Ես հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ եմ իմացել այդ մասին․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին
Քաղաքական
Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Փաշինյանն անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց․ «Այնուամենայնիվ որոշումը նախագահն է կայացնում և ինքն էլ կայացրել է բնականաբար։ Երբ ես դրա մասին իմացել եմ, իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակելուց ընդամենը 3,5 ժամ առաջ։ Նա հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ, թե ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե կայացրել է որոշումը, որից հետո ասել է, որ ինքը կայացրել է որոշումը։ Այս համատեքստում չեմ կարող ասել, թե ինչն է բավարար, ինչը բավարար չէ։ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են և ես կարծեմ նախորդ մեր հարց ու պատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ես ասացի, որ իմ դիրքորոշումները մի փոքր կամ էականորեն տարբերվում են նախագահի դիրքորոշումներից։ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ այդ ժամանակներից ի վեր սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել համենայնդեպս նախագահի լիազորությունների մեջ։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, ես ինքս էլ դրանք ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում այն մեկնաբանել, որովհետև յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում այդ որոշումը ինչ փաստարկների հիման վրա լինի»։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու պահին ոչ ՀՀ, ոչ էլ Անգլիայի քաղաքացի է եղել, և նրա նկատմամբ հնարավոր քրեական գործ հարուցվելուն Փաշինյանն ասաց, որ չի հասցրել այդ հրապարակումներին մանրամասն ծանոթանալ։
«Ես մեկնաբանություն չունեմ, մի դիտարկում ուղղակի, ես քիչ հավանական եմ համարում այն, որ նախագահ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել և գրեթե անհնար եմ համարում։ Ես կարծում եմ, որ համենայնդեպս իմ քննարկելու մանրամասները չեն դրանք»,-ասաց նա։
Հարցին, թե իրենց քաղաքական թիմը ունի նախագահի ֆավորիտ պատասխանեց, որ իրենց թիմը ու ինքը հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ են տեղեկացել այդ մասին, ուստի իրենց թիմը նախկինում այդ թեմայով քննարկում չի ունեցել։
«Մենք այդ թեման լուրջ պետք է քննարկենք և որոշում կայացնելիս պետք է նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմական ժամանակներով և այո «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ընտրի ՀՀ նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ կարծում եմ, որ պետք է մենք գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանի միջև լինի քաղաքական ներդաշնակություն, մանավանդ հիմա երբ կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Իհարկե մենք դեռ կքննարկենք, ես չեմ կարող ասել, որ մենք այս պահին որոշում ունենք։ Իմ դիտարկումն այն է, որ եթե մենք այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած քաղաքական ներդաշնակության հարցը կարևոր է լուծել։ Մասնավորապես նախորդ տարի ԳՇ հայտնի հայտարարության համատեքստում, դա պետականության կորստի եզրին էին գտնվում այդ ժամանակ, շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չհանդիպենք այլևս։ Իհարկե ՍԴ-ն տվեց դրանց իրավական պատասխանը և տեսականորեն նման բաներ այլևս չեն կարող լինել»,-ասաց Փաշինյանը։
Հարցին, թե այս պահին որևէ թեկնածու չկա՞ իր մտքին, որ կընտվի ՀՀ նախագահ, քանի որ ՔՊ-ն չունի երեք քարորդը պետք է ընտրի նախագահ, իսկ ՔՊ-ն ԱԺ-ում չի կազմում երեք քարորդ տոկոս, չկա այնպիսի հեղինակություն ունեցող մարդ, որին ձայն տա նաև ընդդիմությունը, պատասխանեց․ «Սահմանադրությամբ կարգավորված է, մեքն այստեղ ճգնաժամային իրավիճակի խնդիրներ չունենք։ Կա ՀՀ նախագահի ընտրության երեք փուլ, եթե առաջին փուլում չի ընտրվում, բայց ՔՊ-ն կարող է ընտրել նախագահ առնվազն երկրորդ փուլում, բայց չեմ կարծում, որ մենք այս իրավիճակում պետք է գնանք էքսպերիմենտների»,-ասաց նա։