Ե՞րբ սպասել երեխայի առաջին ատամին
Exclusive
Երեխայի առաջին ատամը կարևոր իրադարձություն է ամբողջ ընտանիքի համար, սակայն երբեմն կարող է ցավոտ լինել հենց փոքրիկի համար:
Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակահատվածը տատանվում է 6-7 ամսականը, սակայն լինում են նորմայից շեղումներ: Հինգ ամսականից մինչեւ երեք տարեկանը երեխայի մոտ ծկթում է 20 կաթնատամ:
Ատամնաբույժները և մանկաբույժները պնդում են, որ երեխայի կաթնատամները պետք է ծկթեն կոնկրետ ժամանակ և հստակ հերթականությամբ: Առաջինը ծկթում են առջևի երկու հիմնական ատամները` որոշ երեխաների մոտ միաժամանակ, որոշների մոտ էլ ժամանակային զգալի տարբերությամբ: Այս ատամները ծկթում են հիմնականում 6-9 ամսականում:
Դրան հաջորդում են վերևի ատամները, որոնք, որպես կանոն, ծկթում են 7-10 ամսականում:
Հաջորդաբար ծկթում են վերևի և ներքևի դիմային մյուս կաթնատամները (9-12 ամսականում): Հետո արդեն, ըստ հերթականության, դուրս են գալիս վերևի առաջին արմատավոր ատամները (12-18 ամսականում), ներքևի արմատավորները (13-19 ամսականում), վերևի կտրիչները (16-20 ամսականում), ներքևի կտրիչները (17-22 ամսականում), ներքևի երկրորդ սեղան ատամները (20-33 ամսականում) և վերևի 2-րդ սեղան ատամները (24-36 ամսականում):
Ատամների ծկթումը սովորաբար նկատելի է դառնում երեխայի պահվածքից: Փոքրիկը կարող է դառնալ գերզգայուն, ունենալ ակտիվ թքարտադրություն, հաճախ բռունցքները բերանը տանել եւ այլն: Կարող է նաեւ նկատվել ախորժակի թեթեւակի անկում եւ ջերմության բարձրացում մինչեւ 38.5° C:
Պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացն անհատական է, սակայն մինչեւ մեկ տարեկանը երեխան գոնե մեկ ատամ պետք է ունենա: Իսկ եթե երեխայի ատամները մի քանի ամսով ուշ են ծկթում, օրինակ` փոքրիկն արդեն 10-11 ամսական է, բայց դեռ ատամների դուրս գալու որևէ նախանշան չկա, հարկավոր է բժշկի դիմել, քանի որ դա կարող է խոսել երեխայի մոտ առողջական ինչ-ինչ խնդիրների մասին (օրինակ՝ ռախիտ, հիպոթերիոզ):