Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից
Հասարակություն
Վահե Մանուկյանը ծնվել է 1988 թվականի մարտի 19-ին Վայեց Ձորի մարզի Գլաձոր գյուղում։ Պայմանագրային զինծառայողը անհետացել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին՝ Վայքի դիրքերում մարտական ծառայության ընթացքում։ ՊՆ-ն վերջինիս դասալիք է հայտարարել։ Կարողացանք կապ հաստատել Մնաուկյանի կնոջ՝ Լիանա Մելիքսեթյանի հետ։
Լիանա Մելիքսեթյանը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ամուսինն իր հիմնական 15-օրյա ծառայության մեջ էր՝ 15 օր դիրքերում էր, 15 օր տանն էր։
«Նույն օրը՝ սովորականի պես, ինքը գնացել էր ծառայության՝ մարտական հերթապահության։ ժամը 06.00-ին դուրս է եկել տանից և 12.00-ին հասել պոստեր։ Իրենք պատերազմի մասնակիցներ են, ընկերը ոտքից վիրավորում էր ստացել, ոտքը ցավել է, ամուսնուս խնդրել է, թե Վահե ջան, ինչ կլինի, համ էլ ես պովրն եմ, գնա մի հատ վեշս վերցրու արի։ Դիրքապահ տղաներ են՝ մեկը մեկին հասնում են, ոնց կարող էր չգնալ։ Ամուսինս համաձայնել է, գնացել է տվյալ անձնավորության վեշը վերցրել է, հետ գալու ճանապարհին, ընթացքում ինձ հետ է խոսել։ Հետո մեծ էրեխու հետ էր ուզում խոսել, ասեցի դուրսն է, կանչեմ թող գա՝ կզանգեմ։ Երկու րոպե հետո հետ զանգեց ու ինքն արդեն անհասանելի էր, էլ կապ չեմ ունեցել։ Իմ մտքով չի էլ անցել, որ վատ բան կարող էր պատահել»,-ասաց կինը։
Լիանան նշեց, որ ամուսինը ոտքով է եղել՝ առանց մեքենայի, Վայքի այդ հատվածի դիրքերում մեքենայով տեղաշարժվել հնարավոր չի։
Լիանա Մելիքսեթյանը նշում է, որ փորձել է ծառայակիցներից, զորամասից փորձել է տեղեկություններ ստանալ, սակայն ապարդյուն, միայն այն նշեց, որ զորամասում պատասխանել են, որ գործի քննություն է ընթանում. «Ինձ ասել են, որ գործ է քննվում, սպասեք գործի քննության ավարտին։ Դե մարդի մտքով ինչ կանցներ, որ հենց իմ ամուսնուն դասալիք են ճանաչել ու այդ ձևաչափով է գործը քննվում»,- ասաց անհետ կորած զինծառայողի կինը։
Նա շեշտեց, որ ՊՆ-ն ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի տարածել իր ամուսնու անհետանալուց հետո, զանգերին միայն մեկ պատասխան կա՝ սպասել մինչև գործի քննության ավարտը։ Ինչ վերաբերում է որոնողական աշխատանքներին, Լիանան նշեց, որ այդ մասով որևէ տեղեկություն չունի՝ իրեն ասել են, որ որոնողական աշխատանքներ տարվում են։
«Ես վարչապետին նամակ եմ գրել՝ Նիկոլ Փաշինյանին, վարչպետի նամակը, չգիտեմ ինչ հանգամանքերով, գնացել է Պաշտպանության նախարարություն։ Պաշտպանության նախարարությունից էլ ինձ հետադարձ նամակ է եկել, որ տիկին Մելիքսեթյան, Ձեր ամուսինը հանդիսանում է դիրքերն ինքնակամ լքած անձնավորություն։ Բայց իմ ամուսնու պայմանագրի ժամկետն ավարտվում էր մի քանի օրից ու ինքը պետք է նորից երկարացներ, պիտի բարձրանար իջներ՝ նորից երկարացներ։ Արդեն հրամանը տվել էր, սպասում էր հրամանը գալուն։ Ամսի 30-ին ինքը պիտի նարյադ վերցներ, ասեց 30-ին կվերցնեմ, որ գնամ նոր պայմանագիրս էլ ստորագրեմ, որ հրամանագրվեմ։ Հին պայամանգիրը լրանում էր նոյեմբերի 26-ին, իսկ ամուսինս անհետացել է նոյեմբերի 12-ին՝ վերջին պերեսմենկան էր ինքը բարձրանալու պոստեր, իջներ»,-ասաց կինը։
Լիանան ասաց, որ ոչ մի վկայություն կամ ապացույց չկա, որ իր ամուսինը դասալիք է. «Եթե ինքը դասալիք լիներ՝ ինքը պատերազմի մասնակից չէր լինի ոմանց նման, լավ եք իմանում, շատ մարդիկ կան, որ փախել են պատերազմից, ինքն էլ բոլորի պես կփախներ, չէր մասնակցի, ինքը երեք տարի խելոք չէր ծառայի և երրորդ հանգամանքն էլ՝ ծառայությունը չէր երկարացնի իր պայմանագիրը, կարող էր չերկարացնել, դա իր կամքն էր, իր ցանկությունը։ Կամ իրեն միտումնավոր, գլխին սարքել են՝ սպանել են կամ գերի է ընկել, որովհետև Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն երկար ժամանակ իր կորելուց հետո Կարմիր Խաչին տվյալներ չէին տալիս գերի ընկնելու հավանականության վերաբերյալ, որ հրապարակվեին հենց սկզբի օրվանից։ Կարմիր Խաչին տվյալ ես եմ տվել ամուսնուս մասին»։
Վահե Մանուկյանի կինը նշեց, որ մեկ անգամ արդեն դիմել է Կարմի Խաչին՝ ճշտելու համար, արդյոք իր ամուսնու անունը կա հայտնի գերիների ցուցակում, սակայն տրված տվյալներով բացառել են, երկրորդ հարցումը Կարմիր Խաչի կողմից դեռևս չի արվել։
«Երկու հայկական դիրքերի մեջտեղում՝ վերևի և ներքևի, ադրբեջանական դիրք կա՝ մոտ 300 մետր տարբերությամբ է գնտվում մեր դիրքերից։ Դրա համար կամ գերեվարել են կամ սպանել, կամ էլ գերի է ուղղակի անուն չի հրապարակվում»,-ասաց Լիանան։
Մանուկյանի կինը նշեց, որ ունեն երեք անչափահաս երեխա, իրենց տան միակ վաստակողն ամուսինն է, ապրում են վարձով, իսկ պետությունը սառեցրել է անհետ կորած ամուսնու աշխատավարձը որպես դասալիք և այս պահին Լիանան և իր երեք երեխաները մնացել են տրվող պետական նպաստի հույսին՝ մոտ 30 հազար դրամ։
Նա հավելեց, որ ակնկալում է պետության օգնությունը, քանի որ 30.000 դրամով չի կարող, թե տան վարձը վճարել, թե հոգալ անչափահաս երեխաների կարիքները։
Հայկա Ալոյան