Վեհափառ Հայրապետը անհանգստացած ու մտահոգված է Աշոտ Մինասյանի առողջական վիճակով, ծանոթացել է նաև քրեական գործի մանրամասներին. փաստաբան
Իրավական
«Սիսական» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԶՈՒ գնդապետ Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին մեկնում են Գորիս՝ մասնակցելու Մինասյանի գործով առաջին դատական նիստին՝ այսպես կոչված նախնական դատական նիստ, որին դատարանը քննարկելու է խափանման միջոցի օրինական կամ ոչ օրինական լինելը։
Պողոսյանը նշեց, որ ցանկացած դատական պրոցեսից իր ակնկալիքը իրավական որոշման կայացումն է։ Մեր հարցին՝ արդյոք Աշոտ Մինասյանի կալանավորումը քաղաքական հետապնդո՞ւմ է որակում, ասաց. «Ես բոլոր այդ հանգամանքների մասին պրն Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվելուց հետո, այնուհետև կալանավորվելուց հետո նշել եմ, որ ակնհայտ է, որ այս քրեական գործը քաղաքական իշխանության անմիջական հսկողության ներքո է գտնվել և գտնվում։ Մենք գնում ենք դատարան, որպեսզի էլ ավելի ակնհայտ ցույց տանք և փորձ կատարենք, որպեսզի այդ պրոցեսները փորձենք վերադարձնել դեպի իրավական հուն և իրավական ուղղում մեր իրավական հաղթանակները գտնում ենք, որ քննարկման ենթակա չեն լինի, եթե զուտ իրավական պրոցես գնա»,-ասաց Պողոսյանը։
Մեր հարցին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի առաջնորդությամբ, արդյոք կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ դատական պրոցեսի վրա, ասաց, որ Վեհափառ Հայրապետը մտահոգված ու հետաքրքրված էր Աշոտ Մինասյանի առողջական վիճակով։ «Վեհափառ Հայրապետը մտահոգված ու հետաքրքրված էր Աշոտ Մինասյանի թե առողջական վիճակով, թե ընթացքում ներկայացվել է նաև բաղադրիչները այս քրեական գործի։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե դրական կամ բացասական ակնկալիք ունենալու առումով, այլև այդ հանդիպումը տեղի է ունեցել, որպեսզի Վեհափառ Հայրապետը, ճանաչելով Աշոտ Մինասյանին, ծանոթ լինի նաև գործի վերաբերյալ մանրամասներին, այսինքն որևէ ակնկալիք չի եղել այդ հանդիպումից»,-եզրափակեց փաստաբանը։
Հայկա Ալոյան