Քովիդի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տալիս հարազատներին դիմավորողներին ներս մտնել. քաղաքացիները ահազանգում են, նախարարությունը պարզաբանում
Հասարակություն
Քովիդի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տալիս հարազատներին դիմավորողներին օդանավակայանի ներս մտնել։ ArmDaily.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ ներկայիս ցուրտ եղանակն էլ հաշվի առնելով, շատ դժվար է դրսում կանգնած սպասել, մինչև հարազատ, բարեկամը դուրս կգա։
Շատերն են տարակուսում, որ մեծ առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում, սրճարաններում և հանրային այլ վայրերում մեծաթիվ մարդկանց կուտակումներ են լինում, սակայն դա կարծես չի խանգարում հիվանդության տարածմանը, իսկ օդանավակայանում իրավիճակը այլ Է։
Մենք դիմեցինք Առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիներին անհանգստացնող հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, և պարզելու՝ արդյոք նախարարի այս սահմանափակման վերաբերյալ փոփոխություն չի նախատեսվում։
Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը սպասելի համարեց այն, որ այս փոփոխությունը միանշանակ չի ընկալվել հանրության կողմից։
«Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ, որ մեր երկիրը և աշխարհը ընդհանրապես ապրում է պանդեմիայի փուլում։ Այս շրջանում մենք պետք է կարողանանք գիտակցել հանրային առողջության արժեքը, և մենք պետք է մեկս մյուսի առողջության հանդեպ պարտավորություններ դրսևորենք և հասկանանք այդ հարցի կարևորությունը»,- ասաց Խաչատրյանը։
Վերջինս դժվարացավ նշել՝ արդյոք մոտակա ժամանակները կվերանայվեն սահմանափակումները, որովհետև քովիդի դեպքում որոշումները իրավիճակային բնույթ են կրում։