Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Քաղաքական
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում մի շարք հեռուտաընկերությունների լրագրողների անվանեց վերբալ մարմնավաճաներ: ՔՊ-ն սակայն ավելի ուշ իր պատգամավորի վիրավորանքը դատապարտելու ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ:
Իրավապաշտպան, «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամ Արտակ Գալստյանն ArmDaily.am-ին ասաց, որ դեռևս սեպտեմբերին գործող իշխանությունը սահմանափակեց լրագրողների ազատ տեղաշարժը խորհրդարանում, ինչն աննախադեպ էր ՀՀ պատմության մեջ:
«Այնուհետև Ալեն Սիմոնյանի հրամանով հավաքվեցին Ազգային Ժողովում լրագրողների համար հատկացված աթոռները, որից հետո արդեն ՔՊ պատգամավորը լրագրողներին համեմատեց վերբալ մարմնավաճառների հետ: Օրերս էլ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց, որ ընդհանրապես ինքն է որոշում, թե ով որտեղ աշխատի, նախարարներից որը երբ հրաժարական տա կամ չտա»,-ասաց Գալստյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ Ազգային ժողովի ամբիոնից բազմիցս հայտարարվել է, որ ՔՊ պատգամավորները խոսելուց առաջ ստանում են հաղորդագրություններ, թե ինչ խոսեն, ում մասին կամ ում հետ վիճաբանություն սկսեն:
«Համադրելով վերը շարադրվածը կարծում եմ, որ առկա է հավաստի կասկած առ այն, որ լրագրողների դեմ ճնշումների հրահանգը գալիս է ՔՊ վերնախավից, բացառված չէ, որ հենց վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից, քանի որ վերջինս եղել է լրագրող և միգուցե մնացած լրագրողներին նույնպես չափել է իր արժեհամակարգով: Իմ կարծիքով դրա մասին է վկայում նաև այն, որ լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը, կարծում եմ նա դժվար թե հասկացել է այդ բառերի իմաստը: Կարծում եմ, ՀՀ լրագրողների միությունը պետք է վիրավորանքի համար դատական հայց ներկայացնի ՔՊ պատգամավորի դեմ»,- նշեց Արտակ Գալստյանը:
Հայկա Ալոյան