Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան
Քաղաքական
Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողներին համեմատեց վերբալ մարմնավաճառների հետ։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցրեց հայտնի խոսքերը՝ «Իշխանությունը այլասերություն է, բացարձակ իշխանությունը՝ բացարձակ այլասերություն»։
«Ես տեսնում եմ իրենց հարաբերությունները ընդդիմադիր դաշտի հետ, և եթե այդ բառապաշարն իրենք համարում են նորմալ, որ պետք է հանրային այսպիսի լսումներ անեն այդ մակարդակով, ասելու կարիք էլ չկա, որ դա անընդունելի է։ Ոչ ոք չի զսպում այս մարդկանց, և հետո խոսում են խոսքի ազատության մասին։ Իրենց պատկերացումները խոսքի ազատության մասին այդպիսին է՝ Վահագն Ալեքսանյանի և մյուսների, որոնց թույլատրելի է այսպես խոսել։ Մենք տեսնում ենք, որ դա շարունակական բնույթ է կրում»,- ասաց Ալեքսանյանը։
Ալեքսանյանն իր ելույթում հայտարարեց, որ հեղափոխությունից հետո, երբ նշվեց խոսքի և մամուլի ազատության արժեքի մասին, լրատվականներում սկսվեցին ատելության քարոզներ։ Իրավապաշտպանը դիտարկեց, որ հենց պատգամավորի խոսքն է պարունակում ատելության խոսքի էլեմենտներ, եթե չասենք, որ ամբողջ ելույթն էր ատելության խոսք։
«Նա իրավունք չունի ատելության խոսքից խոսել, որովհետև հենց ինքը թելադրում է ատելության խոսք՝ այդպիսի բառապաշարով։ Ո՞վ է իրեն թույլ տվել, որպեսզի այդպիսի բառապաշարով արտահայտվի։ Ինչո՞ւ է դա թույլատրելի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների համար։ Ինձ համար դա անհակսանալի է, ես դա գնահատում եմ որպես ատելության խոսքի հետևանք։ Նա իրավունք չունի ատելության խոսքի մասին խոսել»,-ասաց Ալեքսանյանը։
Պատգամավորի այս հայտարարություններն ու որակումները լրագրողական համայնքի կողմից խիստ քննադատաության արժանացավ, համայնքի որոշ ներկայացուցիչներ առաջարկում էին չլուսաբանել իշխող ուժի գործունեությունը առհասարակ։ Հարցին, թե ինչ քայլեր պետք է անեն լրագրողները, Ալեքսանյանը պատասխանեց, որ լրագրողական համայնք, որպես այդպիսին, չկա Հայաստանում։
«Իհարկե մամուլը նույնպես պետք է իրեն քիչ թե շատ զուսպ պահի, բայց միևնույնն է իշխանության ներկայացուցիչների կողմից այդպիսի բառապաշարով արտահայտվելը անընդունելի է և դատապարտելի է։ Իսկ Վահագն Ալեքսանյանը բացարձակ ազատություն ունի շարունակաբար այդպիսի արտահայտություններ անելու։ Նրա մանդատը նվիրված է հենց այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար։ Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի, այդպես իրեն պահելու։
Իշխանությունը պետք է լինի այն վերահսկող ուժը, որը պետք է վերահսկի անթույլատրելին։ Հենց ինքը պետք է վերահսկի, որ հնչի նորմալ խոսք։ Հենց ինքը չպետք է թույլ տա, որ ատելության խոսք հնչի, բայց ոչ այդ ձևով, ոչ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ Պարզապես ցածր որակ եմ համարում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։