Նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրի՞ց. որտե՞ղ է Արմեն Սարգսյանը
Քաղաքական
Օրեր առաջ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը ԱՄԷ այցից հետո Լոնդոն է մեկնել, որտեղ էլ և անցնում է համապատասխան բուժզննումը։ Հետեւաբար ստացվում է՝ Սարգսյանը նախագահի պաշտոնի հրաժարականի մասին հայտարարում է արտերկրից։ Պատմությունը կարծես կրկնվում է, 25 տարի առաջ այս օրերին Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին եւս հայտարարեց արտերկրից՝ Լոնդոնից։
Մենք դիմեցինք նախագահի աշխատակազմ՝ պարզելու՝ որտեղ է նախագահը բուժզննում անցնում եւ որտեղ է նա այժմ։
«Ինչպես տեղեկացրել ենք, Հանրապետության նախագահի արձակուրդը պայմանավորված էր բուժզննում անցնելու անհրաժեշտությամբ: Այն անցկացվում էր արտերկրում: Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում բուժման կուրսերի շնորհիվ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է: Ըստ անհրաժեշտության, նրանց ցուցումով նախագահ Սարգսյանը պարբերաբար մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում»,- ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այլ հարցերի նախագահականից չպատասխանեցին։