Կարելի է Հայաստանը հայտարարել ճգնավորների հանրապետություն․ Սամվել Մարտիրոսյան
Հասարակություն
«Թվային աջակցություն քաղհասարակությանը» ՀԿ-ի հիմնադիր Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել կապված QR կոդի հետ։
«Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։
Ձեր հունվարի 22 էլ շնորհավոր»,- գրել էր Մարտիրոսյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անդրադառնալով այս ահազանգին՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները:
ArmDaily.am-ը զրուցել է Սամվել Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, ինչպես է մեկնաբանում Ավանեսյանի ասածը։
«Նույն պատասխանն է, էն, որ ասում էին, որ թեստի գումարը քաղաքացին չպետք է տա ու բացատրություն է եղել, որ կարող է հարևանը տալ։ Ուզում եմ ասեմ, որ սա ինչ-որ ժանգլյոռություն է, որովհետև եթե դու մարդկանց դնում ես իրավիճակի մեջ, երբ իրենք պարտադրված են տվյալները տալու, պարզ է, որ միշտ կարելի է ասել, որ դա անհրաժեշտություն չի՝ առաջնային սրճարան գնալը, բայց դա չի նշանակում, որ կարելի է մարդկանց ամեն ինչից զրկել՝ ասելով, որ պարտավոր չեն և այլն»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանն ասում է, որ մի կողմից իրոք մարդիկ իրենց կամքով են ներկայացնում, բայց փաստացի մարդը դա պետք է անի օրվա մեջ, մի գուցե, շատ տեղեր։
«Եթե ենթադրենք թատրոն է գնում, թանգարան է գնում, սպորտ դահլիճ է գնում, որը իմիջայլոց շատերի համար շռայլութուն չէ, այլ հենց նույն առողջական պահանջ է և մարդը մեծ հաշվով պարտադրված է։ Փաստացի ստացվում է, որ ահռելի քանակի մարդկանց մոտ այդ տվյալները կարող են հայտնվել»,-ասաց նա։
Հարցին, թե կարող ենք պնդել, որ իրոք մարդը իր կամքով է ներկայացնում անձնական տվյալները, պատասխանեց․ «Պատճառաբանումը նախարարության նրանում է, որ այն վայրերում է պարտադրված, որոնք ինքը կարող է չայցելել, բայց այդպես կարելի է Հայաստանը հայտարարել ճգնավորների հանրապետություն ու պարզա, որ մարդիկ համարյա ոչ մի տեղ կարող են չգնալ մեծ հաշվով»,-նշեց Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանն այս խնդրի լուծման տարբերակն ունի։
«Հարցը շատ հեշտ լուծվող է, եթե ցանկություն կա հարցը լուծել, այլ ոչ թե վիճաբանության մեջ մտնել։ Հարցը լուծված է օրինակ այն երկրներում, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը հարգվում է պետության կողմից ու շատ պարզ է արվում դա։ Այսինքն սկանավորումը արվում է հատուկ ծրարի միջոցով, որը պարզապես ցույց է տալիս, այդ կոդը վավեր է, այսինքն մարդը պատվաստված է կամ թեստավորված, թե ոչ։ Սկանավորողը ավելորդ ոչ մի տեղեկություն չի տալիս»,-եզրափակեց նա։
Սեդա Մակարյան