Երբևիցե Արցախի ժողովուրդը չի ընդունելու որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Ժիրայր Ազիզյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն ասաց, որ ադրբեջանցիները երեկ ուշ երեկոյան Կարմիր Շուկայի ուղղությամբ սկսել են կրակել։ «Ուշ երեկոյան դեպքը տեղի ունեցավ։ Փառք Աստծո լայնածավալ, լայնամասշտաբ հետևանքներ չի ունեցել, զարգացում չի ունեցել՝ հերթական սադրանքն է։ Իհարկե բոլորս էլ գիտենք, որ հակառակորդը պարբերաբար փորձում է տարբեր ուղղություններում, տարբեր մակարդակներում և տեղեկատվական, և ենթակառուցվածքների մակարդակներում պարզապես հայաթափել Արցախը, վախի մթնոլորտ ստեղծել»,-ասաց Ազիզյանը։
Արցախցի քաղաքագետը նշեց, որ բարեբախտաբար ադրբեջանցիների նպատակը մինչ այժմ ձախողվում է, որ արցախցիների վստահությունն իրենց հայրենիքում մնալու, ստեղծագործելու շատ հաստատակամ է։ Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ հրաժարականը մեկնաբանելու համար պետք է տիրապետել հրաժարականի պատճառներին, այնինչ իրականում փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները չեն տիրապետում տեղեկատվության, որովհետև այն իրականում գոյություն չունի։ «Ինչ վերաբերում է հրաժարականի տեքստին, եթե այն ընթերցում ենք՝ այստեղ հարցեր են առաջանում: Միթե այսքան տարի հետո է Արմեն Սարգսյանը հասկանում, որ իր լիազորություններևը պարզապես թույլ չեն տալիս ինչ-որ փոփոխություններով աջակցել մեր պետականությանը։ Պետք է հասկանալ, որ Արմեն Սարգսյանը ուղղակի չի եկել այստեղ։ Արմեն Սարգսյանն այն կադրերից մեկն էր, եզակի կադրերից մեկն էր, որը նշանակվել է նախկին իշխանությունների օրոք և շատ անսպասելի և ավելի անսպասելի է եղել նրա նշանակումը, քան նրա գնալը՝ գոնե ինձ համար»,-ասաց Ազիզյանը։
Քաղաքագետը նշում է, որ շատ բան պարզ կլինի այն բանից հետո,թե հաջորդ նախագահն ով է լինելու։
Վերջինս նշում է, որ նախագահի նշանակումն այնքան էլ գերկարևոր խնդիր չէ, քանի որ հենց Սարգսյանն է իր հրաժարականի տեքստում նշում, որ իր լիազորություններն իրեն թույլ չեն տալիս որևէ ազդեցություն կրող քայլ կատարել։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հրաժարականը իշխանությունների՝ Սահմանադրական փոփոխությունների միջոցով նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու հետ, Ազիզյանն ասաց, որ այս իշխանություններին խորհրդարանական կառավարման համակարգն առավել ձեռնտու է, քանի որ այսպես իրենք կարող են վերարտադրվել, այնինչ նախագահական կառավարման ձևը ունի սահմանափակ իշխանավարման ժամկետներ։
Մանրամասները՝ տեսանյութում։