«Խորհուրդներ սեքսոլոգից». Վաղաժամ սերմնաժայթքում․ ինչ խնդիր է սա և ինչպես է իրականցվում բուժումը (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ կփորձենք պարզել՝ ինչ խնդիր է վաղաժամ սերմնաժայթքումը, ում մոտ է առավել հաճախ նկատվում այն և ինչպես է իրականացվում բուժումը:
Վաղաժամ սերմնաժայթքումը սեքսոլոգիական այցելուների շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է:
Այն կարող է պայմանավորված լինել ֆունկցիոնալ և օրգանական պատճառներով, ոչ ռեգուլյար սեռական կյանքով (երկարատև սեռական ձեռնպահություններ):
Վաղաժամ սերմնաժայթքման հակված են այն անձինք, որոնք ունեն տագնապային, անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն:
Վաղաժամ սերմնաժայթքում է համարվում նաև եթե տղամարդը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը՝ սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ քան ցանկանում են զույգերը:
Արտահայտված տարբերակի դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչեւ առնանդամի ներհրումը ( ejaculation ante portas ), ինչը անհնարին է դարձնում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ պատճառ հանդիսանում անպտղության:
Դերակատարություն կարող են ունենալ նաև օրգանական պատճառները` շագանակագեղձի, միզուղիների, առնանդամի գլխիկի բորբոքային գործընթացները:
Սա կարող է խոչընդոտել զույգերին հոգեսեքսուալ բավարարության ստանալ, ինչը կարող է տղամարդու մոտ արտահայտված տագնապային մտավախություն առաջացնել՝ պատճառ հանդիսանալով նաև էրեկտիլ դիսֆունկցիայի (սեռական թուլության) ձևավորման:
Վաղաժամ սերմնաժայթքումը բարձր արդյունավետությամբ բուժվում է սեքսոլոգիական մեթոդներով՝ կիրառվում են համալիր ժամանակակից, դեղորայքային և ֆունկցիոնալ վարքային մեթոդներ: