Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը
Տնտեսություն
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թանկացումներին, ասել է, որ մարդիկ ավելի լավ են սկսել ապրել՝ անկախ թանկացումերից։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հակառակն է պնդում։
«2021 թվականին գնաճ է արձանագրել ամբողջ աշխարհը, և Հայաստանը չէր կարող անմասն մնալ այդ գնաճից։ 12 ամիսների հաշվարկով գնաճը կազմում է 2 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գնաճը շուրջ 11.3 տոկոս։ Այսինքն պետք է արձանագրենք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները երկնիշ աճ են արձանագրել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։
Տնտեսագետն ասում է, որ առհասարակ գնաճը բացասական երևույթ չէ, եթե մարդկանց եկամուտները համաչափ աճում են։
«Մեր դեպքում պաշտոնական վիճակագրությամբ եկամուտներն ավելի քիչ են աճում, քան ապրանքների գինը։ Եթե գնաճից ավել լիներ մարդկանց եկամուտների աճը, ապա մենք կարող էինք խոսել բարեկեցության, տնտեսական զարգացման, մարդկանց կենսամակարդակի բարելավման մասին, բայց քանի որ մարդկանց եկամուտներն ավելի ցածր են աճել, քան գնաճի տեմպը, ապա մենք պետք է փաստենք, որ մեր հասարակությունը 2021 թվականին շարունակել է աղքատանալ։ Հիշեցնեմ նաև, որ մեզ մոտ ունենք 17-18 տոկոս գործազրկություն, այսինքն մարդկանց 17-18 տոկոսի մոտ ընդհանրապես եկամուտի աճ չի եղել այն դեպքում, երբ արձանագրվել է բարձր գնաճ»,-ասաց տնտեսագետը։
Պարսյանն ասում է, որ նման գնաճ վերջին անգամ գրանցվել է 2013-2014 թվականներին։
«Գնաճի պատճառներն արտաքին և ներքին են։ Արտաքին պատճառն այն է, որ համաշխարհային շուկայում մի շարք ապրանքների գները թանկացել է, բայց ներիքինն այն է, որ Հայաստանի տնտեսական հարցերով զբաղվող պաշտոնյաներն ուղղակի թերակատարել են իրենց աշխատանքը, գյուղոլորտը անկում է գրանցել, մասնավորապես ձվի արտադրությունը, կարտոֆիլի արտադրությունը, հատիկավորների արտադրությունը և նաև հավի մսի։ Այսինքն այս մթերքների արտադրությունները կրճատվել են 2021 թվականի ընթացքում, եթե կարողանա էկոնոմիկայի նախարարությունը իր գյուղատնտեսական ծրագրերը արդյունավետ իրականացնել, մեզ մոտ գնաճն ավելի ցածր կլիներ, բայց նրանք չեն կարողացել իրենց ծրագրերը արդյունավետ իրականացնել, արդյունքում ծախսել ենք շուրջ 45 միլիարդ դրամ գումար գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու համար, բայց ստացել ենք գյուղատնտեսության ոլորտի անկում։ Այստեղ է կայանում, ըստ էության, մեր ներքին խնդիրը, որը պետք է գնահատվի և նոր լուծումներ գտնվի գյուղատնտեսության ոլորտում, տնտեսական քաղաքական դաշտում։ Պետք է նշեմ, որ նկատի ունենալով, որ ջուրը, էլէկտրաէներգիան արդեն թանկացել են և ապրիլի 1-ից կանխատեսվում է, որ գազն էլ է թանկանալու, ապա սա շղթայաբար գների աճի ռեակցիա է առաջացնելու 2022 թվականի ընթացքում, այսինքն գնաճը չի ավարտվել 2021 թվականին, շարունակվելու է նաև 2022-ին»,-նշեց Պարսյանը։
Տնտեսագետն ասում է՝ Կառավարությունը կանխատեսել է, որ 2022-ին չորս տոկոս գնաճ է լինելու, բայց հաշվի չի առել ոչ ջրի, ոչ էլեկտրաէներգիայի, ոչ էլ գազի թանկացումները։
«Ակնհայտ է, որ մենք 4 տոկոսից բարձր գնաճ ենք ունենալու, իսկ եթե չկարողանանք դրամի փոխարժեքը պահենք այս մակարդակի վրա՝ էլ ավելի բարձր գնաճի ցուցանիշ կունենանք։ Նշեմ, որ 2022 թվականը դարձյալ լինելու է վերականգնման տարի, քանի որ 2021 թվականի ընթացքում մենք չկարողացանք ամբողջությամբ վերականգնել 2020 թվականի կորուստը։ 2020 թվականին ունեինք 7.4 տոկոս անկում, այդ անկումը չկարողացանք 2021 թվականի ընթացքում ամբողջական վերականգնել այն դեպքում, երբ տարածաշրջանի բոլոր երկրները վերականգնեցին իրենց կորուստները։ Հիմա արդեն, ըստ էության, առաջընթացի, զարգացման մասին են խոսում։ Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին»,-եզրափակեց Սուրեն Պարսյանը։
Սեդա Մակարյան