Լրագրողատյացությունը՝ ընդդիմության եւ իշխանության միավորող գործոն. խոսքի ազատությունը լավ է, երբ միայն դու ես քննադատում, ոչ թե քեզ
Վերլուծական
Վերջերս պատիվ ունեցա հյուրընկալվել մի լսարանում, որտեղ հավաքվել էին իրավապահ համակարգի ներկա եւ ապագա աշխատակիցներ, քննարկում էինք լրատվամիջոցների աշխատանքը, լրագրող-հասարակություն հարաբերություններին առնչվող հարցեր։
Քանի որ ի սկզբանե գիտեի, որ լրագրողները մեր հասարակությանը ամենասիրված եւ ամենաընդունված կոնտինգենտը չեն, ամենեւին էլ նպատակահարմար չէր երկար-բարակ խոսել այն բարդ եւ ծանր աշխատանքի մասին, որ կատարում ենք մենք։ Եւ առհասարակ, մեր մասնագիտական գործունեության խնդիրների մասին խոսելու, տրտնջալու սովորություն չունեմ, քանի որ նախ բոլոր մասնագիտությունները իրենց դժվարությունները ունեն եւ երկրորդ՝ ընտրության հարց է, բարդ է, դժվար է, չես կարող, մի աշխատիր...։
Հանդիպումը անցավ բավականին թեժ մթնոլորտում, մեղադրեցին, անիծեցին, հայհոյեցին լրագրողներին, փորձեցի բացատրել պատճառահետեւանքային կապերը, թե որ խնդիրը ինչի հետեւանք է, ինչպես կարելի է վերացնել եւ այլն, թեեւ վստահ եմ՝ դրանից լրագրողների նկատմամբ բացասական վերաբերմունքը չփոխվեց...։
Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ մենք վաստակել ենք այն վերաբերմունքը, ինչ կա, ավելին՝ վերջին տարիներին լրագրողների՝ քաղաքականություն մտնելու եւ երկիրը «վարի տալու» արդյունքում չենք զարմանա, որ այս մասնագիտությունը ժամանակի ընթացքում համարվի խարան, արատ, լրագրողները Հայաստանում հայտարարվեն պերսոնա նոն գրատա՝ Ահեղ դատաստանի օրը հարցնեն՝ «լրագրող ես, կարող ես ընտրություն կատարել կյանքդ ավարտելու ձեւերի մեջ»։
Լրագրողներին եւ լրատվամիջոցներին քննադատելու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներին թերեւս մեկ այլ առիթով անդրադառնամ, գուցե կարելի է քննարկել նաեւ լուծման ուղիներ օրենսդրական եւ էթիկայի փոփոխությունների միջոցով։ Համենայն դեպս՝ մեր նկատմամբ վատ վերաբերմունքը ամենեւին էլ չի փոխվի, եթե հաշվի չնստենք դրա հետ եւ փորձենք հասկանալ մեր սխալները։
Բայց երկու օր է՝ դավադիր մտքերը հանգիստ չեն տալիս ինձ, իսկ ովքեր են քննադատում լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ինչ են պահանջում եւ ակնկալում, ինչու են քննադատում։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ երկրում ամեն ինչ այնքան կատարյալ եւ լավ է, որ համայն ներդաշնակությունը փչացնողները լրագրողներն են։
Լրագրողների եւ լրատվամիջոցների բոլոր ժամանակների ամենասուր քննադատները քաղաքական համակարգի տարրերն են՝ ի դեմս կուսակցությունների, գործիչների։ Ընդ որում՝ եթե հանկարծ որեւէ մեկը համարձակվի հայտարարել, թե ինքը հանդուրժող է, ժողովրդավար, կողմ քննադատությանը, կարող եք շատ արագ համոզվել դրանում, բավական է ասել «աչքիդ վերեւը ունք կա» եւ հանդուրժողության մաստեր-կլասս, քո ուղղությամբ կթռչեն շշեր, աթոռներ, կոշիկներ։
Հիմա ինչպես կվերաբերեիք մի գործչի, ով զանգում է խմբագրություն եւ հայտարարում՝ «եթե նկարս չփոխեք, ես դա կդիտարկեմ վիրավորանք եւ այլեւս հարցազրույց չեմ տա»։ Ընդ որում՝ տեղադրված լուսանկարն էլ բավականին նորմալ, էսթետիկ եւ գեղանի է՝ որոնողական համակարգով բերած մի պատահական նկար՝ առանց ենթատեքստի։ Հիմա կարող էր այս պաշտոնյան զանգել եւ մարդկային առումով խնդրել փոխել նկարը, քանի որ չի հավանում իրեն այդ նկարում՝ իհարկե կարող էր։ Բայց ոչ, նա արդեն մանդատ ունի՝ ժողովրդից ստացած եւ իրեն թույլ է տալիս սպառնալ լրատվամիջոցին հարցազրույց չտալով՝ չմտածելով, որ հարցազրույց տալը առաջին հերթին իրեն է պետք լուսանցք չմղվելու համար։ Եւ երկրորդ՝ ինչպես կարող է մարդ իր լուսանկարը վիրավորանք համարել, երբ դա իր կյանքն է, իր անցյալը, դա ինքն է...իսկ մեզ համար նման սահմանափակ մտածելակերպով եւ ոչ ադեկվատ պահելաձեւով ազգընտիրներ ունենալն է վիրավորանք։
Երկրորդ, ինչպե՞ս կվերաբերեք մի քաղաքական ուժի, ով երկու օր շարունակ բոլոր հնարավոր եւ անհնար խողովակներով տեռոր է անում լրատվամիջոցին իրենց կուսակցությունում առկա խմորումների մասին լուրը հրապարակելու համար։ Հիմա եթե լուրը սուտ է, կուսակցությունում համերաշխ մթնոլորտ է, ինչու է այդ ուժը ցնցումների մեջ, չէ որ համապատասխան մեկնաբանությունը նյութում ընդգրկված է, եթե լուրը ճիշտ է, բայց չէին ցանկանում հանրայնանա, նորից հարցը նույնն է՝ ինչու են ցնցումների մեջ, չէ որ արդեն հանրայնացել է եւ ոչ թե պետք է լուրի դեմ կռվել, այլ եռանդը, էներգիան վատնել սեփական կուսակցության խնդիրները լուծելուն...այլապես հեշտ է ասել անգրագետ, հիմար, բամբասկոտ, տգետ, մանիպուլյատիվ նյութ եւ համարել կուսակցական պարտականությունը կատարած։ Սեփական խնդիրները չտեսնելը, դրանց հետ հաշվի չնստելն էլ կործանում է մարդուն, որովհետեւ խնդրի լուծումը սկսում է նախեւառաջ այդ խնդիրը ճանաչելուց։
Երրորդ՝ ինչպես կվերաբերեք հանրային, քաղաքական գործիչների մի կատեգորիայի, որոնք պարապ նստած են ֆեյսբուքում եւ դատարկ դագաղ են փնտրում մեջը մտնելու համար՝ ինչ-որ շրջանակների, անձանց իրենց ծառայությունները առաջարկելու, պատրաստակամությունը ցուցադրելու համար։ Ընդ որում՝ այս ամենը անում են գռեհիկ, գարշահոտություն տարածող ձեւով՝ իրենց կողմից առաջարկվող ծառայությունների որակը ցուցադրելով։
Չորրորդ ինչպես կվերաբերեք մի ընդդիմության, ով ամբողջ օրը մեղադրում է իշխանությանը անհանդուրժող լինելու մեջ, բայց ինքը եւս ուղնուծուծով անհանդուրժող է՝ զրո քննադատություն ընդունող։ Այն, որ իշխանությունն է տոտալ անհանդուրժող, նորություն չէ, բայց փաստորեն եթե անգամ քաղաքական ուժերը տեղերով փոխվեն դրանից խոսքի ազատության վիճակը ամենեւին էլ չի վատանա։
Հինգերորդ՝ ինչպես կվերաբերեք այն ընթերցողներին, որոնք լրատվամիջոցներում կարդում են միայն ժամանցային նյութեր՝ աստղերի, սեքսի, դիետայի մասին, միեւնույն ժամանակ ամեն անգամ անհասկանալի լեզվով հայհոյում են «անմակարդակ» լրագրողներին հիմար նյութեր գրելու համար, ընդ որում՝ նրանք մակարդակը անգերազանցելի է միայն հայհոյանքների, վիրավորանքների, անեծքների բառարանը լավագույնս տիրապետելու առումով։
Ահա նրանք բոլորը մեր լրագրողներիս կյանքի անբաժան ուղեկիցներն են՝ մեզ հայհոյողները եւ անիծողները, ում միավորում է լրագրողների նկատմամբ ատելությունը եւ թշնամանքը, մարդիկ, որոնց հետ մենք ստիպված ենք շփվել եւ լուսաբանել, որովհետեւ ստանձնել ենք հանրությանը տեղեկացնելու բարձր առաքելությունը։
Մենք շարունակում ենք լուռ աշխատել, նրանք շարունակում են հայհոյել, վիրավորել, սպառնալ եւ դժգոհել լրատվամիջոցներից՝ միեւնույն ժամանակ կես ժամը մեկ խոսելով, թե ինչքան զարգացած, հանդուրժող, ժողովրդավար են՝ նոր քաղաքական մշակույթի կրող, գերպրոֆեսիոնալ եւ գերմարդկային։ Ահա նրանք են մեր հասարակությունը, մեր կյանքի որակը փոխողները, երկրի ապագան որոշողները, հետեւաբար՝ քանի ինքներս մեզ չենք փոխել, չենք կարող իրավիճակի մեջ բեկում մտցնել։