Սա այն դեպքն էր, որ անհատը պետք է կայացներ ինստիտուտը, նախագահ Սարգսյանը դա չարեց. Խոսրով Հարությունյան
Քաղաքական
Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։
Սարգսյանը ՀՀ թվով 4-րդ նախագահն էր, բայց նա առաջինն էր, ում ընտրել էր ԱԺ-ն։ նախագահի ընտրությունը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 1-ին, Սարգսյանի թեկնածությունը առաջարկել էին ՀՀԿ և ՀՅԴ 60 պատգամավորներ։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ասաց, որ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարությունը փորձ էր իր ոչ հաջողված առաքելությունը քողարկելու։
«Ես չեմ մերժի այն միտքը, որ միգուցե նախագահի ինստիտուտը արդյունավետ լինելու համար հավելյալ սահմանադրական գործիքների կարիք ունի, բայց ես կփաստեմ, որ առկա գործիքները՝ սահմանադրական կարգը պահելու, իշխանությունների տարանջատման և հակակշիռների սկզբունքը, որն առանցքային է ժողովրդավարական հասարակությունների համար, այդ սկզբունքի պահպանման առումով առկա գործիքակազմը նախագահ Սարգսյանը չի օգտագործել, մենք դրա բազմաթիվ փաստերը գիտենք։ Հետևաբար՝ ես ուզում եմ արձանագրել, որ նոր կայացող այդ ինստիտուտի համար անհատի դերը շատ մեծ էր»,- ասաց Հարությունյանը։
Խոսրով Հարոթյունյանը այն պատգամավորներից էր, ով պաշտպանել էր Արմեն Սարգսյանի թեկնածություն ԱԺ-ում։ Նախկին պատգամավորը նշեց, որ հետևյալ հարցադրումով է պաշտպանել։
«Հաշվի առնելով անցած ուղին, փորձառությունը, կապերը՝ ասում էի, որ սա այն դեպքն է, որ անհատը պետք է կայացնի ինստիտուտը։ Նախագահ Սարգսյանը դա չարեց, ակնհայտորեն չարեց»,- ընդգծեց Հարությունյանը։
Նա դժվարացավ ասել, թե ինչու է Արմեն Սարգսյանը որոշել հենց հիմա հրաժարական տալ, այլ ոչ թե 1 կամ 2 ամիս առաջ։
«Չէ որ ոչ մի բան առանձնապես չի փոխվել։ Այնպիսի իրադարձություններ չեղան մեր երկրում, որը նախագահին ստիպեր վերջնականապես գալ այդ եզրակացության, որ միգուցե՝ ինձ մոտ չստացվեց։ Վերջին 1-2 ամսվա մեջ կտրուկ իրադարձություններ չենք տեսել։ Այդպիսի իրադարձություններ կային նոյեմբերի 9-ից հետո, 2021 թվականի սկզբում, երբ նախագահը պահանջեց կառավարության հրաժարականը։ Այսինքն՝ նա նախագահին վերապահված սահմանադրական կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու բազում հնարավորություններ է ունեցել։ Օգագործե՞լ է, ասում եմ՝ ոչ։ Ընդհակառակը, նա շատ օրենքներ չէր ստորագրում, արդյունքում նրանք գնում էին Ազգային ժողով, Ազգային Ժողովի նախագահի ստորագրությամբ դրանք մտնում էին ուժի մեջ։ Մինչևդեռ դրանք այն փաստաթղթերն ու օրինագծերն էին, որոնք անկասկած պետք էր ուղարկել Սահմանադրական դատարան։ Ես՝ ինքս, բավարարված չեմ նրա գործունեությունից»,- նշեց Հարությունյանը։
Թե ինչու է Արմեն Սարգսյանը հրաժարական տվել, Հարությունյանը պատճառը չգիտի, սակայն, ըստ նախկին վարչապետի՝ նախագահի բերած մեկնաբանությունները համոզիչ չեն, այդ մեկնաբանություններով նա կարող էր 1 տարի առաջ, 2 տարի առաջ հրաժարական տալ։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծմանը և այս համատեքստում նախագահի հրաժարականի դիտարկմանը՝ Հարությունյանը նշեց, որ այս պրոցեսը հիմք չէ հրաժարական տալու համար։
«Այն սկզբունքային հարցադրումները, որն ինքը հնչեցնում է, թե հավելյալ գործիքներ են պետք այդ ինստիտուտի՝ ավելի արդյունավետ գործելու համար, սահմանադրական բարեփոխումների այս գործընթացի հետ որևէ աղերս չունի։ Ընդհակառակը՝ մնայիք պաշտոնում, պահանջեիք՝ Ձեր փորձից ելնելով, որպեսզի այս սահմանադրական փոփոխությունների մեջ այդ Ձեր ասած գործիքները ներգրավվեին։ Դա անհամեմատ ավելի ռացիոնալ կլիներ և ավելի նվիրվածություն կդրսևորեր Ձեր պատասխանատու դերակատարման առումով։ Կարող էր գոնե այդպես դիտարկվել և գնահատվել»,- ասաց Հարությունյան։
Այս 4 տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը բազմաթիվ անգամներ հանդես է եկել ՀՀ անունից և ներկայացրել է մեր երկիրը տարբեր միջազգային հարթակներում։ Հարցին՝ արդյոք այս ընթաքում Արմեն Սարգսյանը արդարացրեց այն նպատակները, որի համար 2018-ին նա բերվեց հայաստան և ընտրվեց նախագահի պաշտոնում, և արդյոք Հայաստանին նրա գործությունները օգուտ բերեցին՝ Հարությունյանը պատասխանեց. «Տարբեր տեսակի ֆորումներում ելույթները որպես ՀՀ նախագահ, որպես հայտնի գիտնական կամ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում պատկերացումներ կամ նույնիսկ բավականին լուրջ ձեռքբերումներ ունեցող անձ՝ կարող էր նպաստել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը։ Ես դա չեմ բացառում, բայց ինձ համար ՀՀ նախագահի հիմնական առաքելությունը Սահմանադրական կարգի պահպանումն էր։ Այդ նախագահի պաշտոնը դրա համար է ստեղծված»։
Արփինե Պետրոսյան