Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին
Հասարակություն
Հայաստանում անզեն աչքով անգամ տեսանելի է արտագաղթի մեծ աճ։ Մանավանդ վերջին տարիներին՝ քովիդի և պատերազմի պատճառով երկիրը լքող ցանկացողների թիվը կտրուկ աճել է։ Սրան գումարվում է նաեւ ծնելիության ցածր ցուցանիշը, մահացության աճը եւ երկրում ժողովրդագրական պատկերը վատ առումով ամբողջանում է։
«Ես ամբողջական տվյալ չունեմ, այսինքն, որպեսզի հասկանանք, թե միգրացիոն հոսքը ոնց է, առնվազն մեկ տարի պետք է անցնի։ Պետք է հասկանանք, որ սա պայմանավորված է նրանով, որ նախորդ երկու տարիների ընթացքում բոլոր նրանք, ովքեր պետք է գնային, պլանավորել էին կամ ինչ-որ գործողություններ էին ձեռնարկել, բայց չէին կարողանում գնալ քովիդի պատճառով։ Իհարկե պատերազմը ազդել է, բայց այդ պատերազմը եկել, ընկել է մեր իրականության վրա, որ շատերը ուզում էին գնային, բայց չէին կարողանում այս երկու տարում։ Ինչ վերաբերում է տղերքի բանակից փախնելուն՝ դա միշտ է եղել։ Մանավանդ պատերազմական գործողություններից հետո մենք ունեցել ենք արտագաղթ։ Դե արտագաղթը որն է, մարդիկ նախընտրում են, որպեսզի իրենց երեխաները 18-ը լրացնեն ուրիշ երկրում ու չգան Հայաստան, մարդիկ իրենց ընտանիքներն են փրկում, սա իհարկե լավ չի, անպատասխանատվություն է պետականության նկատմամբ, բայց մարդկանցից չես կարող պահանջել։ Պետք է ընդունել դա, կա ոնց որ կա։ Հիմա պետությունը պետք է այնպես աշխատի, որպեսզի տենց իրավիճակներ չլինեն կամ բանակի վիճակը լավացնեն, կամ անվտանգային կոմպոնենտը ուժեղացնեն»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը։
Սարգսյանն ասում է, որ միայն Հայաստանի իրավիճակը չի, որ անհանգստացնում է մեր քաղաքացիներին, ովքեր արտագաղթում են։
«Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները, օրինակ Ռուսաստան Ուկրաինա վիճակը, սա էլ է ազդում շատ ուժեղ։ Սա իրականում բերում է ծնելիության նվազմանը, այսինքն սա լուրջ ճգնաժամ է, ընդ որում, տարածաշրջանային ճգնաժամ է, եթե ասենք ապրում ես Եվրոպայում, կարող է այդքան վրադ չազդի, բայց ամբողջ այս տարածաշրջանի վրա, այսպես կոչված ԱՊՀ երկրների վրա սա ազդելու է, չենք կարող այնպես անել, որ չազդի, որքանով է ազդելու, դա յուրաքանչյուր երկիր ու ազգ իր համար է որոշում»,-ասաց Սարգսյանը։
Հարցին, թե Հայաստանում ամուսնությունների ու բաժանումների պատկերն ինչպիսին է հիմա, պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ ավանդույթը փոխվել է, ու մարդիկ տարիներով միասին են ապրում, երեխաներ են ունենում, բայց դա չեն գրանցում։ Ժամանակին դա շատ կարևոր էր, իսկ հիմա չեք կարող նույնիսկ դա հասկանալ, որովհետև կարող է մարդիկ գնացել են հանգստանալու Հունաստան, այնտեղ ամուսնացել, եկել են, այստեղ կարող է ոչ մի կերպ չգրանցվի։ Այսինքն մենք իրական պատկերը չունենք, պատկերացրեք Ռուսաստանում մարդիկ ամուսնացել, եկել են, այստեղ ոչ մի տեղ դա գրանցված չի, ՀՀ-ի համար այդ մարդիկ ուղղակի երկու անկախ մարդ են, բայց միասին ենք ապրում։ Մենք արդեն դուրս ենք եկել հին, ավանդական, պապական ձևերից, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք, կարմիր խնձոր բան, չկա էլ տենց բան։ Մարդիկ ամուսնանում են, երեխա են ունենում, մեծացնում են, չեն գրանցվում զագսով»,-ասաց նա։
Սոցիոլոգը նշում է, որ միակ բանը, որ պետությունը պետք է անի՝ չվնասել այստեղ ապրողներին։
