Արմեն Սարգսյանի հրաժարականը ոչ արդյունք է, ոչ էլ հետևանք, այս հրաժարականը պրոցեսի սկիզբ է. Կարեն Քոչարյան
Քաղաքական
Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ մենք ապրում ենք իրականության մեջ, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նախագահը չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով հրաժարականի տեքստում առկա պատճառաբանություններին, նշեց՝ երևի Արմեն Սարգսյանը նոր է կարդացել Սահմանադրությունը, երբ նախագահ էր դառնում՝ չի կարդացել։
«Ուրիշ բացատրություն չկա այդ տեքստին։ Իսկ հրաժարականը ոչ արդունք է, ոչ էլ հետևանք, այս հրաժարականը պրոցեսի սկիզբ է»,- ասաց Քոչարյանը՝ մանրամասնելով, որ խոսքը սահմանադրական փոփոխությունների պրոցեսի մասին է գնում։
Նա ասաց, որ պետությունը անցնելու է կիսանախագահական մոդելի։
«Այդպես են ասում դրսից, այն մարդիկ, ովքեր տերերն են հիմա։ Եթե վերցնենք նորմալ պայմաններում Հայաստանին իհարկե անհրաժեշտ է կիսանախագահական մոդելը։ Դա իմ կարծիքն է»,- ասաց քաղտեխնոլոգը։
Հարցին՝ արդյոք Արմեն Սարգսյանը վերջին 4 տարիների ընթացքում ամբողջությամբ կիրառում էր Սահմանադրությամբ իրեն ընձեռված բոլոր հնարավորությունները, Քոչարյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանը ոչինչ չարեց 4 տարվա ընթացքում, համենայն դեպս Հայաստանի Հանրապետության համար։ Չգիտեմ ում համար ինչ է արել, բայց ՀՀ –ի և ՀՀ քաղաքացիների համար նա ոչինչ չի արել»։
Քաղտեխնոլոգի համար միևնույնն է՝ այս հրաժարականը ուշացած էր, թե ոչ։
«Դա ինքը չի որոշել, երբ ասել են՝ այն ժամանակ էլ տվել է»,- եզրափակեց Քոչարյանը։