Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը
Մշակույթ
Այս տարի եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է փետրվարի 12-ին՝ Տյարնընդառաջից մեկ օր շուտ։ Այս տոնը Հայաստանում նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:
Աղի բլիթը հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։
Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդների կողմից դիտվում է որպես գուշակություն։
Սեդա Մակարյան