Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան
Տնտեսություն
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում պարարտանյութի ու վառելիքի թանկացմանը խոստացավ, որ բանակցելու են մի շարք երկրների հետ, որպեսզի այն էժան գներով ներկրեն։ Նա հաստատեց, որ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը։
«3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց գյուղացիներին օգնելն է՝ հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները»,-ասել էր Քերոբյանը։
ArmDaily.am-ը «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց, թե գյուղատնտեսական շուկայում այս պահին ինչ իրավիճակ է և արդյոք 3-15 միլիոնը կօգնեն գյուղացուն։
«Պարարտանյութը թանկացել է մոտ 250-300 տոկոսով, դրա հիմքը գազն է, բնական գազից են ստանում։ Աշխարհում գազը թանկացել է, բնականաբար պարարտանյութն էլ է թանկացել։ Կառավարությունից պահանջել ենք, որ գոնե էս տարի սուբսիդավորեն ազոտական պարարտանյութերը, որի հիմքը բնական գազն է։ Կառավարությունը էդքան ֆայմի գործակից ունի՞, որ հասկանա, եթե պարարտանյութ չեղավ, գյուղացին չօգտագործեց կամ բերքը շատ ցածր կլինի կամ ընդհանրապես գյուղացին հողը չի մշակի»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։
Իսկ թունաքիմիկատները, ըստ Բերբերյանի, կտրուկ չեն թանկացել։
«Թունաքիմիկատներն այդպիսի շեշտակի թանկացում չեն ապրել, ոնց որ պարարտանյութերն են, բայց բնականաբար, եթե թանկացել է դիզվառելիքը և թանկացել է պարարտանյութը, ուրեմն գյուղտեխնիկայի օգտագործումը կթանկանա, քանի որ դիզվառելիքը թանկացել է։ Կառավարությունը միայն մեկ ամիս ժամանակ ունի, որ էս վիճակից թեթևացնի գյուղացու վիճակը, որովհետև մարտ ամսից արդեն մեզ մոտ արարատյան հարթավայրերում եռուզեռը կսկսվի, իսկ Կառավարությունը դեռ ոչինչ չի արել գյուղատնտեսության համար»,-նշեց Բերբերյանը։
Հարցին, թե 3-15 միլիոն սուբսիդավորումը որքանով կթեթևացնի գյուղացու բեռը, պատասխանեց. «Դա ինչ թիվ է, որ։ Էսօր միայն 10 միլիարդ դրամ է պետք պարարտանյութի սուբսիդավորման համար։ Ուղղակի Ձեր վերոնշյալ մարդը՝ էկոնոմիկայի նախարարը, չգիտեմ ով է, չեմ էլ ուզում իմանամ, էդ մարդը գյուղատնտեսությունից հեռու մարդ է»,-նշեց Բերբերյանը։
Բերբերյանը կարծում է, որ Էկոնոմիկայի նախարարը չի կարող բանակցել ոչ մի երկրի հետ, որպեսզի նվազեցնի պարարտանյութի գինը։
«Նա չի կարող բանակցել ու նվազեցնել, դա բացառված է, լավագույն աղբյուրը, եթե ուզում ենք մատչելի պարարտանյութ ներկրենք, դա Պարսկաստանն է, որը որ կզիջի Հայաստանին։ Ռուսաստանը ինքը սուբսիդավորում է պարարտանյութը, նրա սերմերը մեր սերմերից 3,4 անգամ էժան է ստանում։ Ռուսաստանի և Վրաստանի ֆերմերները սուբսիդավորվում են, այդպես էլ մենք չհասանք նրան, որ մեր ֆերմերներն էլ սուբսիդավորվեն։ Էդ բանկային տարբեր ռեժիմներն էլ անտոկոս, ցածր տոկոս, դա բանկերին հարստացնելու ձև չէ, որոշ մարդկանց գրպանները լցնելու ձև է։ Կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով»,-եզրափակեց նա։
Սեդա Մակարյան