Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան
Քաղաքական
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ՝ դեկտեմբերի 27-ին հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն ու Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: Վերջինս չի բացառել, որ այդ ֆորումին կարող է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանը։
Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայկական իշխանությունների այս շտապողականությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում զարմանալի չէ, քանի որ այս կառավարության և քաղաքական թիմից անխտիր յուրաքանչյուր անդամի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։
«Իհարկե չի զարմացնում նաև ընթացքը, որովհետև իրենց սկսած խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ այս ամենը միանգամայն տեղավորվում է։ Այստեղ իհարկե միակ խանգարիչ գործոնը թերևս հենց Ռուսաստանը կարող է լինել, որովհետև, եթե այդ հրավերը համաձայնեցված չէ Մոսկվայի հետ, ապա տեսականորեն Մոսկվան կարող է չթույլատրել Փաշինյանի կամ նրա թիմի այլ պատասխանատուներին մեկնել Թուրքիա, որովհետև Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը բացառապես և միանձնյա կերպով իր վասալն է, իր խամաճիկն է։ Բայց, եթե մյուս կողմից Էրդողանը Պուտինի հետ ինչ-որ չափով կամ առհասարակ կամ մասնավորապես համաձայնեցրել է հայկական պաշտոնյաների այցը Թուրքիա, ապա թերևս այդ այցը կկայանա»,-ասաց Քանանյանը։
Քաղաքագետը նշում է, որ այստեղ տեսականորեն մեկ այլ խանգարիչ գործոն կարող են հանդիսանալ ուկրաինական զարգացումները, որովհետև ուկրաինական զարգացումներում Թուրքիան Ուկրաինայի տեսակետն է պաշտպանում, որովհետև Ուկրաինայի կողմն անցնելով նա ոչ միայն բարելավում է հետագայում դեպի Ղրիմ և Սև ծովի հյուսիսային ափ իր ապագա ծավալապաշտությունը, այլև դրանով կարող է ներողամտության արժանանալ Արևմուտքի կողմից նախորդ տարիների՝ Արևմուտքի տեսանկյունից հանդգնությունների համար։
«Հետևաբար, եթե այս պահին, ես տեղյակ չեմ, Պուտինի և Էրդողանի միջև հերթական հարաբերությունների սառը շրջան է, որ ընդմիջելու են նախորդ և հետագա ջերմ հարաբերությունների շրջանները, ապա, եթե այս պահին մենք սառը շրջանի փուլում ենք հերթագայող կերպով, ապա թերևս սա նույնպես կարող է խոչընդոտել»,- նշում է Ալեքսանդր Քանանեանը։
Մեր հարցին, եթե Փաշինյանը՝ նախապես Պուտինի հետ համաձայնեցված կարգով, մասնակցություն ունենա այդ ֆորումին ու հաշվի առնելով ասուլիսի ժամանակ Ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ իր հայտարարությունը, կարող ենք ենթադրել, որ դա կլինի հերթական հաստատումն այն փաստի, որ ՀՀ իշխանությունները հրաժարավում են Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից, քաղաքագետն ասաց, որ միանշանակ. «Բայց սա նաև 1991 թվականին էր հռչակագրված և սա Թուրքիայի հետ չակերտավոր բարիդրացիական հարաբերությունների հաստատման Թուրքիայի պարտադիր նախապայմանն է և ինչպես մինչ այդ և անկախությանը նախորդած տարիներին, և մեր անկախությանը հաջորդած տարիներին, օրինակ Պոլսո պատրիարքը միշտ դատապարտում էր այլ երկրներում Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ մոտավորապես Հայաստանի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունն ինքնին, եթե հարաբերվի այս տրամաբանության մեջ՝ կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը յուրաքանչյուր Հայոց Ցեղասպանության ճանաչման, հարցի արծարծման, հայերի ցեղասպանության ոտնահարված իրավունքների վերականգման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը կդառնա այսպես ասած Պոլսո Հայոց պատրիարքարանի մի քիչ ավելի խոշոր և ցավոք նաև ավելի գործընթացը խանգարելուն ընդունակ մի խոչընդոտ»,-եզրափակեց Քանանյանը։
Հայկա Ալոյան