Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց նոր ՄԻՊ. Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված. Հունվարի 24-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփԵրեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ առաջիկա օրերին նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինիս էլ խորհրդարանում կփոխարինի Հակոբ Արշակյանը։
Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստինե Գրիգորյանին։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր:
ArmDaily.am-ը ահազանգեր ստացավ բնակիչներից, որ Երևանի Կենտրոնում գազի անջատման պատճառով ջեռուցման խնդիր է առաջացել, ինչպես նաև նշված հասցեներում գործող մանկապարտեզներից, դպրոցներից երեխաներին տուն են ուղարկել։ Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում գազամատակարարման դադարեցման պատճառով մի շարք պետական հիմնարկներ եւս զրկվել են ջեռուցումից, մասնավորապես՝ ԱԺ-ն, Սահմանադրական դատարանը, նախագահական նստավայրը, կառավարությունը...։ Գազպրոմից հայտնել էին, որ իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ։
Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ):
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Ռազմական ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը և Պաշտպանության նախարարությանը զենք մատակարարած ընկերության տնօրեն, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կմնան կալանավորված: Իսկ գործով մյուս մեղադրյալ, Ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի կալանքը փոխարինվել է 5 միլիոն դրամ գրավով: