«Հլը էս ոչխարին». փոխադարձ վիրավորանքներ ու լարված իրավիճակ ԱԺ-ում. Սիսակ Գաբրիելյանը դադարեցրեց Ռուբեն Հակոբյանի ելույթը (տեսանյութ)
ՏեսանյութԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ՀՌՀ թեկնածու Ռուբեն Հակոբյանի և հանձնաժողովի անդամների միջև միջադեպ տեղի ունեցավ։
Նախ՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, շատերն էին տարակուսում, թե ինչու է ընդդիմությունը հենց նրան առաջադրել, որովհետև դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Հակոբյանը լրագրողին հայհոյել եւ մի քանի անգամ հարվածել։
Այսօր նիստի ընթացքում անդրադառնալով իր անձի շուրջ քննարկումներին՝ Հակոբյանը հայտարարեց, որ եթե հայհոյում են, ապա տղամարդիկ ապտակում կամ գլխով խփում են՝ ինչպես ժամանակին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է խփել։
«Պատգամավոր Նարեկ Բաբայանը ասեց՝ Ձեզ չեմ հարգում, 98 թվականից քաղաքականության մեջ եմ, հետևել եմ ձեր կենսագրությանը, չեմ հարգում, լավ եք անում, ես ուրախ եմ, որ չեք հարգում, և ոչ ավել, ոչ պակաս վիրավորանք է հասցնում, որ ընդդիմադիր դաշտում մոտավորապես եղել եք.... Գիտեք, ոչ մենակ ընդդիմադիր դաշտում, ոչ մենակ քաղաքականության այլ ռումբներ են բոլոր նրանք պետության համար, ովքեր քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն։ Ես չեմ հիշում, որ այդպիսի անուն ազգանունով քաղաքական գործիչ եմ կարդացել, ով կարողանում է խցկվել Ազգային ժողով՝ որպես իր կնոջ օժիտ»,- հայտարարեց Հակոբյանը։
Այս խոսքի ընթացքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը դադարեցրեց թեկնածուի ելույթը։ Հակոբյանը վրդովվեց և լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովին մասնակցողների միջև։
«Էս կանոնագիրը նաև ես եմ գրել, գիտեմ ինչ է պահանջում։ Դուք իրավունք չունեիք ընդհատել իմ ելույթը։ Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ»,- հայտարարեց Հակոբյանը։
Սիսակ Գաբրիելյանն էլ, իր հերթին դիմելով Հակոբյանին, ասաց. «Անտակտ խուլիգանը քո ծնողն է, որ քեզ այդքան տարի մեծացրել ա ու չի սովորացրել...»։
Սիսակ Գաբրիելյանը տեղից վեր կացավ և մոտեցավ Հակոբյանին, քաշքշուկ սկսվեց, ընթացքում լսվում էին փոխադարձ վիրավորանքներ։