Կենտրոնում գազ չկա, երեխաներին դպրոցներից եւ մանկապարտեզներից տուն են ուղարկել. ահազանգի հետքերով
Հասարակություն
Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնել էր, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 01:30-ից դադարեցվել է Երևանի մի շարք փողոցների գազասպառողների գազամատակարարումը, սակայն չէին նշել, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը։
ArmDaily.am-ը ահազանգեր ստացավ բնակիչներից, որ գազի անջատման պատճառով ջեռուցման խնդիր է առաջացել, ինչպես նաև նշված հասցեներում գործող մանկապարտեզներից, դպրոցներից երեխաներին տուն են ուղարկել։ Ընդ որում՝ ահազանգող բնակիչները տարակուսած են, քանի որ չգիտեն՝ երբ կվերականգնվի գազամատակարարումը։
Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում գազամատակարարման դադարեցման պատճառով մի շարք պետական հիմնարկներ եւս զրկվել են ջեռուցումից, մասնավորապես՝ ԱԺ-ն, Սահմանադրական դատարան, նախագահական նստավայր, կառավարություն...։
Մենք փորձեցինք խնդրի մասին մեկնաբանություն ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության աշխատակից Միշա Հարությունյանից, ով սկզբում ասաց, որ կճշտի և մանրամասներ կհաղորդի դեպքի մասին, ապա մեր զանգից որոշ ժամանակ անց ընկերությունը պարզաբանում տարածեց, որտեղ նշված էր. «Երևան քաղաքի դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք։ Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով։
Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գագաթաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի»։
Հիշեցնենք, որ դադարեցվել էր Երևան քաղաքի Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան,Ալիխանյան, Զառուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից թիվ 23 և թիվ 2-ից թիվ 50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2,4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1,3 բազմաբնակարան շենքերի, «Կոզեռն» թաղամասի, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը: