Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան
Քաղաքական
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ասաց, որ այս քայլը տեղավորում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում։
«Դրանք միտում ունեն տպավորություն ստեղծելու, թե Հայաստանի հանդեպ թուրքական թշնամական քաղաքականությունը փոխվել է և նրանք անում են դրական քայլեր, բայց մինչ այժմ եղած քայլերը կամ իմիտացիոն քայլեր են, կամ այսպես ասած հին խնդիրների նոր փաթեթավորմամբ ներկայացնելը։ Մասնավորապես, Երևան-Սատամբուլ չվերթը, որը ներկայացնում են որպես դրական նոր քայլ։ Դա որևէ նորույթ իր մեջ չի պարունակում, որովհետև տարիներ շարունակ Երևան-Ստամբուլ չվերթ եղել է»,- ասաց թուրքագետը։
Նա նաև նշեց, որ փոխվել է Թուրքիայի հռետորաբանության մեջ վերաբերմունքը ՀՀ Արտգործնախարարի նկատմամբ. Չավուշօղլուն նրան անվանում է՝ «իմ ընկեր»։
«Շատ դրական են գնահատում նաև բանագնացների հանդիպումը և այլն՝ չասելով, որ ի երջո այս ամբողջ հանդիպումները լինելու են հայտնի նախապայմանների շրջանականերում։ Դրա ամենակարևոր աացույցներից է այն, որ Թուրքիան անընդհատ կրկնում է, որ առանց Ասրբեջանի շահերը հաշվի առնելու ոչ մի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում չի լինելու, իսկ Ադրբեջանի ամենաառաջնային շահը Արցախի դե-յուրե օկուպացիան է, այսինքն՝ Արցախը Ադրբեջանի տարածքում ճանաչելու խնդիրները պետք է պարտադրի Հայաստանին»,- ասաց Մելքոնյանը։
Ըստ թուրքագետի՝ այս նույն շարքերում է նաև սա, որ Թուրքիան՝ որպես բարի կամքի դրսևորում Հայաստանին հրավիրում է։
«Ինչ խոսք՝ այդ ֆորումը և առհասարակ դիվանագիտական ֆոռւմները հետաքրքիր են, կարևոր են, բայց դա ներկայացնել որպես Հայաստանի հանդեպ բարի կամքի դրսևորում և նմանատիպ կեղծ արևելության շողոքորթությունների շնորհիվ հասնել նրան, որ Հայաստանը հրաշարվի իր կարևոր կարմիր գծերից՝ Արցախի հարցից, Ցեղասպանության հարցից և այլն, ես դա չեմ համարում ձեռքբերում և չեմ համարում հայաստանանպաստ ինչ-որ քայլ։ Եթե դա լիներ այլ կոնտեքստում, միգուցե, հետաքրքիր լիներ»,- ասաց Մելքոնյանը։
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ քննարկվում է այդ ֆորումին մասնակցության նպատակահարմարությունը։ Թուրքագետի կարծիքով՝ այս փոխադարձ դրական մեսիջների համատեքստում, որ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, սպասելի կլինի, կամ ընկալելի կլինի, որ Հայաստանը այս հրավերը ընդունի։
Արփինե Պետրոսյան