ ջոկատներ են, մերոնց ձեռքից դրանց վերցնում՝ հանձնում են ադրբեջանցիներին»,- ասաց Չաքրյանը։
Հայկա Ալոյան