Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես վարվել էր 90-ականներին․ Գագիկ Համբարյան
Քաղաքական
Երեկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մի զանգված ենթադրում է, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների անվան տակ փոխել կառավարման համակարգը և վերադառնալ կիսանախագահական համակարգին։
ArmDaily.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու, թե ինչ քաղաքական գործընթացներ են կատարվում երկրում։
«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արդեն չի էլ թաքցնում, որ ցանկանում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել սահմանադրական բարեփոխումների անվան տակ կրկին Հայաստանը հետ վերադարձնել կիսանախագահական, կիսապառլամենտական կառավարման համակարգին, որտեղ նախագահը կունենա ավելի ուժեղ դիրքեր և լայն լիազորություններ։ Նշեմ, որ մինչ այս, Արմեն Սարգսյանը, իմ ունեցած տեղեկություններով շրջել է Հայաստանի տարբեր մարզերում հանդիպումներ է ունեցել մտավորականության և համապատասխան մարմինների և խոշոր քաղաքաների ակտիվ մասսայի հետ, տնտղել է, այդպես ասած, նրանց կարծիքները, հայացքների վերաբերյալ տեղեկություններ է հավաքել և նշեմ, որ պարոն Սարգսյանը չի էլ թաքցրել, որ ինքը իրեն տեսնում է ակտիվ քաղաքականության մեջ, բայց ոչ թե Անգլիայի թագուհու կարգավիճակ ունեցող նախագահի պաշտոնում, այլ ավելի ուժեղ դիրքերում։ Ես այս հրաժարականի վերաբերյալ կարող եմ երկու կարծիք հայտնել։ Այն, որ Նիկոլ Անհողի կողմից սահմանադրական բարեփոխումների ազդարարումից հետո Արմեն Սարգսյանը շատ արագ փորձում է դուրս գալ պաշտոնից, ինքնամաքրվել, շատ շուտ սկսել ինքնամաքրման աշխատանքը։ Մենք գիտենք, որ այդ սահմանադրական բարեփոխումների գործընթացը այդքան էլ շատ կարճ չէ, բավական երկար կտևի, ամենաքիչը մեկ տարի։ Արմեն Սարգսյանն էլ հիմիկվանից ցանկանում է ինքնամաքրվել, իրեն դուրս բերել Նիկոլի ազդեցության տակից, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ 2018 թվականի իշխանատեղափոխությունից հետո Արմեն Սարգսյանը գլոբալ առումով խաղացել է իշխանությունների դաշտում։ Բազմաթիվ հնարավորություններ են եղել նրա համար՝ կապված տեղի ունեցող իրադարձությունների հետ, դուռը շրխկացնելով դուրս գալ պաշտոնիցև ցույց տալ իր բացասական վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ, բայց Արմեն Սարգսյանը դա չի արել, բայց նա դա արեց երեկ։ Երեք տարուց ավելի լինելով ՀՀ նախագահ ինքը նոր է հասկացել, որ իր հնարավորությունները շատ սահմանափակ են եղել և շատ դեպքերում ինքը չի կարողացել ընդդիմանալ գործող իշխանությունների վարքագծին և ընդունած որոշումներին։ Ինքը կարող էր դա շատ վաղուց անել և իր անհամաձայնությունը հայտնել «դուռը շրխկացնելով պաշտոնից դուրս գալ», բայց չի արել և դա արեց միայն այն բանից հետո, երբ ազդարարվեց սահամանադրական բարեփոխումների ծրագիրը»,-նշեց նա։
Երկրորդ հանգամանքը հրաժարական տալու, Համբարյանը կապում է նրա հետ, որ Արմեն Սարգսյանը տեղյակ է երկրի ապագա վտանգների մասին և խուսափել է մեղավոր լինելուց։
«Երկրորդ տարբերակը այն է, որ Սարգսյանը տեղյակ է, թե Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Անհողի գլխավորությամբ, ինչ են նախապատրաստում, ինչ նոր արհավիրքներ են պատրաստում ՀՀ գլխին, և ինքը չի ցանկանում լինել այդ արհավիրքների և այդ աղետների անմիջական մասնակից որպես երկրի նախագահ, որովհետև Նիկոլ Անհողը շատ հմուտ մանիպուլիատոր է և վաղը մյուս օր իր արած գործողությունների համար կարող է մեղադրել բոլորին, այդ թվում նաև, նույն Արմեն Սարգսյանին որպես նախագահ , թե բա, եթե համաձայն չէր թող արտահայտվեր կամ չստորագրեր կամ հրաժարական տար»,-ասաց նա՝ հավելելով, որ Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես վարվել էր 90-ականներին՝ շատ պատահական հրաժարական տալով։
Հարցին, թե ինչ է տալու կիսանախագահական կառավարման համակարգը Փաշինյանին, որը չի տալիս պառլամենտականը, պատասխանեց․ «Ես ինքս ի սկզբանե կտրականապես դեմ եմ եղել, որպեսզի Հայաստանը դառնա պառլամենտական հանրապետություն, որովհետև մեր հասարակությունը, հաշվի առնելով նաև մեր հասարակության կրթական մակարդակը, բացարձակ պատրաստ չէ պառլամենտական կառավարման համակարգին։ Պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկիրներում հասարակությունը քաղաքականապես այնքան զարգացած է, որ գիտի, թե որ քաղաքական ուժին ինչի համար է ընտրում, մեզ մոտ նույնիսկ կուսակցական շինարարությունը ավարտված չէ, մեզ մոտ կուսակցությունները մարդ-կուսակցություններ են և ամեն դեպքում ես ինքս բացասական վերաբերվելով Նիկոլ Անհողի անձին և նրա կառավարմանը, ինքս համարում եմ, որ ՀՀ-ն պետք է դառնա կիսանախագահական երկիր, որտեղ նախագահը պետք է ունենա ուժեղ իշխանություն»,-ասաց Համբարյանը։
Քաղաքագետն ասում է, որ արդեն «ուժեղ նախագահ» բառակապակցությունը ցույց է տալիս, թե ինչպիսի լիազորություններ կունենա Փաշինյանը կառավարական համակարգում, եթե այն փոխվի։
«Այստեղ խնդիրն այն է, թե այդ չակերտավոր հետ վերադարձը ինչպիսին պետք է լինի, այսինքն նույն նախագահն ինչ լիազորություններ պետք է ունենա, տեսնենք ինչ չակերտավոր բարեփոխումներ է պատրաստում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այս ոլորտում, հետո դրա վերաբերյալ կարելի կլինի կոնկրետ մեկնաբանություններ անել»,-եզրափակեց քաղաքագետը։
Սեդա Մակարյան