Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Իրավական
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, մասնավորապես Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ասել էր, որ ընտրություններում հաղթելը որևէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս։
ArmDaily.am-ը Մամիկոն Ասլանյանի պաշտպան Լուսինե Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում Փաշինյանի հայտարարությունը։
«Նախ նշեմ, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է ապօրինի, այսինքն հարցը այն չէ, որ ինքը օրինական կալանքի տակ է գտնվում և միայն այն հանգամանքը, որ ինքը ընտրվել է պետք է ազատ արձակվի, որ այստեղ իրավական բանավեճ ծավալենք դրա շուրջ, համաձայնենք իր հետ, կամ չհամաձայնենք։ Հարցը նա է, որ Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է։ Նա կալանավորվել է, որպեսզի չկարողանան ընտրվելու գործընթացը հասցնել ավարտին և Մամիկոն Ասլանյանը չկարողանա մասնակցել ավագանու նիստին, ամբողջ խնդիրը սա է»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը։
Պաշտպանն ասում է, որ ակնհայտ է, որ այստեղ, թե սահմանադրության, թե բազմաթիվ օրենքների խախտումներ է տեղի ունեցել նրա կալանավորմամբ և գլխավորը, որ ընտրելու և ընտրվելու իրավունքն է խախտվել։
«Այդ հարցը մենք բարձրացրել ենք, բնականաբար, դատարանների առջև, որ սա շատ լուրջ խնդիր է։ Ակնհայտ է, որ թե հիմնավոր կասկածը չկա, թե հիմքերը չկան կալանավորման, բայց նաև թե ինչո՞ւ է կալանավորվել ուղղակի ապացուցված է, քրեական գործով նաև մենք ներկայացրել ենք, թե ինչո՞ւ է Մամիկոն Ասլանյանը կալանավորվել։ Մամիկոն Ասլանյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ, շարունակում են ապօրինի գործընթացներն այդ ընտրական գործընթացի հետ կախված։ Դուք գիտեք՝ այնտեղ տարբեր դատարաններում փորձում են տարբեր անձիք ինչ-որ հարցեր շահարկել, ավագանու նիստը թույլ չտալ, որ կայանա և տրամաբանական ավարտին հասցվի ընտրությունը, ընտրության արդյունքները, որպեսզի Մամիկոն Ասլանյանը ընտրվի որպես քաղաքապետ։ Այն, որ նա կալանավորվել է հենց նաև այդ նպատակով՝ հիմնավորվում է նաև նրանով, որ մենք դիմել ենք բազմաթիվ մարմինների, որոնք իրավասու են միջամտել այդ գործընթացին, որպեսզի Մամիկոն Ասլանյանը, անկախ նրանից նա գտնվում է կալանքի տակ, թե ոչ, ապահովվի նրա ներկայությունն այդ ավագանու նիստին։ Այն բանից հետո, երբ մենք դիմել ենք նման միջնորդություն ենք ներկայացրել նաև վարույթ իրականացնող մարմինն անհապաղ որոշում է կայացրել, որտեղ սահմանափակել է ընդհանրապես նրա հեռախոսային խոսակցությունները, արգելանք դրվել նրան տեսնելու։ Այսինքն հստակ երևում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի միջամտություն լինի այդ ընտրական գործընթացին։ Ավելին ասեմ, երբ որ միջնորվում է առցանց նա կարողանա հեռակա կարգով մասնակցի ավագանու նիստին՝ սա էլ է խոչընդոտ հանդիսանում»,-նշեց պաշտպանը։
Լուսինե Սահակյանը պնդում է, որ օրինական գործընթացներ ակնհայտ առկա չեն։
«Եթե մի պահ պատկերացնելու լինեինք, որ ինչ-որ օրինական գործընթացներ լինեին, ինչը ակնհայտ առկա չեն կալանավորման հետ կապված, ապա այս մնացած գործընթացները հստակ խոսում են նրա մասին, որ սա ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և կալանավորումը եղել է հատուկ այդ նպատակով։ Մեղադրանքն էլ համահունչ է դրան, որովհետև քննվել է քրեական գործ ամիսներ շարունակ և միայն այն բանից հետո, երբ ընտրության արդյունքները ամփոփվել են և պետք է ավագանու նիստ գումարվի, որպեսզի քաղաքապետի ընտրություն տեղի ունենար, դրանից անմիջապես մեկ օր առաջ նրան մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին»,-նշեց նա։
Մամիկոն Ասլանյանի գործն այժմ նախաքննության փուլում է գտնվում։
«Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ ընտրել էր կալանքը որպես խափանման միջոց, Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, Վերքննիչ դատարանը մերժել է մեր բողոքը և բողոքարկման գործընթացում է գտնվում»,-ասաց փաստաբանը։
Հարցին, թե Մամիկոն Ասլանյանի առողջական ու հեգական վիճակն ինչպիսին է հիմա, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Եթե խոսքը գնում է նրա մասին, որ արդյոք հասել են իրենց նպատակին, որ Մամիկոն Ասլանյանը չշարունակի մասնակցել ընտրությունների՝ չէ, իրենք չեն կարողացել հասնել իրենց նպատակին։ Մամիկոն Ասլանյանը լուրջ տրամադրված է ու նա ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրական գործընթացների միջամտությունը, որոնք արդեն իսկ առկա են, չհանգեցնի նրան, որ ժողովրդի ձայնը խլվի, որովհետև վերջին հաշվով կա սահմանադրություն և սահմանադրությունով և նաև որոշ մարդկանց հայտարարությամբ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդը պետք է որոշի, թե առնվազն գոնե իրենց համայնքի ղեկավարը ով պետք է լինի։ Իսկ Մամիկոն Ասլանյանը տրամադրված է, որ ամեն կերպ պետք է բոլոր գործընթացներում մասնակցություն ունենա, որ ընտրությունը հասնի իր տրամաբանական ավարտին»։
Սեդա Մակարյան