«Պետականության համար, այո, վտանգավոր է, որովհետև սրանք տարբեր են, պետականություն և պետությունը դրանք տարբեր գաղափարներ են։ Այն, որ արտագաղթը միշտ լինելու է, որովհետև մարդիկ, ովքեր ինչ-որ մակարդակի են հասնում, լինի դա մասնագիտական, սոցիալական, համարում է, որ ինքը կարող է ինքնաարտահայտվել Հոլիվուդում ավելի լավ, քան Արմենիա հեռուստաընկերությունում, բան չես կարող անել, ինքը գնում է։ Այսինքն այս արտագաղթը, որը, այսպես կոչված, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթն է, դա չի կանգնում, երբեք, ոչ մի տեղ չես կարող կանգնեցնել։ Այստեղ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ցածր որակավորումներ ունցողները չգնան, որովհետև իրենց այստեղ, եթե մասնագիտություն տաս, նորմալ զարգացնես, տնտեսությանը շատ օգուտ կտան։ Հիմա ինչ պետք է անի պետությունը, պետական ինստիտուտները՝ դրա համար գոյություն ունեն երկարաժամկետ այլ ծրագրեր, ես միշտ ասում եմ՝ պետությունների, կառավարությունների խնդիրն այն է, որ նրանք դա հիշում են ընտրությունից ընտրություն, ու աչքիս հիմա էլ են տենց։ 4 տարին բավական չի, դու պետք է ունենաս 10-15 տարվա մշակած ծրագիր ու անկախ նրանից, թե ով է իշխանության, այդ ծրագիրը պետք է իրականանա, սա ուղղված է պետականության զարգացմանը, ոչ թե պետությանը»,-նշեց Սարգսյանը։
Փորձագետն ասում է, որ անվտանգությունից ելնելով ոչ ոք չի արտագաղթում։ «Չեմ հավատում, որ անվտանգությունից ելնելով են արտագաղթում, գլխառադ են անում»,-ասաց նա։ Իսկ արցախցինե՞րը՝ հետաքրքրվեցինք մասնագետից. «Էդ մարդիկ պատերազմական իրավիճակում տուն են կորցրել, իրենք հենց անմիջականորեն բոլոր միջազգային կազմակերպությունների թիրախ են։ Բավականին նուրբ հարց է, պետության կողմից Արցախի հանրապետությունը իրենց համար աջակցության ծրագիր ունի, ՀՀ-ն մեծ գումարներ է Արցախի հանրապետության պետական ինստիտուտների միջոցով տալիս, այսինքն մեզ համար, ՀՀ-ի համար մենք այդ գումարները Արցախի միջոցով ենք տալիս, եթե այդ մարդիկ ուզում են, հավակնում են այդ օգնությանը, իրենք կստանան, եթե գնան էնտեղ։ Ուրիշ հարց է, որ չեն ուզում գնան, բայց, երբ իրենք չեն ուզում գնան, փաստացի նաև զրկվում են, այստեղ են ուզում լինեն, ստանան, բայց էդ մեխանիզմը սխալ է, մենք այստեղ չենք կարող այդ մեխանիզմը կիրառենք։ Սա լուրջ քաղաքական հարց է, ռազմավարական հարց է, որովհետև ինքը իրականում Արցախի քաղաքացի է, մենք Արցախին այդ օգնությունը տալիս ենք, տներ են կառուցում իրանց համար, էնտեղ իրականում անվտանգ է, որովհետև ռուսներն են կանգնում իրանց համար, էնտեղ չգնալը էդ մարդու որոշումն ա»,-ասաց նա։
Ըստ նրա, դա սովետից մնացած վարքագիծ է։ «Այսինքն մարդը ասում է՝ ես ինչ էլ անեմ, պետությունը ինձ պետք է օգնի, այ դա սովետից մնացած է, տենց չի, քեզ օգնում են այնտեղ, եթե այնտեղից դուրս ես գալիս, էդ պայմանը այլևս չի գործում, եթե դու որոշում ես կայացրել դուրս գալ, դա որպես հետևանք տանում է նաև էն, որ դու զրկվում ես դրանից։ Տեսեք մարդիկ, եթե արտագաղթում են, գիտեն Մեքսիկայով ճանապարհը, գնում են ապօրինի ԱՄՆ, հանձնվում են, էնտեղ սահմանի վրա օրենք են խախտում, գնում են, հանձնվում են, բայց դու գնաս Ամերիկա, երեք տարի էդպես ապրես լավա՞, երևի լավա, էդ մարդու մոտ տենցա, հոգեբանական խնդիր չունի դրա հետ, գնում է, հանձնվում է, ընկնում է միգրանտների հետ, լավա հարավով են մտնում Ամերիկա, բոլորը կաթոլիկ են, կարողա ընկնես պակիստանցիների հետ, 10 հոգով մեկ կոյկի վրա քնեք, լա՞վ ա տենց»,-եզրափակեց նա։
Սեդա Մակարյան