Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին
Քաղաքական
ՏԻՄ ընտրություններից հետո վերջին ամիսներին կարծես Փարաքարում իրավիճակը հանգուցալուծման էր եկել։ Ընտրվել էր համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցությունը վայր էր դրել մանդատն ու լքել էր նիստերի դահլիճը։
Բայց երեկ պարզ դարձավ, որ այդ համայնքում բողոքի նոր ալիք է բարձրացել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրահավաք էր իրականացրել։ Ստացված 5000-ից ավելի ստորագրությամբ փարաքարցիները երեկ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականցնում։
Ավելի վաղ «Ապրելու երկիր»-ը հայտարարություն էր տարածել, որ Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։
Այսպիսով Փարաքարում «խմորը դեռ շատ ջուր է ուզելու»։ ArmDaily.am-ը զրուցել է Փարաքարում իշխող ուժի ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է գնահատում «Ապրելու երկրի» սկսած գործընթացը։
«Մեկնաբանություն չունեմ, իրենց իրավունքն է, իրենք իրենց պատկերացմամբ, ցանկալի քաղաքական գործընթացն են ծավալում, իրենց խնդիրն է»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը։
Հարցին, թե եթե Կառավարությունը բավարարի «Ապրելու երկիր» կուսակցության պահանջը, որոնք են լինելու իրենց քայլերը՝ պատասխանեց․ «Ձուկը ջրում բազառ անել է դա, եթե Կառավարությունն իրենց պահանջը բավարարի, ըստ այդմ օպերատիվ կկողմնորոշվենք ինչ անենք»,-եզրափակեց նա։
Մենք փորձեցինք կապ հատատել նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։