Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան
Քաղաքական
Ռեստորանների ասոցացիա ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Կառավարության որոշմանը, ըստ որի, 2022 թվականի հունվարի 22-ից բոլոր ռեստորաններում և ժամանցի վայրերում մուտքը կարգելվի, եթե չունեք QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Բարսեղյանը խնդրել է մեկնաբանություններում արձագանքել այն ռեստորանների սեփականատերերին, ովքեր իրենց հաճախորդների դիմաց նման պահանջ չեն դնելու։
Իսկ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նույն որոշմանը, նշել էր, որ կտուգանվեն բոլոր այն ռեստորանները, որոնք չենթարկվեն որոշմանը։
ArmDaily.am-ը զրուցեց Ռեստորանների ասոցացիա ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի այդ հայտարարությանը։
«Եթե որևէ սահմանափակում է մտցվում որևէ բնագավառի հանդեպ, ապա միաժամանակ մտցվում են սուբսիդավորման ծրագրեր և օժանդակության, օգնության ծրագրեր, եթե իրենք որոշում են փակել ռեստորանները՝ պիտի պատրաստ լինեն պատասխանել սնանկացող բիզնեսների և գործազուրկների հարցերին, թե առանց այդ էլ այս համատարած թանկացումների ու կյանքի վատթարացման պայմաններում պետությունը ինչ է անելու նրանց հետ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը։
Բարսեղյանն ասում է՝ վարչապետը մոռացել է ևս մեկ անգամ հիշել, որ լոքդաունները, որոնցով նա սպառնում է, վաղուց արդեն համատարած ընդունված է աշխարհում, որ ոչ մի էֆեկտ չեն ունեցել պանդեմիայի դեմ պայքարում։
«Գնահատում եմ իր օգնականներին բացասական պրավալը, օգնականները իրեն տվել են ամբողջությամբ դատարկ ինֆորմացիա, միայն նրա համար, որպեսզի կարողանան սպասարկել իրենց հետաքրքրությունները այդ բնագավառում։ Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկմանը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի»,-ասաց նա։
Հարցին, թե չի անհանգստանում, որ իր գրառմանն արձագանքած ռեստորանները կարող են թիրախավորվել, պատասխանեց․ «Այսինքն Կառավարությունը թիրախավորելով է զբաղվո՞մ ՀՀ-ում, բացահայտ ասեն՝ իմանանք։ Թող գնան, թող գնան ստուգեն, տեսնեն՝ ինչքանով է իրավաչափ իրենց տուգանքները»,-եզրափակեց Բարսեղյանը։
Առողջապահության փորձագետ Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ Կառավարության մոտ չի ստացվելու իրականացնել այս որոշումը։
«Ես կարծում եմ, որ Կառավարության մոտ, ինչպես չստացվեց պատվաստման գործընթացը իրացնել ու այդքան ճնշումներից հետո ընդամենը բնակչության 26,7 տոկոսը պատվաստվեց, այնպես էլ չի ստացվելու այս երևույթը կամ նախագիծը իրագործել։ Օրինակ, որ ես մտնեմ առանց QR կոդի որևէ ռեստորան այդ ռեստորանի սպասարկող անձնակազմն իրավունք չունի որևէ խոչնդոտ ստեղծի։ Այլ վերահսկող մարմին չկա, որ այդ գործընթացը իրականացնի։ Այսինքն մենք ունենք մի նախագիծ, որի իրականցումը ոչ մեկ չի վերահսկելու և դա թողնվելու է ռեստորանների մենեջերների վրա։ Մենեջերներն էլ կոնֆլիկտների մեջ են ընկնելու և շատ շուտ, մի օր հոգնելու են այդ կոնֆլիկտներից և շարունակելու են հանգիստ ապրել, որովհետև իրենց գործառույթի մեջ, իրենց աշխատանքային պարտականությունների մեջ QR կոդ վերահսկել չի մտնում։ Քաղաքացու՝ հանրային սննդի կետերից օգտվելու, մեր սահմանադրության մեջ առողջության մասին որևէ տեղեկատվություն տրամադրելու պարտականություն չի մտնում։ Իսկ թե ինչ են մոգոնել մեր մտքի գիգանտները՝ դա արդեն իրենց խնդիրն է, թող ոնց մոգոնել են տենց էլ վերահսկեն»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։
Անդրադառնալով Կառավարության նիստի ժամական Փաշինյանի այն պնդմանը, որ կտուգանեն օրինախախտ ռեստորանների սեփականատերերին, Գրիգորյանն ասաց, «Գլուխը պատին կտա»։
Սեդա Մակարայան